Երևանում բնակչության թիվն աճել է․ ի՞նչ անուններով են կոչել այս տարի ծնված տղաներին ու աղջիկներին

Երևանում բնակչության թիվն աճել է․ ի՞նչ անուններով են կոչել այս տարի ծնված տղաներին ու աղջիկներին
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հերթական տվյալները՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ՀՀ մշտական բնակչությունը շարունակում է նվազել։ 2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 969.8 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 894.4 հազ.մարդ եւ գյուղականը`1 075.4 հազ. մարդ:



Նախորդ՝ 2017 թ․ հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը 2 979.9 հազ․ մարդ էր, մասնավորապես քաղաքայինը՝ 1 898.0 , գյուղականը՝ հազ․ մարդ։ Նկատենք, որ քաղաքային բնակչության թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է։ Մասնավոապես Երեւան քաղաքում նախորդ տարի հուլիսի 1-ի դրությամբ բնակվում էր 1 075.1 հազ․ մարդ, այս տարի՝ 1 077.6 հազ․ մարդ։ Ըստ ԱՎԿ-ի՝ 2018թ. հունվար-հունիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 123.5%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 118.4%-ի համեմատ:



Ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը 2018թ. հունվար-հունիսին կազմել է 111.7 տղա՝ 100 աղջկա հաշվով: 2018թ. հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք, իսկ մայրական մահացության գործակիցը կազմել է 18.5 միավոր, 2017թ. հունվար-հունիսի` 11.6-ի համեմատ: Հանրապետությունում 2018թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 282 դեպք` 2017թ. հունվար-հունիսին արձանագրված 269 դեպքի համեմատ:



Նշենք, որ նորածիններին տրվող անունների վերաբերյալ ԱՎԿ-ն նույնպես ուշագրավ վիճակագրություն է հրապարակել։ Մասնավորապես 2018 թ․ հունվար-հունիս ամիսներին ծնվել է 7 648 աղջիկ, 8 541 տղա։ Իգական սեռի նորածիններին ամենաշատը անվանակոչել են Նարե անունով (299), ինչպես նաեւ Մարիա, Մարի, Մանե, Էլեն, Անահիտ, Անգելիա։ Ցանկը եզրափակում են Լիա, Գոհար, Լիկա անունները։ Արական սեռի նորածիններին ամենաշատը անվանակոչել են Դավիթ (645), Նարեկ, Մարկ, Տիգրան, Ալեքս, Հայկ Արթուր Գոռ, Արսեն, ինչպես նաեւ՝ Լեւոն, Ռոբերտ, Մոնթե։ Ցանկը եզրափակում են Էդգար,Գարիկ, Էդուարդ անունները։