Քաղաքագրություն. Մելիքսեթ Վարդապետը և Աբրահամ Երևանցին

Քաղաքագրություն. Մելիքսեթ Վարդապետը և Աբրահամ Երևանցին
16-18 դարերի Երևանը տվել է մի քանի նշանավոր պատմագիրներ և մշակույթի գործիչներ՝ Մելքիսեթ Երևանցի, Աբրահամ Երևանցի, Ոսկան Երևանցի, Սիմեոն Երևանցի և այլք։ Երևանում հաճախ էին լինում Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Սարկավագ Քանաքեռցին, Զաքարիա Ագուլեցին, Աբրահամ Կրետացին և ուրիշներ։



Մելքիսեթ վարդապետը ծնվել է Վժան գյուղում, բայց երկար ժամանակ ապրել է Երևանում և այդ պատճառով էլ նա կոչվել է Երևանցի։ Նրա կյանքի մասին մի հակիրճ, բայց որոշակի ու համակողմանի հիշատակություն ունի Առաքել Դավրիժեցին։ Նա գրում է. «Եւ եղև վախճան բազմաշխատ վարդապետիս Մելքիսէթի յԵրևան քաղաքի, ի վասն դամբարանի սրբոյ առաքելոյն Անանիայի, և տարեալ զնա ի հանգիստն հասարակաց՝ ի բլուրն, որ անունանեն Կոզեռ. զի վասն գերեզմանի որ անդ է՝ այսպէս կոչեն զբլուրն, և անդ մերձ գերեզմանի Կոզեռ վարդապետին պատրաստեցին հանգիստ, և անդ հանգուցին զպատուական և զսուրբանունդ նշխարհս մարմնոյն նորա, և գրեցին զանուն ի վերայ տապանին. և եղև վախճան սորին ի ՌՁ (1631) թուականին մերում։ Եւ ի ըսկիզբն ճառիս զոր ի կարգս վարդապետացն յիշեցաք զԳաւառացի Բարսեղ վարդապետն, և որին աշակերտ Մոկացի բեղլու Ներսէսն, և սորին աշակերտ Երևանցի Մելքիսէթն ի Վժան գեղջէ. այն Մելքիսէթն այս է՝ զորոյ զպատմութիւն ճառեցաք»։



Առաքել Դավրիժեցու այդ վկայությունից պարզվում է, որ Մելքիսեթ վարդապետը ծնվել է Վժան գյուղում, Ամրդոլա վանքում աշակերտել է արտաքին գիտությունների ուսուցիչ՝ Բեղլու մականունը կրող Ներսես Մոկացի վարդապետին։ Նա չի բավարարվել միայն իր ուսուցչի տվածով, ինքնուրույն կերպով զարգացրել է գիտության այդ ճյուղը՝ բավական երկար ժամանակ վարելով ճգնավորական կյանք, խորանալով տոմարագիտական, քերականական, փիլիսոփայական հարցերում և Էջմիածնում ու Երևանում զբաղվելով քարոզչական ու դասախոսական աշխատանքով։ Նրա աշակերտներից առանձնապես հայտնի են Սիմեոն Ջուղայեցին և Ոսկան Երևանցին, որի մասին խոսք կլինի քիչ հետո։ Դրանք երկուսն էլ Մելքիսեթ վարդապետին աշակերտել են Երևանում՝ ս. Անանիա անապատում։ Գիտնական-վարժապետը մահացել է Երևանում՝ ս. Անանիա վանքում, 1631 թվականին և թաղվել Կոզեռնի գերեզմանատանը, Հովհաննես Կոզեռն հայտնի վարդապետի մոտ։ Նրա ինքնուրույն աշխատություններից հայտնի է «Պատմութիւն Յովհաննու եպիսկոպոսի» խորագիրը կրող երկը, որի մասին բավական մանրամասնությամբ խոսում է Առաքել Դավրիժեցին։ Վերջապես պետք է նշել, որ Մելքիսեթ վարդապետը Մովսես Սյունեցու հիմնած Երևանի ս. Անանիա անապատի դպրոցի հայտնի ներկայացուցիչներից մեկն էր, նշանավոր և´ որպես ուսուցիչ, և՛ որպես ստեղծագործող։



Մելքիսեթից մոտ 100 տարի հետո է ապրել հայտնի պատմագիր Աբրահամ Երևանցին։ Նա իր մասին կենսագրական տեղեկություններ չի հաղորդել։ Նրա կյանքի վերաբերյալ ընղհանրապես հիշատակություններ չկան։ Միայն հայտնի է, որ նա երևանցի պատմագիր է, ապրել է 18-րդ դարում և գրել է «Պատմութիւն պատերազմացն 1721—1736թթ» վերնադիրը կրող պատմագրական երկը։ Նրա այդ աշխատությունը, որ ձեռագիր վիճակում պահվում է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում, երկար ժամանակ հայագիտության լայն շրջանների համար մնում էր անհայտ։ Այդ ձեռագրից անցյալ դարի վերջերին օգտվել է Ղ. Ալիշանն իր «Այրարատ» աշխատությունը գրելիս։ 1908 թվականին դրան ծանոթացել է նաև Լեոն և օգտագործել իր մի քանի աշխատություններում։ Լեոն այդ ձեռագրի պատճենը 1928 թվականին նվիրել է Ազգագրական ընկերության մատենադարանին, և իբրև 18–րդ դարի մեր ժողովրդի պատմության ուշադրության արժանի երկ ԽՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի պատմա-հնագիտական սեկտորն այն հրատարակել է 1938 թվականին՝ «Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թթ.» վերնագրով։ Աբրահամ Երևանցու այդ պատմությունը ընդգրկում է մոտ 17 տարվա մի ժամանակաշրջան՝ աֆղանների դեպի Պարսկաստան կատարած արշավանքից մինչև Նադիր-շահի թագավորությունը։ Դրանում հետաքրքիր շատ տեղեկություններ կան հայ-թուրքական, վիրա-թուրքական, աֆղանա-պարսկական, թուրք-պարսկական հարաբերությունների և տեղի ունեցած պատերազմների վերաբերյալ։ Աբրահամ Երևանցին իր այդ աշխատության մեջ մանրամասն նկարագրել է մեր մայրաքաղաքի ու նրա շրջակայքի գյուղերի բնակիչների 1724 թվականի հերոսական պաշտպանությունը թուրքական զավթիչներից։ Դրանում տրված են քաղաքի տեղագրությանը, թաղերին, բնակչությանը, բերդին, նրա կայազորին, պարսից խաներին վերաբերող մանրամասնություններ։ Նույնպիսի ճշմարտությամբ և մանրամասնությամբ են նկարագրված նաև Երևանի պաշտպանությանն անմիջապես նախորդած Կարբիի դեպքերը:



**Թ.Խ. Հակոբյան. «Երևանի Պատմությունը»**



Պատրաստեց **Արամ Պաչյանը**