Նոր կառավարության անդամները երկուսուկես ամսում շուրջ 50 գործուղման են մեկնել

Նոր կառավարության անդամները երկուսուկես ամսում շուրջ 50 գործուղման են մեկնել
Կառավարության անդամների արտասահմանյան գործուղումների հարցը հանրային քննարկումների օրակարգում է՝ օպերատիվ կառավարման ռեժիմում գտնվող կառավարությունն արդյոք իրեն պե՞տք է թույլ տա արտասահմանյան վոյաժներ այն դեպքում, երբ հրամայական է բյուջետային միջոցները հնարավորինս տնտեսելը, դրանք հրատապ խնդիրների լուծմանն ուղղելը: Նշենք, որ կառավարության մայիսի 17-ի նիստում, երբ հեղափոխականները դեռ իրենց վրայից թափ չէին տվել «մերժումների փոշին», կրթության եւ գիտության նախարարը մերժողական դիրքերից հանդես եկավ գործուղումների թեմայով՝ առաջարկելով ուշադրություն դարձնել այդ հարցին, քանի որ գործուղումները երբեմն տուրիստական շրջագայությունների ու էքսկուրսիաների են վերածվում:



Մենք ուսումնասիրեցինք կառավարության անդամների անցած մոտ երկուսուկես ամսվա գործուղումները, պարզվեց, որ 49 գործուղման հաշվետվություն կա ներկայացված կառավարության պաշտոնական կայքում: Երկրները, ուր մեկնել են կառավարության անդամները, եղել են մասնավորապես Դանիան, Սլովակիան, Գերմանիան, Վրաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Թուրքիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Իրանը: Ամենաշատը գործուղվել են ՌԴ՝ 8 գործուղում կառավարության տարբեր անդամների կողմից: Մենք աչքի անցկացրինք կառավարության կայքում զետեղված հաշվետվությունները, վերջինը վերաբերում է ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանի գործուղմանը: Նա հասցրել է 2 գործուղման մեկնել, երկուսն էլ՝ «թագավորական» երկրներ․ մեկը (հունիսի 18-20-ը)՝ Բելգիայի Թագավորություն, մյուսը (հուլիսի 9-10-ը)՝ Թաիլանդի Թագավորություն: Բելգիայի Թագավորություն գործուղման ընթացքում կայացել է Արեւելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի հանդիպումը՝ «Շարժունություն եւ ժողովուրդների միջեւ կապ» թեմայով: ԿԳ նախարարի տեղակալի մյուս գործուղման նպատակն էլ եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական խորհրդատվական հանդիպմանը մասնակցելը՝ «Կրթության կայուն զարգացման համար ծրագրի ապագան» թեմայի շուրջ: Գործուղման շրջանակներում, ըստ հաշվետվության, հանդիպում է եղել մասնավորապես Անանթա Դյուրայապահի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մահաթմա Գանդիի Կրթություն՝ հանուն խաղաղության եւ կայուն զարգացման ինստիտուտի տնօրենի հետ: Նրա հետ «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս կցուցաբերի իր աջակցությունը Հայաստանում կրթական ծրագրի վերանայման ժամանակ կոմպետենտ նյարդաբան-փորձագետներին Հայաստան հրավիրելու գործում»,-մասնավորապես ասված է հաշվետվության մեջ:



Այս ընթացքում 2 անգամ գործուղման է մեկնել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկու անգամ՝ վերջինիս տեղակալ Վիգեն Քոչարյանը, նույնքան էլ՝ դեռ մայիսի կեսերին, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Հայկ Հարությունյանը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ԱՄՆ է մեկնել հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 1-ը, մասնակցել է Վաշինգտոնում Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի շրջանակում կազմակերպված «Հայաստան. ստեղծելով տուն» ծրագրի պաշտոնական բացմանը: Ի դեպ, այս միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Մակունցի տեղակալ Նազենի Ղարիբյանն էլ հունիսի 18-21-ը Ղազախստան է մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների գիտական եւ ստեղծագործական մտավորականության 13-րդ համաժողովին: Հայկական պատվիրակության կազմում եղել է եւս 11 հոգի՝ մշակույթի նախարարի խորհրդականը, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանը եւ այլք, ինչպես նաեւ Հ1-ի լրատվական խումբը: Հաշվետվությունից մասնավորապես տեղեկանում ենք, որ մեր պատվիրակությունը շատ ակտիվ է մասնակցել համաժողովի աշխատանքներին, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Զաքարյանն էլ արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին:



Կառավարության անդամների գործուղումների նպատակների ցանկում, իհարկե, եղել է նաեւ ներդրումներ ներգրավելը: Այդպիսի նպատակ է ունեցել մասնավորապես առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գործուղումն Իտալիա: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Միրզոյանը հանդիպել է եվրոպաբնակ գործարարների, մասնավորապես՝ «Սարտիս» ընկերության ղեկավար Գագիկ Սարուխանյանի հետ, քննարկվել են կարի արտադրության հետագա զարգացման եւ իտալական հայտնի նորաձեւության տների հետ համագործակցության հարցերը: «Սա թույլ կտա լուծել Սյունիքում, Շիրակում եւ Լոռիում բնակվող մի քանի հարյուր կանանց զբաղվածության հարցը»,- ասված է հաշվետվության մեջ: Միրզոյանը հանդիպել է նաեւ «Ֆրանկ Մյուլլեր»-ի համասեփականատեր Վարդան Սըրմաքեշի հետ, քննարկել ՀՀ-ում ջրամբարների կառուցման, քաղաքային շինարարության, վերականգնվող էներգետիկայի, այդ թվում եւ աննախադեպ ծավալով արեւային էներգիայի արտադրության մեծացման հնարավորությունները: Ի դեպ, Սըրմաքեշը ողջ տարին Երեւանում է, եւ նրան հանդիպելու համար չարժեր հասնել Իտալիա։ Խոսվել է նաեւ «Հին Երեւան» բազմաչարչար նախագծի մասին, որի վրա ակտիվ աշխատանքներ են ընթանում (նկատենք, որ Սըրմաքեշը մասնավորապես կարի ատադրության ոլորտում եւս ներդրումային ծրագրեր էր խոստանում իրականացնել Շիրակի մարզում՝ ի դեմս «ՍԱՍՏԵՔՍ»-ի, աշխատատեղեր բացել, սակայն խոստումների չնչին տոկոսն է նյութականացվել, ընկերությունը նույնիսկ միլիոնների հասնող պարտքեր ուներ շինարարներին ու շինանյութի խանութներին): Ուշագրավ է հաշվետվության վերջին պարբերությունը. «Բոլոր հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին խնդրել եմ արձանագրել եւ նաեւ փոխանցել իրենց միջազգային գործընկերներին, որ ՀՀ-ում իրապես ազատ ու մրցակցային տնտեսության կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու դատական համակարգի անկախացումը միանգամայն նոր, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում ՀՀ-ում լուրջ բիզնես գործունեություն ծավալելու համար»: Նկատենք, որ այս այցի ծախսերը հոգացել է հրավիրող կողմը:



Միրզոյանը, ի դեպ, գործուղվողների շարքում լիդեր է․ բացի Իտալիայից, գործուղվել է նաեւ Տաջիկստան եւ ԱՄՆ: Մասնավորապես վերջին գործուղման շուրջ բուռն քննարկվում է սոցկայքերում, եւ շատերն են կասկածի տակ առել այդ այցի արդյունավետությունն ու ակնկալվող արդյունքները: Միրզոյանն էլ արձագանքել է, թե այցի իմաստի, օգուտների եւ վնասների մասին կարելի է դատել, երբ ինքն առաջիկա օրերին ներկայացնի համապատասխան հաշվետվություն: Նշենք, որ ժամանակ առաջ, անդրադառնալով իր Դուշանբե գործուղմանը, նշել էր, թե «կան ծախսեր, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման ապարատի արդյունավետ աշխատանքի համար»:



Մի մանրամասն եւս․ 2018 թ․ բյուջեում 105 մլն դրամով ավելացվել են գործուղումների եւ շրջագայությունների գծով ծախսերը:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**