Միջադեպը անփութության արդյունք է եղել. 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել

Միջադեպը անփութության արդյունք է եղել. 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր՝ հուլիսի 18-ին, հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը:



«Այսօր հանդիպեցի 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:



Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն խնդրեց եւ նշեց, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետը։



Ալեքսեյ Պոլյուխովիչն ասել է. «Ես վստահեցնում եմ ձեզ, պարոն մարզպետ, որ այսուհետ նման բացթողում մեր աշխատանքներում չի լինի, զորավարժանքներն անցկացվել են ռազմաբազայի մարտական պատրաստվածության բարձրացման նպատակով: Մենք հասկանում ենք, որ ազգաբնակչությունը անհանգստացել ու վախեցել է, ընդունում ենք, որ թերացել ենք ու հավուր պատշաճի չի տեղեկացվել համայնքը: Անցկացնելու ենք ծառայողական քննություն եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:



Շիրակի մարզպետը կարեւորել է աշխատանքներում համագործակցությունը եւ անցկացվելիք վարժանքների մասին ժամանակին ու պատշաճ տեղեկացումը, որպեսզի այսուհետ նման միջադեպերը բացառվեն: Ըստ Ալեքսեյ Պոլյուխովիչի՝ ռազմաբազան առաջիկայում անցկացնելու է բաց դռների օր, բնակիչները հնարավորություն են ունենալու շփվելու եւ ծանոթանալու բազայում իրականացվող աշխատանքներին:



Կարեն Սարուխանյանը ռազմաբազայի հրամանատարի տեղակալի հետ զրույցում կարեւորել է նաեւ Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացման, ինչպես նաեւ «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման խնդրի լուծումը: Ալեքսեյ Պոլյուխովիչը վստահեցրել է, որ բարձրացված հարցերի վերաբերյալ կզեկուցի 102-րդ ռազմաբազայի հրամանատարին եւ մարզպետի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավորություն կլինի զրուցել դրանց լուծման համար ձեռնարկված քայլերի մասին:



Նշենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները [կրակոցների](https://www.hraparak.am/posts/5b4e43711b95c206c5c66e67/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-102%D6%80%D5%A4-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D6%83%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BD%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D6%83%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) ու պայթյունների ձայներ են լսել, որոշ ժամանակ անց պարզել են, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են: Վերջիններս առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: