Ալիևի վախերը և մենք

Ալիևի վախերը և մենք
Փաշինյանին կպնելը, նրան սուր քննադատելը, իմ կարծիքով, հիմա ճիշտ չէ: Հեղափոխության օրերն ուրիշ էին, մեր օրերը՝ ուրիշ: Թերթերը սկսել են բզբզել, իսկ որոշ անխելք վերլուծաբաններ էլ, ինչ լինի, Փաշինյանին են վերագրում` առանց երեւույթների խորքը նայելու, առանց այդ ամեն ինչի պատճառահետեւանքային կապերը հասկանալու: Եթե կուզեք` այսօր մեր խնդիրն է Փաշինյանին պաշտպանելը, նրան իր շրջապատի ազդեցությունից ապահովագրելը: Սա կարեւոր է նաեւ Հայաստանում սկսված բարեփոխումների շարունակականությունը ճիշտ հունի մեջ պահելու առումով, որովհետեւ, ինչպես արդեն քանիցս համոզվեցինք, հենց Փաշինյանի կողքին կարող են այնպիսի բաներ տեղի ունենալ, որոնք ի զորու են գրողի ծոցն ուղարկել թե՛ շարժումը եւ թե՛ բարեփոխումների գործընթացն ընդհանրապես:



Նիկոլ Փաշինյանը, սակայն, պետք է մեզ օգնի այս հարցում, այլապես մեզ չի հաջողվի կանգնեցնել բիրդան հեղափոխականների այս հարձակումը, որն ուղղված է ազգային արժեքների, արցախյան հին ու նոր պատերազմների հերոսների, դպրոցների, բուհերի, մշակույթի եւ հոգեւոր ոլորտի, ընդհուպ` համազգային տխրության տուն դարձած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վրա: Բաներ կան, որ չի կարելի պղծել, եթե, իհարկե, մենք սա համարում ենք հեղափոխություն եւ ոչ թե «բոլշեւիկյան ավանտյուրա»:



Փաշինյանը, վստահաբար, միայն ֆեյսբուքյան մակարդակով գիտի, թե ինչով են զբաղված իր նշանակած առանձին նախարարներ: Կարծում եմ` ժամանակն է, որ վարչապետը լուրջ ստուգայց կատարի նախարարություններով եւ սեփական զգայարաններով զգա դրանցում տիրող մթնոլորտը, հանդիպի եւ զրուցի, ասենք, «հին» աշխատողների հետ, տեսնի «նորերին», որոնցով նորանշանակ նախարարները լցրել են գերատեսչություններում եղած բոլոր անկյունները: Ո՞րն է, օրինակ, շարքային «հին» աշխատակիցների մեղքը, որ հալածվում են նոր «շեֆի»` մի մարդու կողմից, որ իրեն վստահված ոլորտում երկու էշի գարի ջոկել չի կարողանում: Սա նույնիսկ արդեն թաքցնել չի լինում, քանի որ չափազանց խոսուն են այդ «շեֆերի» ֆեյսբուքյան հանրամատչելի գրառումներն ու ձեռնարկները: Անուններ չեմ տալիս մի պարզ պատճառով` բոլորն են նրանց ճանաչում: Ճանաչում են նաեւ նրանց տեղակալներին, խոսնակներին ու լավ վճարվող հաստիքների վրա նստացրած մերձավորներին:



Փաշինյանն ասում է` եթե մերոնցական էլ լինի պաշտոնը չարաշահողը, աչք չենք փակելու: Ես էլ դա եմ ասում, պարոն Փաշինյան, գնա եւ քո աչքով տես, թե բարոյահոգեբանական ինչպիսի պայմաններում են աշխատում տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք, եթե դեռ շարունակում են աշխատել, ապա միայն նվիրվածության հաշվին, «սաբոտաժնիկ» չկոչվելու եւ իրենց երեխայի համար մի կտոր հաց վաստակելու համար: Ինչո՞ւ այդքան մարդու համար մի նախարարի պատճառով հեղափոխությունը դարձնել «խեղափոխություն»:



«Պարոն Ալիեւը ոնց որ թե վախեր ունի, որ ՀՀ-ի ժողովրդավարական գործընթացներով Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգեւորվել»,- այսպիսի երազանքով է ապրում մեր վարչապետը: Հեղափոխության հաղթանակի առաջին օրերին գուցե դա այդպես էր: Իսկ հիմա՞: Ադրբեջանում, եթե մի մոլլայի բան ասեն, իսկույն բանտում կհայտնվեն: Հիմա մեր ժողովրդավարական գործընթացում մի քանի հերձվածող, խաժամուժը հետեւից գցած, մտնում է Մայր Աթոռ ու պղծում ամեն ինչ, կաթողիկոսի ճանապարհ են փակում, «հու-հու» անում նրան: Փաշինյանը չի միջամտում, բայց, փառք Աստծո, արդեն հասել է այն գիտակցությանը, որ պետք է ուսումնասիրել եւ տեսնել` «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման կողմնակիցները գծերն անցե՞լ են, թե՞ դեռ տեղ ունեն «հու-հու» անելու: Ուրիշ է՞լ ինչ պետք է անեն, որ համարենք գիծն անցել են. քա՞ր նետեն Վեհափառի վրա, խաչե՞ն նրան: Ի՞նչ են մտածում հիմա մեր մյուս կաթողիկոսությունում, սփյուռքյան թեմերում, մեզ, արդյոք, դաս չեղա՞վ Պոլսի հայոց եկեղեցին, որն այսօր լաթ է դարձել Էրդողանի ձեռքին: Ո՞վ քանդեց այն: Դարձյալ կղերականները` իրենց անմիաբանության պատճառով, բայց դրանից տուժեց Թուրքիո ծպտյալ, թաքուն եւ բացահայտ հայությունը: Ո՞վ է Սբ Էջմիածնի դեմ այս խժդժությունների շահառուն: Մի՞թե նոր Հայաստանը, որի վարչապետը, ասացեք խնդրեմ, երկրի հանապազօրյա հոգսերը թողած, պետք է հետեւի այդ կործանարար թամաշային:



Բայց ո՞ր մեկի հետեւից հասնի վարչապետը, երբ ամեն տեղ «ժողովրդավարական» գործընթացներ են սկսել` սեռական փոքրամասնությունները՝ իրենց հերթին, աղանդավորներն` իրենց: Նորանշանակ պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, որ ինքը «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ է, դա է իր հավատը: Սա ի՞նչ է, ժողովրդավարությո՞ւն, թե՞ պետական պաշտոնն ի չարս գործադրելու բացահայտ եւ լկտի քայլ` հոգեորսություն, մարդկանց այդ աղանդի կողմը գրավելու փորձ: Վաղը մի նախարար էլ կարող է հայտարարել, որ ինքը գեյ է, եւ առանձնապես բան չկա դրա մեջ: Մի՞թե սրա համար է ժողովուրդը հեղափոխություն արել, մի՞թե սրանից է, որ Ալիեւը վախեր ունի: Այդ դեպքում ես հարգում եմ Ալիեւին, որ փորձում է իր ժողովրդին հեռու պահել նման «ժողովրդավարություններից»:



Կհանդգնի՞ Ալիեւի առաջին տեղակալի` Մեհրիբանի խոսնակը հայտարարել, որ ապրիլյան պատերազմի մասնակից ասքյարը չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում իր շուրջը: Բայց մեր առաջին փոխվարչապետի խոսնակը հերոս հայորդու մասին խոսում է որպես ոչ ադեկվատ երեխայի, որը, իբր, առանց հասկանալու է իրեն ու հակառակորդին պայթեցրել վերջին նռնակով: Ինչո՞ւ պետք է վարչապետն արդարանա այդ խոսնակի հայտարարությունների համար եւ պատմի հերոս զինվորի` Ռոբերտ Աբաջյանի հոր հետ իր հուզիչ հանդիպման մասին եւ հասկացնի, որ նման հերոսներով պետք է կրթել ու դաստիարակել երիտասարդներին:



Բարդ փուլ ենք մտել: Հիմա արդեն ԱԱԾ-ով ու ոստիկանությամբ հասարակություն չես կերակրի: Կարիք չկա հանդարտվող կրքերը կրկին բորբոքելու: Մենք պետք է նստենք ու տեսնենք` ուր ենք գնում կամ, որ ավելի ճիշտ կլինի, հասկանանք, թե ուր են տանում մեզ: Մեզ համար եղբայրասպան Ուկրաինան օրինակ չէ: Մենք արդեն իսկ համոզվեցինք, որ մեր գեղեցիկ աչքերը երաշխիք չեն Եվրոպայից եւ դրսի փողային կենտրոններց աջակցություն հուսալու համար, որ ՆԱՏՕ-ի հետ էպատաժային, ցցուն նիստուկացը լավագույն ճանապարհը չէ մեր անվտանգության: Մենք տեսնում ենք, որ մեզ փող են տալիս եկեղեցին քանդելու, աղանդավորությունն ու այլասերությունն արմատավորելու, Ցեղասպանության հետ կապված մեր հիշողությունը մթագնելու, ազգային արժեքներից հրաժարվելու համար: Ցավոք, սա արդեն հասնում է Արցախ: Ալիեւն այս ամենից միայն ուրախանում է, պարոն Փաշինյան:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**