Թավշյա հեղափոխության ցուցահանդեսը հետաքրքրել է սփյուռքահայերին

Թավշյա հեղափոխության ցուցահանդեսը հետաքրքրել է սփյուռքահայերին
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կարեւորում է մշակութային կյանքի ապակենտրոնացումը։ Այս մասին նա հայտարարեց «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով քննարկման ժամանակ։ Մշակութային կյանքը, ըստ նախարարի, չպետք է կենտրոնանա միայն Երեւանում։ Լիլիթ Մակունցը նշեց, որ պետք է ստեղծվի այնպիսի մարմին, որն, անկախ մշակույթի նախարարի փոփոխությունից, մշակի ռազմավարություն։ Քննարկման ժամանակ նախարարը հիշեց, որ մենք չունենք նաեւ գրաքննադատի ինստիտուտ, իսկ այդ կառույցը կարող է լավ ձեւաչափ լինել։ Նկարիչ Սամվել Սաղաթելյանն ասաց, որ պետք է արվեստագետներին աջակցող ֆոնդեր գործեն։



Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանն էլ հակադարձեց, որ մեր արվեստագետները միշտ դժգոհ են լինում նախարարներից, թե ինչի, օրինակ, մեկին տվեցին, այն մեկին՝ ոչ։ Անդրադառնալով նախարարին կից խորհրդի գաղափարին՝ «Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը նկատեց, որ այդ խորհրդի մարդիկ սովորաբար ամենաշատ փող ուտողներն են, որովհետեւ շաբաթը երեք անգամ հանդիպում են նախարարին։ Հետո նա ասաց, որ SNS-ի փորձագետներն առաջարկել են գալ Հայաստան, անվճար օրենք գրել կինոյի մասին, մերոնք չեն համաձայնել։ Նա կարեւորում է նաեւ ազատ արվեստագետի մասին օրենքը, որը կա ամբողջ աշխարհում։



Հարցին, թե ինչու որոշեցին թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես բացել պատմության թանգարանում, Լիլիթ Մակունցն արձագանքեց, որ այս փուլում սփյուռքահայերը շատ են հետաքրքրված Հայաստանի գործընթացներով։ Իսկ ցուցահանդեսն էլ կարեւոր օղակ է, որը նրանց հաղորդակից կդարձնի այդ ամենին։ Պատմության թանգարանի ընտրությունն էլ պատահական չէ, այնտեղ հաճախ են բացում ցուցահանդեսներ։ Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի արձանին, ապա Լիլիթ Մակունցը նշեց, որ այն տեղադրվել է՝ առանց հաշվի առնելու մշակույթի նախարարության կարծիքը։ Իսկ նախարարությունն էլ իր հերթին Երեւանի քաղաքապետարան կներկայացնի առաջարկություններ, թե որտեղ կարելի է տեղափոխել արձանը։