Վատ խորհրդատուի մասին

Վատ խորհրդատուի մասին
Կառավարության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որ առաջին նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպում, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական եւ ղարաբաղյան կարգավորման հետ կապված խնդիրներ: Մամուլում արդեն առաջին արձագանքներն են հայտնվել: Ի մասնավորի, lragir.am-ը մեկնաբանություն է հրապարակել, որի ենթատեքստում զգացվում է այդ հանդիպման վերաբերյալ հեղինակի ոչ այնքան դրական մոտեցումը: Հարցը դիտարկված է այն կտրվածքով, որ Հայաստանի երեք նախագահները ԼՂ խնդրում այս կամ այն ձեւով, չափով եւ նպատակադրվածությամբ ցուցաբերել են «պարտվողական» մոտեցում, ինչը հանգեցրել է «Ադրբեջանի իրավունքի լեգիտիմացմանը», որն էլ դարձել է ապրիլյան պատերազմի պատճառ:



Զարգացնելով տեսակետ, թե հայկական զինուժը եւ հանրությունը կանխել են «տարածքների նկատմամբ Ադրբեջանի իրավունքի իրացումը»՝ մեկնաբանը սահուն անցում է կատարում թավշյա հեղափոխությանը եւ այն համարում նոր իրավիճակում Հայաստանի ռազմաքաղաքական շահերի սպասարկման հնարավորություն եւ ի վերջո ամփոփում. «Դրա առանցքում պետք է լինի Արցախի առաջին պատերազմի արդյունքի պաշտպանության տրամաբանությունը…Եթե Հայաստանը կատարում է այդ դերը, ապա այն բավական արժեքավոր գործընկեր է դիտվում գործնականում բոլոր կենտրոնների համար՝ Արեւմուտքից մինչեւ Մոսկվա, Թեհրանից մինչեւ Պեկին: Եթե Հայաստանը հրաժարվում է այդ դերից, ապա դարձյալ Արեւմուտքից մինչեւ Մոսկվա, Թեհրանից մինչեւ Պեկին է դիտվում, բայց արդեն ոչ իբրեւ լուրջ գործընկեր, այլ իբրեւ գնդակ, ընդ որում դեռ պարզ չէ՝ միայն ֆուտբոլի՞ գնդակ՝ չարյաց փոքրագույնը, թե այն գնդակներից, որ սուրում են մարտական գործողությունների [ընթացքում]( https://www.lragir.am/2018/07/17/364980/ )»:



Հներն ասում էին՝ թուղթը չի կարմրում, թուղթն ամեն ինչ հանդուրժում է: Հիմա կարող ենք ասել, որ համակարգչի ստեղնաշարը թույլ է տալիս մտքի ամենաաներեւակայելի թռիչքներ անել: Մեկնաբանության հեղինակը փաստորեն վարչապետ Փաշինյանին խորհուրդ է տալիս չհետեւել առաջին նախագահի խորհուրդներին: Ավելին, նրա մատուցմամբ՝ Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաջարկություններից եւ խզի բանակցությունները: Միայն այդ ձեւով է հնարավոր պաշտպանել Արցախի առաջին պատերազմի արդյունքը: Բայց ի՞նչ կտա դա Հայաստանին: Արդյոք այդ դեպքում նա կդառնա բոլոր կենտրոնների գործընկե՞ր: Չափազանց դժվար է հավատալ: Մի քանի օր առաջ կենտրոններից մեկը՝ ՆԱՏՕ-ն, ամփոփիչ հռչակագիր ընդունեց, որտեղ դաշինքն անվերապահ աջակցություն է հայտնել գործընկեր երկրների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, իսկ հակամարտությունների կարգավորման հիմք անվանել ՄԱԿ-ի խարտիան եւ Հելսինկյան եզրափակիչ ակտը: Մյուս կենտրոնը՝ Ռուսաստանը, կողմ է, որ ԼՂ խնդիրը կարգավորվի փուլ առ փուլ:



Թեհրանի եւ Պեկինի մոտեցումների մասին, թերեւս, չարժե մանրամասնել: Սա է իրականությունը, որից ելքը բանակցություններն են, ոչ թե՝ մեկուսացումը: Կառավարությունն, իհարկե, մամուլի խորհրդատվությամբ չէ, որ պիտի առաջնորդվի: Բայց այս կարգի հրապարակումները կառավարության գործունեության շուրջ վատ ֆոն են ստեղծում, քանի որ հանրությանը մղում են չհիմնավորված սպասումների: Սեփական ժողովրդի հետ հարկ է անկեղծ լինել: Դա ավելի օգտակար է: Իսկ եթե ճշմարտությունը ներկայացնելու քաջություն չկա, ապա կարելի է գոնե չկեղծախոսել եւ վատ խորհրդատու չլինել:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**