Սահակ եպիսկոպոս Մաշալյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Կ․ Պոսլի Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը, վկայակոչելով պոլսահայ ԱԿՕՍ-ին։ Նամակում նաեւ բարձրաձայնվել են հայ համայնքին հուզող խնդիրները: Մաշալյանն Էրդողանին խնդրել է լուծել ոչ մահմեդական քաղաքացիների առջև ծառացած բյուրոկրատական խնդիրները: Մաշալյան եպիսկոպոսը իր նամակում նշել է, որ ազգային փոքրամասնությունների նոսրանալը բնական չէ, այլ ընդամենը արդյունք է պետության՝ տարիներ ի վեր շարունակվող ռեպրեսիվ քաղաքականության:



Խնդիրների շարքում մասնավորապես նշվում է համայնքային վարչական կառույցների ղեկավարների ընտրության անցկացման դեմ ստեղծված խոչընդոտները: Եպիսկոպոսն ընդգծել է, որ բյուրոկրատական խնդիրների պատճառով չեն կարողանում ո՛չ պատրիարք ընտրել, ո՛չ վարչական ղեկավարություն: Այսպիսով, հայ համայնքն անորոշ ժամանակով դատապարտված է առանց պատրիարք մնալու: Որպես լուծման տարբերակ՝ Մաշալյանն առաջարկում է սկսել նոր նախաձեռնություն, դրսևորել նոր քաղաքական կամք, որոնք փոքրամասնությունների նկատմամբ բայրացկամ վերաբերմունք կձևավորեն: Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում նոր համակարգի անցումը ոգևորել է նաև իրեն՝ փոփոխությունների հասնելու տեսանկյունից: