«Ելք»-ը չի տրոհվի, բայց հավասար լիազորությունների սկզբունքը չի գործի

«Ելք»-ը չի տրոհվի, բայց հավասար լիազորությունների սկզբունքը չի գործի
«Դաշինքո՞վ, միայնա՞կ, թե՞ մեկ կուսակցություն դարձած գնալ խորհրդարանական ընտրություններին»․ այս օրակարգով «Ելք» դաշինքի շաբաթներ տեւած քննարկումները մոտ ապագայում կմոտենան ավարտին։ Ասում են, որ երեք ուժերը չեն տրոհվի, ընտրությունների կգնան միասին։ Դաշինքով, թե մեկ կուսակցությամբ՝ դեռ կորոշեն, սակայն հստակ է, որ նրանք ընտրացուցակում հավասար ներկայություն չեն ունենա, եւ հեղափոխություն հաղթած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կգերիշխեն «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններին․ այս պահին կարծես համաձայնություն է կայացել 70/30 համամասնության շուրջ։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «ՔՊ» վարչության անդամ, ԱԺ պատգամավոր **Հովիկ Աղազարյանի** հետ։



**- «Ելք» դաշինքում բանակցությունները կարծես վերջին հանգրվանին են հասել՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափի շուրջ, այս պահին ո՞ր տարբերակն է առավել հավանական։**



-Դեռ քննարկումներն ընթանում են, ավարտին չենք հասցրել։



**- Կան տեղեկություններ, որ հակված եք դաշինքով մասնակցությանը։**



-Բոլոր դեպքերում դա մեզ համար շատ էական է, եւ տրամադրված ենք, որպեսզի հենց այդպես լինի, եթե, իհարկե, մեր ընդհանուր տեսակետներն ու մոտեցումները համընկնեն։ Հակառակ դեպքում այս բանակցությունների իմաստը ո՞րն էր, եթե հակված չլինեինք դաշինքով մասնակցության։



**- Իսկ ո՞ր տեսակետների ու մոտեցումների շուրջ են տարաձայնությունները, օրինակ՝ դաշինքի անվանման, ցուցակի ձեւավորման, համամասնության եւ այլն։**



-Կարեւոր հարցը մեկ կուսակցություն դառնալու հետ կապված դիրքորոշումն է։



**- Մինչեւ ընտրությո՞ւն պետք է մեկ կուսակցություն դառնաք, թե՞ ընտրություններից հետո։**



-Կարող է ընտրություններից հետո էլ լինի, բայց հստակեցումները պետք է արվեն հիմա։ Չէ՞ որ մենք ընտրությունների գնացինք դաշինքով, եւ կար այդ հարցադրումը, որ պետք է քննարկումներ սկսել մեկ կուսակցություն դառնալու համար։ Հետեւաբար, հստակեցումները պետք է արվեն հիմա, հարցը պետք է հստակեցվի՝ մենք դառնալո՞ւ ենք մեկ կուսակցություն, թե՞ չենք դառնալու։ Երեք թիմերում էլ կան այնպիսիները, որոնք կողմ են մեկ կուսակցություն դառնալուն, այնպիսի մարդիկ, որոնք դեմ են։ Պետք է գերակշռող կարծիքով որոշում ընդունել․ դա շատ էական է։



**- Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ մեկ կուսակցության գաղափարին ամենաշատը դեմ է Արամ Սարգսյանը։**



-Ես նման բան չեմ լսել կամ տեսել։ Ես ասացի, որ երեք կուսակցությունում էլ հակառակ կարծիքի տեսակետներ կան, բայց այս պահին չեմ կարող ասել, թե որը կգերիշխի։



**- Իսկ մեկ կուսակցություն դառնալու հարցը «նախապայման» կդառնա՞ երեք ուժերի հետագա համագործակցության, ապագա ընտրություններին միասին մասնակցելու հարցում, թե՞ հնարավոր է մեկ կուսակցություն չդառնաք, բայց միասին մասնակցեք ընտրություններին։**



-Ոչ, դա նախապայման չէ, չի բացառվում, որ մեկ կուսակցություն չդառնանք, բայց դաշինքով մասնակցենք, եթե երեք կուսակցությունները որոշեն, որ, ինչ-ինչ փաստարկներից ելնելով, նպատակահարմար չէ մեկ կուսակցություն դառնալ։ Դրանից չի բխում, որ պետք է դաշինքով էլ չգնալ։



**- Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո թվում էր, թե ձեր գործընկեր կուսակցությունները չէին հակադրվի մեկ կուսակցություն դառնալու հարցին։ Իսկ ընդհանուր կուսակցությունում երեք ուժերը հավասար լիազորություններ ու կշի՞ռ են ունենալու կամ, օրինակ, ընտրացուցակում հավասա՞ր ներկայացվածություն, թե՞ «ՔՊ»-ն է գերիշխելու, եւ պայմանները թելադրում է հեղափոխություն հաղթած Նիկոլ Փաշինյանը։**



-Եթե մենք մի կուսակցություն ենք դառնում հավասար լիազորություններով, ապա դա կոչվում է դաշինք, հիմա դաշինքում որոշումները կոնսենսուսով են, չէ՞, կայացվում, հիմա եթե մենք դա տեղափոխենք մեկ կուսակցություն, ու բոլորս հավասար լիազորություններ ունենանք, ապա կդառնանք դաշինք, էլ ինչո՞ւ ենք ուզում մեկ կուսակցություն դառնալ։



**- Հիմա եթե մեկ կուսակցություն չդառնաք, ընտրական դաշինքի ցուցակում չէ՞ որ կրկին տարբեր համամասնություններով են երեք ուժերը ներկայացվելու, ըստ հետհեղափոխական տրամադրությունների։ Խոսվում է 70/30 համամասնության մասին։**



-Իհարկե, հնարավոր է, գուցե համամասնությունն այլ թվային արտահայտություն ունենա, մենք այդպիսի դաշինքների ականատես ենք եղել, որտեղ դոմինանտ ուժեր են եղել։



**- Դուք ասացիք, որ դաշինքը ենթադրում է հավասար լիազորություններ, եթե «Ելք»-ը չդառնա մեկ կուսակցություն, բայց դաշինքով մասնակցի, կրկի՞ն հավասար համամասնությունն է գործելու։**



-Չեմ կարծում, թե քաղաքական իրողություններն այնպիսին են, որ հավասար լիազորությունների սկզբունքը լինի արդարացի, չեմ ուզում մեր գործընկերների դերն ու կշիռը նվազեցնել, բայց մեզ համար հավասար համամասնությունն անընդունելի է, գոնե անձամբ ինձ համար։



**- Շարժման հաղթանակից հետո շատերն անգամ փակված էին համարում ձեր համագործակցության հարցը՝ կարծելով, որ «ՔՊ»-ն հեղափոխությունը մերժած գործընկեր ուժերի հետ չի շարունակի ճանապարհը։**



-Գիտե՞ք ինչ, մենք մեր տեսակետն առաջարկեցինք, ու մեր գործընկերները չհամաձայնեցին, նույնն էլ իրենք իրենց տեսակետն ունեին, որ մենք չընդունեցինք։ Այն ժամանակ հայտնի չէր, թե ում տեսակետն է ավելի իրատեսական։ Եթե մեր տեսակետը հաջողել է, դա չի նշանակում, թե իրենց քաղաքական կշիռը պետք է զրոյին հավասարեցնենք, ափսոս է այդ ամենը մեկ հարվածով ոչնչացնել։ Ինտեգրացիայի տարբեր ճանապարհներ կան, ես վստահ եմ, որ դրանցից մեկը կընտրենք։



**- Փաստորեն, որոշել եք, որ «Ելքը» չի տրոհվի։**



-Այս պահին մոտեցումներն այդպիսին են։



**- Իսկ ե՞րբ կավարտվեն քննարկումները։**



-Կես ամսից։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**