Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի  Բելգիայի Թագավորություն:



Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:



Բրյուսելյան այցի ընթացքում  վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: 



Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:



Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։