Ասում էին «Պողոս Պողոսյան», հասկանում էին Գագիկ Ծառուկյան

Ասում էին «Պողոս Պողոսյան», հասկանում էին Գագիկ Ծառուկյան
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Նիստին իրենց առաջարկություններով հանդես եկան երբեմնի կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ի առաջարկները ներկայացնում էր խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա առաջարկներից մեկը վերաբերում էր «Բարեգործության մասին» օրենքի խստացմանը, որը քողարկված ձեւով ուղղվում էր դեպի Գագիկ Ծառուկյան ու ԲՀԿ։ Բայց որպեսզի շատ «չզռա», որ ՀՅԴ-ի առաջարկությունն ուղղակիորեն հենց ԲՀԿ-ի դեմ է, բանախոսն անընդհատ օգտագործում էր «Պողոս Պողոսյան» անուն-ազգանունը, եւ քննարկում էր ծավալվում Պողոս Պողոսյանի շուրջ, բայց ակնհայտ էր, որ «Պողոս Պողոսյան» ասելով՝ հասկանում են կոնկրետ անձի՝ Գագիկ Ծառուկյանին։



Մասնավորապես, Ռուստամյանն առաջարկում էր, որ ընտրություններից առաջ արգելվեն բարեգործական հիմնադրամների կողմից բարեգործական ակցիաներ իրականացնելը։ Բացի այդ՝ նույն անունով կուսակցությունը, որի անունով կամ դրա անվանը մոտ անունով բարեգործական հիմնադրամ գոյություն ունի, եւ այդ կուսակցությունն ասոցացվում է տվյալ հիմնադրամի հետ, չպետք է մասնակցի ընտրություններին։



«Թող Պողոս Պողոսյանը զբաղվի քաղաքականությամբ՝ իր կուսակցությունը, իր անունն ուրիշ ձեւ դնելով: Պողոս Պողոսյանի անունով ցանկ չպիտի գրանցվի: Թող ուրիշ անուն դնի, աշխարհում ուրիշ անուն չկա՞, թող իրա մորքուրի անունը դնի»,-ասաց Ռուստամյանը։ Նիստը վարող Դավիթ Հարությունյանը զարմացավ՝ բայց անունով ցանկ չի լինում։ Պատգամավորներն էլ տեղից հուշեցին, որ լինում է։ Իհարկե, ոչ ոք «Ծառուկյան դաշինքի» անունը չհամարձակվեց հիշատակել, բայց բոլորի ակնարկներն այդ ուղղությամբ էին։ Իրենց շուրջ ծավալված այս «հիպոթետիկ» քննարկմանը ներկա էին նաեւ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները, բայց ՀՀԿ-ականներն այնպես էին ոգեւորվել, որ Սերգեյ Բագրատյանին հերթ չէր հասնում արտահայտվելու։



Թեմային միջամտեց հեղինակային իրավունքի մասնագետ եւ անունների նմանությունների նրբություններին տիրապետող ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ Նա իրար հետեւից մի քանի նեղ-մասնագիտական հարցադրումներ արեց Ռուստամյանին։ Նախ թվարկեց մի քանի իրավիճակ՝ կա հիմնադրամը, հետո բացվում է կուսակցությունը, կա կուսակցությունը, հետո բացվում է հիմնադրամը, եւ երրորդ՝ կա ե՛ւ հիմնադրամը, ե՛ւ կուսակցությունը։ Ապա արագ-արագ շարադրեց հարցերը․ «Հիմա այս դեպքերում հիմնադրամի՞ գործունեությունն ենք դադարեցնում, կուսակցությա՞նն ենք արգելում գրանցվել, եթե էդ պահին հիմնադրամի անունը կամ շփոթելու աստիճան նույնականությունը կամ նմանությունը, դիցուք, փոխեց մի տառի, բառի տարբերությամբ, թողնում ենք, որ կուսակցությունը գրանցվի՞, հիմնադրամն էդպես փոխո՞ւմ ենք, թե՞ բոլոր դեպքերում, եթե հիմնադրամը գործել է եւ ակնհայտորեն ասոցացվում է, ապա այդ դեպքում չենք թողնում կուսակցությունը գրանցվի։ Ո՞նց եք էս պահը պատկերացնում»։



Ռուստամյանը, թերեւս խճճվելով հարցադրումների մեջ, նորից նույնը կրկնեց։ «Մեր ասածի տրամաբանությունը դա է, չի կարող «Պողոս Պողոսյան» անունով հիմնադրամ, «Պողոս Պողոսյան» անունով կուսակցություն լինի, ու էդ կուսակցությունը հայտ ներկայացնի՝ մասնակցելու ընտրություններին»,- ասաց դաշնակցական պատգամավորը, որին թվում է, թե իրենց գլխավոր մրցակիցը «Ծառուկյան դաշինքն» է։ Հովհաննիսյանը նորից հստակեցրեց հարցը՝ նշելով, որ ինքը պատահական եզրույթներ չօգտագործեց՝ շփոթելու աստիճան նմանություն կամ նույնականություն։ «Շեշտադրումը որի՞ վրա ենք դնում՝ հիմնադրա՞մն է անունը փոխում, թե՞ կուսակցությունը, թե՞ իրենք ոնց կորոշեն»,- հարցրեց իրավաբան պատգամավորը։



Ու մինչ Ռուստամյանը կկողմնորոշվեր, թե ինչ պատասխանի, վերջապես արանքը ճղեց ու իր խոսքն ասաց «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նա նախ նեղսրտեց, որ բերել նույն անուն-ազգանունների շուրջ են կառուցել առաջարկությունը։ Եվ մի «հրաշք» համեմատական անցկացրեց․ «Էն, ինչ որ ստեղ գրված է, նույնն է, ոնց որ ես ասեմ՝ եթե Դաշնակցության որեւէ կառույց որեւէ երկրում ահաբեկչություն է արել, Դաշնակցությունն ընտրություններին պետք է չմասնակցի։ Կամ նույնձեւ պիտի ասեմ՝ Հանրապետական կուսակցությունը եթե կոռուպցիայի հետ է ասոցացվում, ուրեմն չպիտի մասնակցի ընտրություններին»։



Սրան տեղից արձագանքեց դաշնակցական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը․ «Օսմանյան կայսրության բոլոր ահաբեկչությունների մեղքը վերցնում եմ իմ վրա, ինչի՞ չպիտի մասնակցեմ որ»։ Բագրատյանը, ի վերջո, առաջարկեց չհասնել այս աստիճանի, բավարարվել օրենքով, որն այս պահին կա, եւ հանել այդ առաջարկը, որովհետեւ էդպես «իսկապես կմտնեն լրիվ թյուրիմացությունների մեջ»։ Ռուստամյանը չհամաձայնեց Բագրատյանի հետ՝ նորից կրկնելով իր առաջարկը։



Այսօր տեղի կունենա այս աշխատանքային խմբի հաջորդ նիստը, որը կվարի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ու կներկայացնի իրենց խմբակցության առաջարկները։ Նշենք, որ նմանատիպ մի աշխատանքային խումբ էլ ձեւավորվել է կառավարությունում, եւ վերջում պետք է այս բոլոր առաջարկությունները համադրվեն ու վերջնական քննարկվեն։



**Վահե Մակարյան**