Կործանարար անտրամաբանականություն

Կործանարար անտրամաբանականություն
Ժամանակին, երբ հարկ կար ընտրողից հեռացնել «Օրինաց երկիր» անվան պատճառած խորշանքի ու քամահրանքի զգացողությունը, կուսակցության պարագլուխներն ավելի լուրջ բան չկարողացան անել, քան փոխել անունը՝ «Հայկական վերածնունդ»: Վերածնունդը չհաջողվեց, և կուսակցությունը վերադարձավ իր նախնական անվանը՝ «Օրինաց երկիր»: Ի դեպ, հնչողության առումով այս անվանումը բավական տպավորիչ է՝ գրաբարյան շնչով համեմված, նաև «տանում-առնչում» է Ս. Գրքին՝ հենց միայն այդ զուգորդությամբ պահպանիչ վահան ապահովելով կուսակցության «մաքրությանը»:



Կուսակցության անվանադիրները ժամանակին իհարկե նկատել են «օրինաց» բառի հոգնակի թվի խանգարիչ հանգամանքը. ցանկացած քաղաքացի ուզում է իր երկիրը տեսնել որպես _օրենքի _երկիր, ոչ թե _օրենքների:_ Հոգնակի թիվը «սխալ» է նույնիսկ քաղաքագիտական առումով: Հույն իմաստասերներից մեկն ասել է, որ պետության մեջ որքան շատ են օրենքները, այնքան փչացած է նրա հասարակությունը: Հո չե՞նք կարող մտածել, թե ՕԵԿ-ն ուզում է մեր երկիրը փչացած տեսնել. քավ լիցի: Բայց որ նա կամա-ակամա փչացրել է եթե ոչ երկիրը, ապա գոնե նրա քաղաքական կազմվածքը կամ դաշտը, և հիմա էլ շարունակում է նույնն անել, ակնհայտ է: Ընդ որում՝ փչացնում է ոչ թե ջեմ-մուրաբա բաժանելով, ոչ թե կուսակցական կանանց մատյան գնդեր ձևավորելով, այլ... անտրամաբանականությունը հռչակելով իբրև այդ քաղաքական դաշտի բնութագրիչ: Մեծ հավակնություններով քաղաքական դաշտ վերադարձող ՕԵԿ-ի առաջնորդն արդեն հայտարարել է 49+1 «արդյունքով» ապագա Ազգային ժողովը գրավելու իր մտադրության մասին: Ի դեպ, այս թվի ոչ պատահական լինելը հավաստել է ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը՝ հենց այսօր: Հետևաբար, ծիծաղ հարուցող այս թիվը կրակվել է ոչ պատահաբար, մանավանդ որ կրակողն էլ պատահական ոմն չէ, այլ Արթուր Բաղդասարյանը՝ քաղաքական սիրախաղերի վարպետը: Եվ ամբողջ վտանգը, որ կարելի է զգալ այդ թվերից, հենց դրանց անտրամաբանականությունն է և դրանով պայմանավորված՝ հասարակ ընտրողին քաղաքական դաշտի վերաբերյալ անտրամաբանական պատկերացումներով տոգորելը:



Իսկ դա կործանարար անտրամաբանականություն է:



Նույն անտրամաբանականությունը չէ՞ր, որ շուրջ երկու տասնամյակ շարունակ երկիրն ու պետությունը պահեց մի կուսակցության լծի տակ, որն, անտարակույս, ավելի ամբարտավան էր ու լկտի, քան ՕԵԿ-ը, քանզի 49+1 բաղդասարյանական «համեստ» հավակնությանը հակադրում էր «ինչքան ուզենք»-ի ամբարտավանությունը, որն էլ ի վերջո կործանեց նրան: Իսկ ամենացավալին այն է, որ ՀՀԿ կոչվող քստմնելի ուժը կործանումի շարունակական զգացողության մեջ պահեց նաև հասարակությանը, որն այսօր թեև այդ զգացումից ուշքի է գալիս, բայց արդեն ատելության այնպիսի պաշարներ կուտակած, որ վտանգավոր է նույնչափ:



Կամ թերևս՝ առավել:



**Լևոն Սարգսյան**



**Հ.Գ. Մի՛ լքեք տրամաբանության ու տրամաբանականության սահմանները, աստծու սիրուն:**