43 տարի անց Կինոյի տան դահլիճը բացեց իր դռները կինոսերիների առաջ

43 տարի անց Կինոյի տան դահլիճը բացեց իր դռները կինոսերիների առաջ
43 տարի անց Կինոյի տան մեծ դահլիճի դռները վերջապես բացվեցին կինոսերների առաջ։ Դա Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ծրագրի առաջին կետերից մեկն էր, որին ձեռնամուխ եղավ ընտրվելուց հետո։



«Սա մի օջախ է, որտեղ կարելի է հավաքել մի ամբողջ պատմություն։ Պատմություն մեր նախորդների եւ իհարկե այն մասին, որ մենք դեռ կունենանք կինո։ Ամեն դեպքում, հույս ունեմ եւ կարծում եմ շատ սիմվոլիկ բան է այս վերանորոգումը, որովհետեւ վերջերս միության նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան տարելիցն էր եւ այս մեկ տարվա ընթացքում հասցրեցինք այս դահլիճը վերանորոգել։ Կարծում եմ մեկ տարի հետո մենք կսկսենք հպարտանալ, որ այստեղ ցուցադրվել են շատ լավ ֆիլմեր, 2-3 տարի հետո սա դառնալու է լուրջ կինոկենտրոն՝ սինեմատեկ, որը կարծում եմ բոլորը շատ կսիրեն»,-մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։



ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ իր խոսքում նշեց, որ այսօր դահլիճում մարդիկ կան, ովքեր իրենց ամբողջ կյանքով կապված են այս շենքի հետ եւ իրենց համար սա հատուկ հուզմունքի օր է, որովհետեւ իրենց կյանքի լավագույն տարիները նաեւ այս դահլիճով են իմաստավորվել եւ գեղեցկացել․ «Սա Կինոտուն է, որը դառնում է կինոտուն։ Ամեն ինչ վերադառնում է, կյանքը նորից է սկսում ու շատ լավ է, որ նոր սերունդն է նստած, բոլոր մեր մոհիկանները եւ նոր սերունդը միասին՝ այս դահլիճում, դրա մեջ ինչ- որ խորհրդանշական բան կա, հենց սա է գեղեցիկ»։



Բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի գնահատմամբ, այսօրվա հանդիսատեսի ուղեղում սերիալը արդեն կինո է, որը բացարձակապես ֆիլմի հետ կապ չունի։ Ըստ նրա, սա զարթոնքի համար առաջին քայլերն են, որը միայն ողջունելի է․ «Ունենք մեր դահլիճը, որտեղ կարող ենք ցանկացած միջոցառում անցկացնել, հրավիրել, պրեմիերաներ անել, ինչքան շատ ունենանք նման հարթակներ, այնքան կինեմատոգրաֆիստների միության գործնեությունը ծավալուն ու արդյունավետ կլինի»։



Ստեփանյանը կարծում է, որ սա հերթական կինոթատրոն չպետք է դառնա․ «Սա կինոյի տան դահլիճն է, թող էքսկլյուզիվ ֆիլմեր բերեն, թող համաշխարհային կինեմատոգրաֆը ներկայանա Հայաստանում եւ ունենա նման հարթակ»,-ասաց նա։



Կինեմատոգրաֆիստների միության նախագահի խորհրդական, հեռուստալրագրող Արայիկ Մանուկյանը հիշեցնում է՝ դալիճն առաջին անգամ բացվել է 75թ-ին եւ փաստորեն 43 տարի անց վերաբացվեց։ Նա նկատում է՝ 75թ-ին այս դահլիճի բացմանն այդքան կարեւորություն եւ ուշադրություն չտվեցին, քանի որ այդ ժամանակ Հայաստանում 700 կինոթատրոն կար․ «Եվ այդ 700 կինոթատրոնների ցանկում սա եւս մի դահլիճ է եղել, որը բացվել է իբրեւ կինոմետագրաֆիստների միության կինոյի տուն։ Սա եղել է 515 տեղանոց դահլիճ եւ մինչեւ «Ռոսիա» կինոթատրոնի բացումը եղել է ամենամեծ կինոթատրոնը Հայաստանում։ Խնդիր էր դրված՝ այս դահլիճը վերաբացել եւ, ըստ էության, տարիների ընթացքում այն բաց եղել է, որպեսզի թյուր ըմբռնում չլինի վերաբացման հետ կապված, բայց քանի որ որեւէ ներդրում դահլիճի վրա չի արվել եւ տարիներ շարունակ ինքը մաշվել ու սպառվել էր, այն հիմնականում մատնված էր անգործության, ուստի դահլիճը, որպես այդպիսին, գոյություն չուներ»։



Վերականգնելու ընթացքում արդեն հասկացան, որ պետք է պահպանվի կինոդահլիճի ամբողջ ռետրո ոճը, ավելին՝ Հոլանդիայից հրավիրված մասնագետները, ովքեր ստուգել են էկրանի, ձայնի խնդիրները, զարմացել են, որ կա այսպիսի դահլիճ՝ փայտով երեսպատված, որից ամբողջ Եվրոպայում մնացել է 10-15 հատ․ «Ամբողջ երեսպատված փայտը հատուկ մշակման է ենթարկվել հատուկ մասնագետների կողմից, հետո նորից լաքապտվել է, որպեսզի ամբողջ ակուստիկ հնարավորությունները պահպանվեն, նույնը նաեւ հատակի, աթոռների դեպքում, որը ոչ թե փոխել ենք, այլ՝ վերականգնել։ Բեմը, կինոցուցադրման սրահը նույնպես ամբողջությամբ վերանորոգվել է, դրվել է նոր պրոյեկտոր, որոշակի փոփոխություններ են արվել ձայնային համակարգի մեջ, լուսային համակարգն է ամբողջությամբ նորացվել, ֆինանսների բացակայության պատճառով չենք հասցրել լուծել օդափոխության համակարգը»։



Կինոդահլիճի ներկայիս պայմանները միանգամայն ներում են որպեսզի այնտեղ անցկացվեն փառատոնային եւ ոչ միայն փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ․ «500 տեղանոց մեծ դահլիճ, որն այսօրվա բոլոր պայմաններն ունի, եւ Մոսկվա կինոթատրոնից ավելի մեծ է, էկրանը ֆանտաստիկ մեծ էկրան է, ֆինանսի լինելու դեպքում ծրագրում ենք էկրանն էլ փոխել»։



Մանուկյանը նկատեց, որ ամենայն հավանականությամբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ֆիլմերը կցուցադրվեն հենց կինոմիության նոր դահլիճում։



Նա դեռ չի կարող ասել մյուս կինոթատրոնների նման կինոտունն էլ ֆիլմեր կգնի՞ այստեղ ցուցադրելու համար, քանի որ վարձույթի հետ կապված խնդիրներ կան․ «Քանի որ ժամանակին Հայֆիլմի բոլոր պրեմիերաներն արվել են այստեղ ու շատ հեղինակավոր եւ պատվաբեր է համարվել այստեղ ցուցադրություններ անելը, մենք մտածում ենք, որ այստեղ պետք է շարունակվի լավ կինո ցուցադրելու ավանդույթը։ Մտածում ենք հայ ռեժիսորների բոլոր ֆիլմերի պրեմիերաներն այստեղ անել, խոսքս լավ, արվեստով արված ֆիլմերի մասին է։ Սա իրենց տունն է եւ պետք է վերադարձնենք իրենց։ Այստեղ ցուցադրվելու միակ սկզբունքը լինելու է լավ, որակով ֆիլմը»,-ասում է նա ու նշում, որ միության անդամ ռեժիսորներն իրենց ֆիլմերն անվճար կցուցադրեն, մյուսների դեպքում քննարկվելիք հարց է․ «Չեմ կարծում, որ ֆինանսի պատճառով մյուսները հնարավորություն չունենան ցուցադրվելու, կարեւորը լինի լավ ֆիլմ եւ այստեղ ցուցադրվի գեղարվեստական բարձր արժեք ունեցող կինո»։



Սոնա Ադամյան