Հեղափոխությունն ավելի դրական է ազդել հարկ վճարողների վրա

Հեղափոխությունն ավելի դրական է ազդել հարկ վճարողների վրա
Մենք գրել էինք, որ հարկային մուտքերն այս տարվա մայիսին՝ ապրիլի համեմատությամբ, նվազել են՝ 151 միլիարդից դառնալով 126 միլիարդ դրամ, այսինքն՝ մոտ 25 միլիարդով։ Եվ սա՝ ըստ ՊԵԿ պաշտոնական տվյալների։



ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը մայիսին ապրիլի համեմատ հարկային մուտքերի նվազումն օրինաչափ է համարում, եւ դա արդեն երկար տարիներ է, որ այդպես է։ Եվ սա իր հիմնավորումն ունի։ «Մասնավորապես, ապրիլ ամսվա ընթացքում վճարվում են նախորդ տարվա շահութահարկի եւ ռոյալթիի գումարները։ Ըստ էության՝ վերջնաժամկետը սահմանված է մինչեւ ապրիլի 20-ը, դա է պատճառը, որ ապրիլի մուտքերը ցանկացած տարում զգալիորեն գերազանցում են մայիս ամսվա մուտքերին։ Մենք ունեցել ենք մայիս ամսին ապրիլի համեմատ նվազում շուրջ 15 տոկոսով, մոտավորապես նույն տոկոսը տարիներ շարունակ պահպանվում է»,- մեզ հետ զրույցում երեկ բացատրեց Ռաֆիկ Մաշադյանը։



Ինչ վերաբերում է այս տարվա հունիս ամսվա մուտքերի դինամիկային, ապա ՊԵԿ փոխնախագահն արձանագրեց, որ 2015 թվականի հունիսի համեմատ՝ այս տարվա մայիսին մենք ունենալու ենք շուրջ 13 միլիարդ դրամի չափով ավել հարկային եկամուտներ, որն այս տարվա լավագույն ցուցանիշն է։



**- Այդ ավել հավաքագրումներն ինչի՞ արդյունք են, հետաքրքիր է՝ հեղափոխության ազդեցությունն այս ամենի մեջ որքանո՞վ կա, թե՞ նախորդ կառավարության աշխատանքների իներցիայով է տեղի ունենում։**



Գնահատել, թե այդ 13 միլիարդի մեջ ինչ դերակատարություն է ունեցել հեղափոխությունը, դժվարանում եմ թվային գնահատական տալ։ Իհարկե, իր ամբողջ ուղղությունը, ինչը որ ձեւավորված է ՀՀ-ում, իր արտացոլումն է գտել հարկերի ավել հավաքագրման մեջ։



**- Այսինքն՝ այս հեղափոխական մթնոլորտը դրակա՞ն է ազդել հարկահավաքման գործընթացի վրա։**



Միանշանակ՝ այո, ես կարծում եմ, որ ավելի դրական է ազդել հարկ վճարողների վրա, նրանք ավելի շատ եւ ազնիվ են գնում հարկերի ինքնահայտարարագրման։



**- Թեպետ դեռ տարվա կեսն է, գուցե դժվար լինի հստակ կանխատեսել, բայց հարկահավաքման մոտավոր ի՞նչ ցուցանիշ ենք ակնկալում տարվա վերջում։**



Ակնկալում ենք, որ պետական բյուջեն անպայմանորեն կատարենք հարկային եկամուտների մասով։



**- Պարոն Մաշադյան, թեպետ Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ վերջերս դարձյալ փոփոխությունների ենթարկվեցին, բայց տնտեսվարողները շարունակում են դժգոհել Հարկային օրենսգրքից։ Սա կարո՞ղ է ազդել թե՛ ձեւավորված մթնոլորտի եւ թե՛ հարկահավաքման պրոցեսի վրա։**



Հարկահավաքման պրոցեսի վրա ցանկացած ժամանակահատվածում գործող օրենքներն իրենց ազդեցությունն ունեցել են ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով։ Դրական առումով՝ դրույքաչափերի ավելացման մասով, բացասական առումով՝ արտոնությունների տրամադրման մասով։ Այո, չեմ թաքցնում, որ կա հասարակության մեջ դժգոհություն Հարկային օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ։ Եվ այս պահին, կարծում եմ՝ առաջիկայում էլ, անընդհատ քննարկումներ կլինեն, որպեսզի Հարկային օրենսգիրքն ավելի պարզեցնենք եւ մատչելի դարձնենք մեր հասարակությանը։



**- Մոտ 750 էջից է բաղկացած մեր Հարկային օրենսգիրքը, Վրաստանինը, օրինակ, 350 էջ է։ Եվ ոլորտի մասնագետներից շատերն ասում են, որ պետք է ոչ թե ուղղակի առանձին դրույթներ փոխել, այլ ամբողջությամբ վառել այդ 750 էջն ու նոր օրենսգիրք գրել՝ ավելի քիչ էջերով ու ավելի պարզ սխեմայով։**



Ես արդեն կրկնեցի, որ մեր նպատակն է՝ ավելի պարզեցնենք Հարկային օրենսգիրքը, եւ այն մատչելի դառնա հասարակությանը։ Դրա արդյունքում այն բաղկացած կլինի 700 էջից, թե 420 էջից, դժվարանում եմ պատասխանել։



**- Իսկ այդ պրոցեսը ե՞րբ վերջնական արդյունք կտա։**



Պրոցեսն անընդհատ պրոցես է, կարծում եմ, որ այս տարի մենք որոշակի փոփոխություններ կնախաձեռնենք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**