«Կծած խնձորը» Հայաստանն է, Սթիվ Ջոբսն էլ՝ Նիկոլ Փաշինյանը

«Կծած խնձորը» Հայաստանն է, Սթիվ Ջոբսն էլ՝ Նիկոլ Փաշինյանը
«Բիզնես Արմենիայի», նախկինում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն **Արմեն Ավակ Ավակյանը** նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի վերջին մոհիկանն է, որ մնացել եւ աշխատում է «հեղափոխականների» թիմում։ Նիկոլ Փաշինյանն ազատվեց Կարեն Կարապետյանի գրեթե բոլոր կադրերից, բացի Արմեն Ավակյանից։ Պարզվեց՝ ներդրումների գրավման հարցում նոր եւ հին վարչապետների եւ նրանց նշանակած կադրի, նախկին խորհրդականի մոտեցումները համընկնում են։



Ավակյանը, չհերքելով այն փաստը, որ Կարապետյանի թիմի մաս է կազմել, նախ հիշեցնում է՝ «Բիզնես Արմենիան», որը զբաղվում է դրսից ներդրումների գրավմամբ եւ այստեղից արտահանման խթանմամբ, իրականում ապաքաղաքական կառույց է։ «Մենք ունենք հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահն ի պաշտոնե վարչապետն է, այսօր՝ Նիկոլ Փաշինյանը։ Չէի քաղաքականացնի այս հարցը, որովհետեւ իմ տեսանկյունից «Բիզնես Արմենիան» քաղաքական չէ, բայց էս պահի դրությամբ, ինչքան որ շփվել եմ ես Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հետ, «Բիզնես Արմենիայի» ապագայի, Հայաստանի ներդրումային դաշտի տեսակետից մեր տեսլականները համապատասխանել են»,- ասաց Ավակյանը։



**- Ինչպե՞ս եք վերաբերվում նոր կառավարությանը, հատկապես տնտեսական բլոկի մասով, եւ ի՞նչ տարբերություններ կնշեք Կարեն Կարապետյանի կառավարության համեմատ։**



Կդժվարանամ տարբերություններ դեռ նշել, իրականում մի ամիսուկես է, ինչ շփվում ենք, չի կարելի, իմ կարծիքով, համեմատել, ամեն մի կառավարություն ունի իր ոճը, իր ձեւը եւ իր տեսլականը։



**- Պարոն Ավակյան, այս հեղափոխությունն ինչպե՞ս ազդեց Ձեր կառույցի աշխատանքի, մասնավորապես՝ ներդրումների գրավման վրա։**



Շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել, հեղափոխությունից հետո շատ արագ եւ մեծ արձագանք ենք զգում մեր ներկայացուցիչների կողմից արտասահմանում, որ միանգամից հարցումները շատացել են, աշխուժացել է, տաքացել է։ Էմոցիոնալ ֆոնի վրա, իհարկե, որը տրամաբանական է, եւ որոշակի վստահություն, տարբեր էմոցիաներ, հույս, իհարկե՝ կապված են այս հեղափոխության հետ։ Էդ առումով՝ շատ դրական, որովհետեւ կա էդ հոսքը հետաքրքրությունների։ Բայց ներդրողը, երբ գալիս է էն պահը, որ պիտի իր գրպանից փողը դնի, արդեն գալիս է ավելի ռացիոնալ դաշտ, էմոցիաները քիչ-քիչ պակասում են։ Ռացիոնալ դաշտի տեսակետից դեռ չենք հասել էդտեղ, որովհետեւ կառավարության ծրագրում կան ընտրություններ մեկ տարվա ընթացքում, ինչը սիգնալ է բիզնես ոլորտին։ Էդ տեսակետից աշխարհի ցանկացած երկրում, մինչեւ ընտրությունները, ներդրողները մի քիչ ոտքները գազից հանում են, մի քիչ ավելի սպասողական վիճակում են լինում, որ տեսնեն՝ ընտրություններին ինչ է լինում, որ հետո սկսեն։ Այդպես կլինի էստեղ, թե չէ՝ շուտ է ասել, կսպասենք, կտեսնենք։



**- Այսինքն՝ հեղափոխությունից հետո Ձեր աշխատանքի ալգորիթմը փոխվե՞լ է։**



Ալգորիթմը՝ որպես այդպիսին, չի փոխվել, որոշակի պարամետրեր են փոխվել ալգորիթմի ներսում, եթե մաթեմատիկորեն ձեւակերպումը տանք։ Թե ինչ գործիքակազմ ենք մենք օգտագործում ներդրումների խողովակ ներգրավելու համար, դա նույնն է։ Պարզապես գերակա ոլորտները մի քիչ փոխվել են, նոր կառավարության գերակա ոլորտներն են IT-ն, գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը, իսկ նախորդ կառավարության դեպքում սեկտորներն ավելի լայն էին։ Մեկ էլ փոխվել է բովանդակությունը։ Այսինքն՝ երբ մենք տեսահոլովակ ենք նկարահանում Հայաստանի մասին կամ որ պրեզենտացիա ենք անում Հայաստանի մասին, պարզ է, որ կոնտեքստը փոխվել է հեղափոխությունից հետո։ Մենք էդ նոր հայկական իրականությունը դնում ենք կոնտեքստի մեջ։



**- Ու ինչպե՞ս է ներկայացվում Հայաստանը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյա՞նն է գլխավոր հերոսի եւ բրենդի տեսքով ներկայանում՝ իր թավշյա հեղափոխությամբ։**



Ձեզ մի օրինակ բերեմ՝ Apple-ը։ Կա Apple բրենդը, եւ կա Սթիվ Ջոբսը։ Սթիվ Ջոբսը մի բրենդ է, Apple-ն ուրիշ բրենդ է։ Դրանք իրար հետ փոխկապակցվա՞ծ են։ Բնականաբար։ Բայց Apple-ն ինքը նաեւ ինքնուրույն բրենդ է։ Ես պատասխանատու եմ այդ «Apple» բրենդի, այսինքն՝ Հայաստանի բրենդի համար։ Հայաստանի իմիջը մենք ձեւավորում ենք որոշակի ձեւ, որի հիմքում ընկած է մարդը։ Այսինքն՝ էս դեպքում Հայաստանի պազիցիան գլոբալ շուկայում չի փոխվել։



**- Այսինքն՝ մեր դեպքում Apple-ի այդ «կծած խնձորը» Հայաստանն է, Սթիվ Ջոբսն էլ Նիկոլ Փաշինյա՞նն է։**



Կարելի է էդպես ձեւակերպել, այո։ Կա Նիկոլ Փաշինյանի բրենդը, եւ կա Հայաստանի բրենդը, ինքնըստինքյան դրանք իրար հետ փոխկապակցված են։



**- Հիմա մենք 2017 թվականն ինչպե՞ս ամփոփեցիք, եւ 2018-ին մինչ այս պահը ներդրումների ի՞նչ ծավալ ունենք։**



Անցյալ տարի 18 մլն դոլարի ներդրում ենք բերել եւ 5.7 միլիարդ դրամի արտահանում ենք ապահովել։ Իսկ տարին լավ ենք սկսել, 15 միլիոն դոլարի արդեն ներդրում ունենք, մեր թիրախն այս տարվա համար 46 միլիոն դոլարն է։ Մի քիչ էս հեղափոխական շրջանում, բնականաբար, խողովակները դանդաղեցին, հիմա արդեն նորից սկսել է ակտիվանալ։ Արտահանումը 3 միլիարդի շուրջ ենք հասել, նպատակը 6.9 միլիարդն է։



**- Այս թվերը որեւէ կերպ կրո՞ւմ են հեղափոխության ազդեցությունը, եւ ո՞ր ոլորտներում են կատարվել այդ ներդրումները, ո՞ւմ կողմից։**



Այդ 15 միլիոնի ներդրումը եղել է մինչեւ հեղափոխությունը։ Թե ինչ ոլորտներում են, եւ ովքեր են ներդրողները, այս պահին չեմ կարող մանրամասնել, որովհետեւ կոնֆիդենցիալության խնդիր կա։ Բայց վերջում հրապարակում ենք տվյալները։



**- Վերջին հարցը․ դրսում ապրող գործարարներից շատերը մշտապես ցանկացել են գալ ու Հայաստանում ներդրում կատարել, նաեւ Կարապետյանի կառավարության կողմից են առաջարկներ ստացել, բայց, չվստահելով Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանությանը, չեն եկել։ Կարո՞ղ ենք ասել, որ նախորդ իշխանությունը՝ իր ղեկավարներով, խոչընդոտ էր հանդիսանում, որպեսզի մարդիկ գային եւ ներդրում անեին Հայաստանում, եւ արդյոք Նիկոլ Փաշինյանի կերպարը կարո՞ղ է կոտրել այդ կարծրատիպը։**



Ես չեմ կարող կարծիք հայտնել՝ նրանք խոչընդոտ հանդիսանում էին, թե ոչ, բայց կարող եմ միանշանակ բիզնես-տեսակետից ասել, որ հիմա հայտնվել են նոր ներդրողներ, որոնք չկային մեր խողովակում մինչեւ հեղափոխությունը, եւ դա վստահության խնդիր է։ Այո, վստահությունն իշխանության հանդեպ բարձրացել է, մենք տեսնում ենք դա։ Եթե մենք առաջ ամիսը ստանում էինք, պայմանական ասած, 10 հարցում մեր ներկայացուցիչների կողմից, հիմա ստանում ենք միանգամից 50 հարցում։ Բայց քննադատել նախորդ իշխանությանն էդ տեսակետից, որ նրանք հատուկ խոչընդոտ էին հանդիսանում ներդրումների համար, չգիտեմ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**