ՔԱԳՎ-ն անիմաստ օղակ է և պետք է լուծարվի․ Շահեն Պետրոսյան

ՔԱԳՎ-ն անիմաստ օղակ է և պետք է լուծարվի․ Շահեն Պետրոսյան
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծում է, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ավելորդ օղակ է, եւ այն պետք է լուծարվի։ «Կարելի է բաժին պահել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում։ Ես դեռ քսան տարի առաջ էի ասում, որ այդ վարչությունն անիմաստ օղակ է եւ պետք է լուծարվի»,- նշեց մեր զրուցակիցը։



Թե ինչու է այդ վարչությունն անիմաստ՝ Շահեն Պետրոսյանը պարզաբանում է․ «Հիմնականում ամեն ինչ մասնավոր է կամ կոնցեսիոն պայմանագրով, օտարված է, պետական ոչինչ չկա։ Հիմնական կենտրոնն է մնացել պետական, իսկ վարչության գործառույթները կարելի է փոքր թիմով իրականացնել տրանսպորտի նախարարությունում կամ կառավարության կազմում։ Մի քանի մասնագետներ այդ գործառույթները կարող են իրականացնել։ Իսկ այդ վարչությունն ավելորդ օղակ է այնքանով, որ եղել է կաշառակերության բույն։ Հենց Արտյոմ Մովսիսյանի, մյուս պետերի օրոք եղել է կաշառակերություն, ամեն մի թղթի կտորի, թույլտվության, սերտիֆիկատի համար կաշառք էին վերցնում։



Վերահսկողական մարմինները ինչքան քիչ լինեն, այնքան լավ կլինի։ Դիսպետչերական ծառայությունն առանձին է, աերոնավիգացիան առանձին հիմնարկություն է, «Զվարթնոց» օդանավակայանն առանձին հիմնարկություն է, ավիաուղիներ չունենք, ավիաընկերություն չունենք, այդ վարչությունն ի՞նչը պետք է կարգավորի։ 90-ական թվականներին էլ էի ասում, որ այդ վարչության լուծարումը 50 մլն դրամի խնայողություն կլինի բյուջեի համար»։