Հրազդանի քաղաքապետը որդու արարքից հետո պետք է հրաժարական տար. Լևոն Բարսեղյան

Հրազդանի քաղաքապետը որդու արարքից հետո պետք է հրաժարական տար. Լևոն Բարսեղյան
«Ասպարեզ » ակումբի նախագահ, Գյումրի համայնքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով Հրազդանի համայնքապետ Արամ Դանիելյանի հրաժարականին, մեզ հետ զրույցում ասաց. «Իր կամքն է, անշուշտ, թեև ինքը դա մեկնաբանեց իրադրության փոփոխությամբ: Ցավալի է, որ բավականին ուշ հասկացավ, որ իրադրություն է փոխվել, որովհետև դա կարող էր անել մայիսի 2-ին, ուշ՝ մայիսի 10-ին: Երևի այս ընթացքում կարիք ուներ թղթաբանությունը կարգի բերելու, ինչ-որ կիսատ-պռատ գործեր շտկելու: Ավելին՝ եթե մի քիչ հետ գնանք, այն պահից, երբ իմացավ, որ իր որդին ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացու, որը մահացել է, այդ պահին պետք է հրաժարական տար, դա կլիներ շատ արդար, քաղաքակիրթ քայլ, բայց ոչ, պնդեց, մնաց եւ հիմա որոշեց հրաժարական տալ: Լավ է ուշ, քան ավելի ուշ»:



Մեր հարցին, թե որքանո՞վ է համոզված, որ հուլիսի 2-ին կայանալիք նիստում Հրազդան համայնքի ավագանին կողմ կքվեարկի համայնքապետի լիազորությունները դադարեցնելու որոշմանը, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Եթե էլի մի կրկես են կազմակերպել/ ի նկատի ունենալով Գյումրիի դեպքը, երբ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր համախոհների միջոցով անվստահություն հայտնեց իրեն՝ ևս մեկ տարի երկարաձգելով պաշտոնի ժամկետը/, կարծում եմ, որ կրկես չէ, ուրեմն այդ օրը ավագանին կասի՝ ոչ, մենք ուզում ենք, որ դուք մնաք, ինքն էլ կասի, քանի որ ավագանին ինձ խնդրեց մնամ, ուրեմն դիմումս հետ եմ վերցնում: Ենթադրում եմ, որ ավագանին հաստատելու է, որովհետև նախօրոք խոսել, քննարկել է ավագանու հետ: Ավագանին ըստ էության գրեթե բոլոր համայնքներում շատ սերտ թելերով կապված է համայնքապետի հետ, նրա ասածով է շարժվում, շատ հաճախ չակերտավոր կոնֆետներ է ստանում համայնքապետից, որպեսզի 4-5 տարի շարունակ կողմ քվեարկի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Արամ Դանիելյանն ըստ ամենայնի ձգձգում էր հրաժսարական ներկայացնելը, քանի որ որոշ գործեր ուներ կիսատ թողած:



Մանրամասները՝ տեսանյութում։



**Արևիկ Հակոբյան**