Վարչապետին առընթեր են գործում որոշակի իրավապահ մարմիններ, այդ թվում՝ ԱԱԾ-ն

Վարչապետին առընթեր են գործում որոշակի իրավապահ մարմիններ, այդ թվում՝ ԱԱԾ-ն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Մանվել Գրիգորյանի «գործով» բառացիորեն «հաթաթա» տվեց դատարաններին ու իրավապահ համակարգին, եւ դա հեռարձակվեց իր ավանդական «լայվով»։ «Եթե հանկարծ պարզվի, որ որեւէ դատավոր գործում է անձնական շահագրգռությունների, ֆինանսական շահագրգռությունների, կոռուպցիոն շահագրգռությունների, բարեկամական շահագրգռությունների, կլանային շահագրգռությունների շրջանակում, վայն էկել եւ տարել է, ահա, այդպիսի մարդկանց։ Ով ուզում է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք դատարաններին որեւէ հրահանգ չեն տալու։



Թեպետ Փաշինյանն ասաց իրականում ճշմարտությունը եւ խոսեց այն մասին, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնվում էր, այդուհանդերձ, վարչապետի այս հայտարարությունը նաեւ որոշակի մյտահոգիչ տարրեր է պարունակում, եւ քողարկված ճնշում կամ սպառնալիք կա դատարանների նկատմամբ։ Հատկապես, որ Փաշինյանի «լայվը» հեռարձակվում էր ճիշտ այն ժամին, երբ ընթանում էր Մանվել Գրիգորյանի ձերբակալության վերաբերյալ բողոքարկման դատական նիստը։ Սա ոմանք համարեցին միջամտություն դատարանների աշխատանքին։



Սրա վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ գլխավոր դատախազ **Արթուր Դավթյանից**, ում, հիշեցնենք, իշխանությունը չկարողացավ փոխել, չնայած փորձեր եղան։ Հարցրինք՝ վարչապետի այս հայտարարություններն իրավաչա՞փ էին եւ արդյոք չե՞ն պարունակում դատարանների, իրավապահ համակարգի նկատմամբ ճնշման կամ նրանց աշխատանքին անուղղակիորեն միջամտելու տարրեր։



Դատախազը, ինչպեսեւ սպասելի էր, լիովին արդարացրեց Փաշինյանի ելույթի նման հռետորաբանությունը։



«Ես չեմ կարծում, թե դա ճնշում է, առավել եւս, որ դա հրապարակված տեղեկություն է, եւ այն խոսքերը, որ Դուք մեջբերում եք, դրանք, ըստ էության, օրենքի պահանջն են դատարանի նկատմամբ՝ ձեւակերպված մի փոքր այլ բառերով։ Այսինքն՝ օրենքն էլ է ասում, որ դատավորը պարտավոր է գործել օրենքով սահմանված կարգով, իր ձեռքի տակ ունեցած փաստերով։ Եթե դատավորն այդպես չի վարվի, ուրեմն դա կնախատեսի օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Սա քանի որ օրենքի ձեւակերպումն է, էդ ձեւակերպումը կարող եմ ես էլ օգտագործել, Դուք էլ օգտագործել, ՀՀ ցանկացած քաղաքացի էլ կարող է օգտագործել»։ Այսինքն՝ որեւէ խնդրահարույց բան չի՞ տեսնում վարչապետի այդ ելույթում։ «Ոչ։ խնդրահարույցը գիտե՞ք որն է, խնդրահարույցը նա է, երբ որեւէ մեկը հայտարարի, որ եթե այս կամ այն որոշումը չկայացվի, ուրեմն, կոպիտ ասած, վայն էկել՝ նրան տարել է»։ Իսկ այն, որ վարչապետն ինքն է նախաձեռնողականություն ցուցաբերում նման հարցերում՝ ԱԱԾ-ից առաջ կամ դրան զուգահեռ նման հայտարարություններ է անում, սա իրավական առումով նորմա՞լ է։ «Չէ, հայտարարությունները՝ նայած ինչ հայտարարություն։ Նախ վարչապետին առընթեր են գործում որոշակի իրավապահ մարմիններ, այդ թվում՝ ԱԱԾ-ն, դրանից բխող համապատասխան իրավական փոխգործակցությամբ։ Իսկ ինչ վերաբերում է վարույթի շրջանակներում ներգրավվածությանը, ապա վարչապետը դատավարական սուբյեկտ չէ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**