Կառավարությունն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ երկու տասնյակից ավելի առաջարկ է ներկայացրել

Կառավարությունն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ երկու տասնյակից ավելի առաջարկ է ներկայացրել
Ըստ որոշ տեղեկությունների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու նրա ամառանոցում ԱԱԾ-ի նկարահանած տեսանյութը ՀՀԿ-ում իրավիճակ է փոխել։ Նախկին իշխող կուսակցությունը, որը խրոխտ հայտարարություններով ընդդիմանում էր արտահերթ ընտրություններ անցկացնելու նոր կառավարության առաջարկին՝ հայտարարելով, թե իրենք ընտրությունների կգնան 2022 թվականին, երբ կգա հերթական ընտրությունների ժամանակը, մտափոխվել են։ Նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ դիմել էր խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը կսկսի Ընտրական օրենսգիրքը փոխելու աշխատանքները՝ «հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը»։ Որոշ տեղեկություններով՝ ՀՀԿ-ում գնահատել են, որ եթե շարունակեն ընդդիմանալ կառավարությանը, ապա ԱԱԾ-ի բացահայտումներն իրենց կարող են հասցնել մի կետի, երբ այլեւս անիմաստ կլինի անգամ ընտրություններին մասնակցությունը։



Նիկոլ Փաշինյանը Դանիել Իոաննիսյանի միջոցով արդեն խորհրդարանական գործընկերներին է ուղարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կառավարության առաջարկների նախնական փաթեթը՝ 26 առաջարկ, եւ հորդորել ամեն ինչ անել, որ սեպտեմբերի վերջին Ընտրական օրենսգիրքն ընդունված լինի։ Պարզ է, որ Փաշինյանն ուզում է ընտրությունների անցկացումն արագացնել՝ հապաղումը գործող իշխանությունների շահերից չի բխում։ Այսինքն՝ ԸՕ փոփոխությունների աշխատանքային խումբը պետք է ձեւավորվի առաջիկա շաբաթվա ընթացքում, որպեսզի համատեղ քննարկումների արդյունքում ԸՕ-ի փոփոխված տարբերակը ներկայացվի՝ մինչեւ խորհրդարանի պաշտոնական արձակուրդ մեկնելը՝ հուլիսի 15-ը։ Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը:



Նկատենք, որ, Նիկոլ Փաշինյանի թիմից բացի, արտահերթ ընտրությունները հնարավորինս մոտ ժամկետներում անցկացնելուն կողմ են նաեւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունում, քանի որ հասկանում են, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատի, ու, որպես Փաշինյանի հիմնական մրցակից ուժի, իրենց կարող է այցի գալ ԱԱԾ-ն։ Արդեն իսկ լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա մերձավորների հիմնարկներում ստուգումներ են ընթանում։



Իսկ **Արմեն Ռուստամյանը** երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ տեխնիկապես անհնար է անգամ այս տարվա վերջին ընտրություններ անցկացնելը, քանի որ ԸՕ-ն փոխելը բարդ գործընթաց է, որը նաեւ միջազգային կառույցների հավանությանը պետք է արժանանա։ Ռուստամյանի կանխատեսմամբ՝ արտահերթ ընտրությունները կլինեն հաջորդ տարվա ապրիլին։ Ի դեպ, ՀՅԴ-ից աշխատանքային խմբում կընդգրկվեն Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը եւ ՀՅԴ-ի փորձագետներից Արմինե Հովհաննիսյանը։ Թե որոնք են Դաշնակցության սկզբունքային առաջարկները, Ռուստամյանը խոստացավ ներկայացնել առաջիկայում։



ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանն** էլ վստահեցրեց, որ քաղաքական որեւէ իրավիճակ չի փոխվել, ճնշումներ չեն զգացել եւ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ համաձայնության են եկել դեռեւս անցած հինգշաբթի։ Եվ ԸՕ-ն փոխելու աշխատանքներ սկսելը դեռ չի նշանակում արտահերթ ընտրություններ անցկացնել, առավել եւս՝ դա չի կարող ենթադրել, որ առաջիկա ամիսներին արտահերթ ընտրություններ կլինեն։ «Յուրաքանչյուր ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքին անդրադառնալն անհրաժեշտություն է, որովհետեւ առաջանում են նոր պահանջներ, եւ դասեր քաղելն անհրաժեշտություն է»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ ԸՕ-ն փոխելը երկար գործընթաց է․ «Դեռ կքննարկենք խորհրդարանական ուժերով, ապա՝ արտախորհրդարանական, հետո՝ ՀԿ-ների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Պարտադիր է նաեւ խորհրդարանական լսումների անցկացումն այս թեմայով, իսկ երբ այդ փոփոխությունների ու նախագծի շուրջ կոնսենսուս կկայացվի, կներկայացնենք Վենետիկի հանձնաժողովին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դատին, հետո նրանք էլ իրենց ճանապարհային քարտեզը կտան, ապա առանձին-առանձին կհանդիպեն խորհրդարանական խմբակցությունների հետ»։ ՀՀԿ-ի առանցքային առաջարկները լինելու են մատնահետքերով ընդհանուր բազայի ներդրման համակարգի, բացառապես ID քարտերով քվեարկելու վերաբերյալ, որը, ըստ նրանց, կկանխի կրկնաքվեարկության դեպքերը։ Բաղդասարյանը շեշտեց, որ չի կարելի շտապել սահմանադրական կարեւորագույն օրենսգրքի մշակման հարցում։ Մեկնաբանելով տեղեկությունները, թե սեպտեմբերի վերջերին ԸՕ-ն պետք է արդեն պատրաստ լինի, խմբակցության ղեկավարն ասաց․ «Ես տեխնիկապես դա հնարավոր չեմ համարում, ամեն դեպքում, պետք է աշխատենք ու ընդունենք, որ կա խորհրդարան, որը ոչ մի կերպ չի խոչընդոտում կառավարության աշխատանքները»։



Ի դեպ, «Ծառուկյան դաշինքի» առանցքային առաջարկներից մեկը նույնպես ընդհանուր մատնահետքերի բազա ունենալու վերաբերյալ է։ Սերգեյ Բագրատյանը մեզ հայտնեց, սակայն, որ Դանիել Իոաննիսյանը նախնական հանդիպումների ժամանակ այս առիթով ասել է, որ դա, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կարող է կյանքի չկոչվել․ «Օրինակ, եթե պահի տակ ինտերնետն անջատվի, ցանցը կաթվածահար կլինի։ Իոաննիսյանը մեզ վստահեցրեց, որ այնպիսի փոփոխություն կանեն, որ կրկնաքվեարկությունը կբացառվի, առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կիմանանք դրա մասին»։



Տեւական ժամանակ է՝ Դանիել Իոաննիսյանն ԱՄՆ-ում է, հանդիպումներ է ունենում փորձագետների հետ, ուսումնասիրում է նրանց փորձը։ Չի բացառվում, որ վերադառնալուց հետո առաջարկների փաթեթը լրացվի, եւ նոր առաջարկներ տեղ գտնեն։ Նշենք, որ կառավարության ներկայացրած երկու տասնյակից ավելի առանցքային փոփոխությունների շարքում են հետեւյալները․ նախեւառաջ ռեյտինգային ընտրակարգի վերացումը։ Քվեարկությունը կառավարելի չդարձնելու համար կառավարությունը մտադիր է վերացնել նաեւ գրիչով ընտրելու տարբերակը, ընտրողը ծրարի մեջ կդնի այն թերթիկը, որին իր ձայնը տալիս է։ Մտադիր են փոխել՝ ապակուսակցականացնել ընտրական հանձնաժողովների կազմերը, գործող օրենքով՝ հանձնաժողովի անդամ կարող են դառնալ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, նոր կարգով՝ հանձնաժողովի անդամի ընտրությունը կանցկացվի մրցութային կարգով, եւ հավաստագիր ունեցողների միջեւ մրցույթ կհայտարարվի։ Այսպիսով հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**