Զուտ բարեկամաբար հնարավոր չէ Су-30СМ կործանիչների մատակարարումը Հայաստանին․ Իվան Կոնովալով

Զուտ բարեկամաբար հնարավոր չէ Су-30СМ կործանիչների մատակարարումը Հայաստանին․ Իվան Կոնովալով
ԼՂՀ կատարած իր վերջին այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր լուսանկար, որտեղ ինքը գտնվում էր ռուսական գերժամանակակից Су-30СМ ռազմական կործանիչում։ Փաշինյանը նշել էր, որ այդ ինքնաթիռը աշխարհի լավագույն ռազմական ինքնաթիռներից է։ Այս հրապարակումից հետո ռազմական շատ փորձագետներ հայտարարեցին, որ այդպիսով ՀՀ վարչապետն հայտարարեց, որ սկսում է բանակցություններ այդ կործանիչների՝ Հայաստանին մատակարարման օրակարգով։



Ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը, անդրադառնալով այս հարցին, Rusarminfo-ի հետ զրույցում ասել է, որ հարցը նորույթ չէ եւ դեռ 2012-ից այս թեմայով բանակցություններ ընթանում են։ «Մենք հիանալիորեն հասկանում ենք, որ չորրորդ սերնդի բազմաթիրախային գերժամանակակից կործանիչների մատակարարումը չի կարող տեղի ունենալ զուտ բարեկամական ռազմական օժանդակության կամ մատակարարման շրջանակներում, որպիսին կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Այս դեպքում Երեւանը պետք է ֆինանսական ծախսեր էլ անի։ Իսկ ահա երբ դա հնարավոր կլինի, կարծում եմ, որ այլ խնդիր մենք չենք ունենա, եւ բոլոր հարցերը կփակվեն ինքնին»,- ասել է Իվան Կոնովալովը։



Նա նաեւ ասել է, որ եթե Երեւանը այդ կործանիչները ձեռք բերի, ապա ռեգիոնում ուժերի հարաբերակցությունը կբալանսավորվի։ Կոնովալովը կարծիք է հայտնել, որ նման մատակարարումները կարող են իրականացվել նաեւ Հայաստան-Ռուսաստան միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման շրջանակներում։



Ի դեպ, ըստ փորձագիտական կարծիքների՝ Су-30СМ կործանիչները Երեւանին կարող են մատակարարվել արդեն 2024 թվականից։