Սկանդալ Գորիսի համալսարանում՝ փոխքաղաքապետի հոր մասնակցությամբ

Սկանդալ Գորիսի համալսարանում՝ փոխքաղաքապետի հոր մասնակցությամբ
Մեր տեղկություններով, երեկ Գորիսի պետական համալսարանում չի կայացել գիտական խորհդի հերթական նիստը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գիտական նիստը տապալվել է բուհի աշխատակից Համլետ Հովսեփյանի պատճառով, ով Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հայրն է։ Համլետ Հովսեփյանը որոշակի խնդիրներ ունի բուհի ռեկտորի հետ եւ նիստին լրագրող է հրավիրել, ինչը պատճառ է դարձել վիճաբանության։



Մեր աղբյուրի խոսքերով՝ լրագրողը Գորիսի համայնքապետի մամուլի խոսնակն է եղել։ Թե ի՞նչ գործ ուներ համայնքապետի մամլո խոսնակը համալսարանի գիտական խորհրդի նիստին և թե ի՞նչ է տեղի ունեցել, որ նիստը չի կայացել, փորձեցինք պարզել ԳՊՀ-ի ռեկտոր Արտուշ Ղուկասյանից:



«Նիստը չեն խափանել, այն եղել է սահմանված կարգով, օրակարգը հայտարարվել է, ամեն ինչը կարգ ու կանոնով եղել է, բայց նիստը սկսվելուց առաջ ես տեսա, որ դահլիճում կա եւ լրագրող, եւ նկարահանող, ովքեր ներս էին մտել առանց տեղեկացնելու, որ ցանկանում են նկարահանում կատարել։ Սկզբում ես այնքան էլ նշանակություն չտվեցի դրան, ոչ մի բան չպահանջեցի։ Նիստը փորձեց մեր աշխատողներից մեկը,անունը չտամ, խանգարել՝ բարձրացնելով իր հարցը, թե ինքը արհմիության նախագահ է, թե ոչ, ինչու իրեն չեն հրավիրում նիստերին եւ այլն։ Ընթացքում քննարկումն այնպես եղավ, որ ես լրագրողին խնդրեցի ներկայանալ, թե որ լրատվամիջոցից են եւ փաստաթուղթ պահանջեցի։ Ասացին՝ կներկայացնենք, բայց ոչ մի փաստաթուղթ չներկայացրեցին, ես ստիպված եղա նման պարագայում նիստը ընդհատել, հետաձգել վաղը եւ թույլ չտալ նկարահանում անել»,-**հraparak.am**-ին պատմեց ԳՊՀ ռեկտորը։



Մեր հարցին, թե ինչ կասկածներ ունի, որ լրագրողին նիստը խանգարող աշխատողն է հրավիրել, պատասխանեց․ «Չեմ կարող ասել, որովհետև այսօր մենք ունեինք շատ կարևոր հարցեր, որը կարող էր նաև այլ մարդկանց էլ հետաքրքրել, ինձ ասացին, որ լրագրողը մեր համայնքապետի խոսնակն է, բայց ես հստակ չգիտեմ համայնքապետի մամուլի խոսնակի իրավասությունների շրջանակը, արդյոք իրավունք ուներ նիստը նկարելու, թե՝ ոչ, միայն կասեմ, որ ԳՊՀ-ն ոչ մի կերպ համայնքային իշխանությանը ենթակա չէ»։



Մեզ չհաջողվեց կապ հաստատել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ցանկանում էինք ճշտել՝ ուղղորդված էր արդյոք մամուլի խոսնակի այցն իրենց կողմից փոխքաղաքապետի հոր խնդիրներին հնչեղություն տալու նպատակով։ Մեր զանգերին չպատասխանեց նաև նրա մամուլի խոսնակ Իրինա Յոլյանը: Մեզ հաջողվեց կապվել փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ, ով տեղեկացրեց, որ ինքը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվել և ասաց, որ մեզ հետ կապ կհաստատի մամլուլի խոսնակը: Րոպեներ անց մեզ հետ զանգահարեց Իրինա Յոլյանը և ասաց, որ ինքը ԳՊՀ-ի գիտական խորհրդի նիստին ներկա է եղել ոչ համայնքի ղեկավարի պահանջով, այլ որպես այլ լրատվամիջոցի թղթակից:



«Այո, ես համայնքապետի խոսնակն եմ, բայց բոլորը գիտեն նաև, որ ես զուգահեռ աշխատում եմ այլ լրատվամիջոցներում եւ Սյունիքի մարզի պատասխանատուն եմ։ Առաջին նախադեպը չէ, որ ես լուսաբանում եմ ԳՊՀ-ի իրադարձությունները։ Սա պարզապես այլ դեպք էր։ Օրակարգում կար հարց՝ հայագիտության կենտրոնին վերաբերող, որը ինձ հետաքրքրում էր, որովհետև կենտրոնը տնօրինում է մի մարդ, ով մասնագիտությամբ իրավաբան է, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աղմկահարույց պատմությունների փաստաբանն է, եւ այդ մարդը Գորիսում չի բնակվում։ Ուզում էի հասկանալ. թե իրավաբանը ինչ կապ ունի հայագիտության հետ և ինչպես են ֆինանսավորում նրա կողմից ներկայացված ծրագրերը»,-պարզաբանեց համայնքապետի մամուլի խոսնակը՝ նշելով, որ իր եւ փոխքաղաքապետի հոր միասին այնտեղ գտնվելը զուտ պատահականություն էր։ Քաղաքապետի մամուլի խոսնակը չհստակեցրեց, թե ինչու որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, միայն ասաց, որ իրեն բոլորը համայնքում լավ ճանաչում են եւ դրա անհրաժեշտությունը չկար։



Նշենք, որ մեզ հետ զրույցում փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ընդգծեց, որ քաղաքապետի մամուլի խոսնակը համագործակցում է նաև Երկիր Մեդիա հեռուստաընկերության հետ։ Այս դեպքում փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչու Իրինա Յոլյանը չի ներկայացրել լրագրողի վկայական, առավել ևս չի տվել Երկիր մեդիա հեռուստաընկերության անունը, հատկապես ինչպես նշեց, բազմիցս անդրադաձել է ԳՊՀ կոռուպցիոն սկանդալներին։



**Արևիկ Հակոբյան**