Եվրոպան անհանգիստ է Փաշինյանի կառավարության որդեգրած դիրքորոշումից

Եվրոպան անհանգիստ է Փաշինյանի կառավարության որդեգրած դիրքորոշումից
Չնայած առաջին հայացքից իշխանության է եկել մի ուժ, որն իր հայացքներով միշտ արեւմտամետ է համարվել․ ոչ ոք չի մոռացել, որ «Ելք» դաշինքը խորհրդարանում ԵԱՏՄ կազմից դուրս գալու առաջարկությամբ է հանդես եկել, սակայն մեկամսյա գործունեությունից հետո որոշ վերլուծաբանների մոտ կարծիք է ձեւավորվել, որ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ սերտ համագործակցությանն ուղղված քայլեր է անում՝ ի հաշիվ արեւմտյան կողմնորոշման։



Նախ, մեկ ամսում երկու անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպելը, մանավանդ՝ երեկ՝ ֆուտբոլի առաջնության բացմանը ներկա գտնվելու պատրվակով, ինչը բոլորովին էլ պարտադիր չէր այս դեպքում։ Ինչպես նաեւ Ռուսաստանին ուղղված բազում հայտարարությունները, որտեղ պնդումներ կան հետագա ավելի լուրջ եւ խորը համագործակցության մասին, որոնք արվում են եւ անձամբ վարչապետի, եւ նրա թիմի այլ անդամների շուրթերով։



Եւ վերջապես, կառավարության ծրագրի մեջ մատնանշված առաջնահերթությունները եւս վկայում են Ռուսաստանի հետ հարաբերությունների գերակայության մասին, ինչն այսօր հիշատակել է իր խոսքում Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։ «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է, որ չնայած մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության, ռազմավարական ուղղվածության մեջ ոչ մի փոփոխություն չի լինելու, սակայն իրենք ուշադիր ընթերցել եւ վերլուծել են կառավարության ծրագիրն ու այնտեղ որոշ փոփոխություններ են նկատել՝ Եվրամիության դերի հետ կապված: Դեսպանը բառացիորեն ասել է․ «Երբ նայում ենք կառավարության ծրագրին, մեկ տարի առաջ Եվրամիության հետ խորը համագործակցության ցանկություն կար, իսկ հիմա Եվրամիությունը Ռուսաստանից ու ԱՄՆ-ից հետո երրորդն է: Այնինչ, ԵՄ-ն միակ գործընկերն է, որը կոնկրետ առաջարկություններ ու ծրագրեր ունի»:



ՀԳ․ Գերմանիայի դեսպանն ավելի ուշ հերքեց, որ գիտաժողովի ժամանակ ինքը նման հայտարարություն է արել՝ նշելով, որ լրատվամիջոցները սխալ են ներկայացրել իր խոսքը, ինքն ասել է․ «2017թ․ կառավարության ծրագրում ԵՄ-ն թվարկվում էր որպես վերջիններից մեկը, իսկ նոր կառավարության ծրագրում արդեն առաջինների շարքում է՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից հետո»։