Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը
«Մեծ աղմուկ ոչնչից», «Լեռը մուկ ծնեց» եւ ցանկացած այլ նման ասույթ մեծ սպասումների ու աննշան արդյունքների մասին կարող է բնութագրել երեկ Սինգապուրում կայացած Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման արդյունքը: Երբ մարտին հայտարարվեց այդ հանդիպման հնարավորության մասին, բոլորի առաջին վերաբերմունքը Վաշինգտոնի էսթաբլիշմենթից մինչեւ Բրյուսել, Տոկիո եւ Պեկին թերահավատությունն էր:



Այն, որ Հյուսիսային Կորեայի հիմնադրումից ի վեր այդ երկրի բոլոր ղեկավարները ջանացել են ԱՄՆ գործող նախագահի հետ հանդիպել եւ այդպիսով միջազգային հարթակում ինքնահաստատվել, հանրահայտ իրողություն է եւ տասնամյակներ կրկնված պատմություն: Պատմություն է եւ այն, որ ԱՄՆ բոլոր նախագահները մերժել են նման հանդիպումների հնարավորությունը` Հյուսիսային Կորեայից պահանջելով միջազգային եւ մարդկային իրավունքների անվերջ ոտնահարումների դադարեցում, վերջին մեկ-երկու տասնամյակում՝ նաեւ միջուկային ծրագրերից հրաժարում: Այնքանով, որքանով Հյուսիսային Կորեան որեւէ շոշափելի քայլ չի կատարել ո՛չ իրավունքների հարգման, ո՛չ էլ միջուկային ծրագրերի դադարեցման ուղղությամբ, ԱՄԲՆ նախագահներն էլ հրաժարվել են Հյուսիսային Կորեայի առաջնորդներին հանդիպել:



Հետեւաբար, երբ Թրամփը հայտարարեց Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, դժվար էր հավատալ, թե նման շրջադարձի հիմքում Հյուսիսային Կորեայի որեւէ լուրջ հանձնառություն էր ընկած, այդ երկիրն ինչ-ինչ պարտավորություններ էր ստանձնում: Շատերն էին այն կարծիքին, որ Թրամփն ուղղակի ինքնացուցադրման ասպարեզ է փնտրում եւ միջազգային հարթությունում համարյա բոլոր գործընկերների ու բարեկամների հետ հարաբերություններ բարդացնելու խորքին որոշել է թշնամիների հետ էլ հարաբերություններ կարգավորել: Մոտիվացիան երկու դեպքում էլ նույնն է` առանձնանալ կատարած քայլով: Էական չէ՝ դրական, թե բացասական, հուսադրող, թե խառնակիչ քայլով, Թրամփի կարգի շոումենի համար էականն առանձնանալն ու երեւալն է:



Երեկ Սինգապուրում երեւաց: Մի քանի անգամ Կիմ Չեն Ընի հետ հաճոյախոսություններ փոխանակելիս եւ ձեռք սեղմելիս, եւս մեկ անգամ փաստաթուղթ ստորագրելիս, որը, չնայած ընդամենը մեկ էջ ծավալին եւ որեւէ խնդրում որեւէ ժամկետ ու որոշակիություն չպարունակելուն, Թրամփի կողմից բնորոշվեց իբրեւ մարդկային պատմության մեջ գուցե նախադեպը չունեցած, համապարփակ փաստաթուղթ: Թրամփը երեւաց նաեւ փաստաթղթի ստորագրմանը հետեւած մամլո ասուլիսում` սովորականի պես շաղ տալով ստեր ու հիմարություններ:



Հարցերին, թե ինչից է հետեւում, կամ որտեղ է երաշխիք, որ Հյուսիսային Կորեան իսկապես կհրաժարվի միջուկային ծրագրից, Թրամփը պատասխանեց, թե երաշխիքն իր անձնական բնազդն ու տպավորությունն են: «Ե՞րբ տեղի կունենա Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի դադարեցումը եւ հզորությունների ապամոնտաժումը» հարցին Թրամփի պատասխանն էր` երբ գիտականորեն եւ տեխնիկապես դա հնարավոր լինի: Մեկ այլ հարցի, թե Կիմ Չեն Ընի ո՞ր արժանիքից ելնելով է նրան «տաղանդավոր» կոչում, Թրամփը պատասխանեց, որ Կիմն ակնհայտորեն տաղանդավոր մարդ է, քանի որ 26 տարեկանում իշխանություն ստանձնելով՝ կարողացել է այդ իշխանությանը տիրապետել, նաեւ՝ քանի որ Կիմը շատ հատուկ ծնողներ ուներ, որոնց Թրամփն իբրեւ թե «անձնապես ճանաչել է»: «Կիմ Չեն Ընին կհրավիրի՞ արդյոք Սպիտակ տուն» հարցին ի պատասխան Թրամփը հավաստիացրեց, որ կհրավիրի, բայց այն ժամանակ, երբ որոշակի առաջընթաց արձանագրված լինի:



Վերջապես՝ ե՞րբ կսկսվեն գործնական քայլեր կատարվել Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման ուղղությամբ, Թրամփը հավատացրեց, թե պետքարտուղար Պոմպեոն եւ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթընը հաջորդ շաբաթվանից սկսելու են այդ ուղղությամբ աշխատել: Իրոք, Թրամփի դատարկությունն ու ինքնացուցադրման մարմաջը պետք է ունենալ, որ ոչ թե գործընթացի ավարտին եւ մեկնարկին աժիոտաժ ստեղծես, տասնամյակների դրվածք կոտրես, հանդիպես միջազգային վտանգ ներկայացնող դիկտատորի հետ, երբ ասպարեզում ընդամենը խոսակցություններ են եւ ոչ մի կոնկրետ քայլ:



Միակ դրական հանգամանքը սինգապուրյան հանդիպման սագայում, որ ամենքը նշում են, այն է, որ նախընտրելի է՝ Թրամփն ու Կիմը միմյանց հետ խոսեն, քան նախորդ ամիսների նման միջուկային հարձակմամբ իրար սպառնան եւ հայհոյեն: Այդպես է, միայն թե այս դեպքում երկու խելագար անձանց հետ գործ ունենք, որոնց 180 աստիճանի շրջադարձերը վարքի նորմ են, այնպես որ՝ հանդիպումն ու ձեռքսեղմումները մեծ երաշխիք չեն: Որքան էլ Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն ասի, թե ինքը «Թրամփի խելագարության մեջ մեթոդիկա է նշմարում», Ջոնսոնի սրատեսությունը, ցավոք, քչերին է հատուկ:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**