Նիկոլ Դումանից մինչև մեր օրերի Նիկոլը

Նիկոլ Դումանից մինչև մեր օրերի Նիկոլը
«Վերնիսաժ ո՞ր հատվածում է «Հրապարակը»»,- հարցնում է առավոտ վաղ խմբագրություն զանգահարած կինը։ Կարճ բացատրում եմ․ «ՆՓԱԿ, հարկայինի շենք, ծաղկավաճառ տղամարդ, 4-րդ հարկ, կգտնե՞ք»։ «Կգտնեմ»,- ասում է ու անջատում։



«Բանաստեղծություն եմ բերել մեր վարչապետի մասին, որ տպեք»,- ասում է դռների արանքում կանգնած կինն ու մի տոպրակ ծիրանի հետ մեկնում ձեռագիր գրված էջանոց բանաստեղծությունը․



«Նիկոլ, դու դարի պարծանք,



Քո հանդեպ ունենք մեծ



ակնածանք։



Ի վերջո տարիներ հետո



Դու սկսեցիր ազգափրկիչ գրոհ»։



Ընդհատում եմ․ «Բանաստե՞ղծ եք, թե՞ մանկավարժ»։ «Տնային տնտեսուհի, բայց տատս էլ էր բանաստեղծություններ գրում»,-ասում է Արարատի մարզի Ավշար գյուղից «Հրապարակի» ճանապարհը բռնած Անահիտ Մովսեսյանն ու շարունակում կարդալ հաջորդ քառատողը․ «Քեզ Աստված է ուղարկել, որ ազատես մի ողջ ազգ, ՀՀԿ-ն սադայել դարձած, կործանում էր մի վեհ ազգ»։ Մանրամասնում է՝ հանգերն իրենք իրենց են շարվել, քանի որ մի շնչով է գրել՝ մայիսի 8-ին․ «Հենց այն նույն ժամին, որ Նիկոլն ընտրվեց, այդ օրը մեծ ցնծություն ապրեցինք»։ Տիկին Անահիտի գրած բանաստեղծությունն ամբողջ գյուղը նույն րոպեին ձեռքից ձեռք է փոխանցել, տեխնիկապես ավելի առաջադեմները համակարգչով են կիսվել իրենց ուրախությամբ։



Ասում է․ «Ճիշտ է, Աննան՝ Նիկոլի կինը, «Հայկական ժամանակում» է, բայց ես ուզեցի, որ հենց «Հրապարակում» տպվի այս բանաստեղծությունը»։ Ափսոսանք եմ հայտնում՝ բա որ այնտեղ հանդիպեր Փաշինյանին։ «Եթե մտքիս դնեմ, դա էլ կանեմ, դժվար չէ»,- ժպիտով ասում է տիկին Անահիտը, հետո հավելում․ «Նամանավանդ՝ հիմա, երբ ոնց որ թեթեւացած ապրես Հայաստանում, ճի՞շտ է, թե՞ չէ»։ Հաստատում եմ՝ ճիշտ է։ Ուրախանում է, հարցնում է անունս ու էլ ավելի ուրախանում․ «Հարսիկիս անունն էլ է Սոնա»։ Ժպտում ենք ու եզրահանգում, որ մեր հանդիպումն էլ երեւի պատահական չէր։



«Նիկոլին մենք միշտ բալետ ենք արել, դեռ այն ժամանակից, երբ գոռում էր ու արդարություն պահանջում»։ Ամենաշատն ի՞նչն է գնահատում նրա կերպարում։ Առանց մտածելու պատասխանում է․ «Արդարությունը, ես ունեմ ամեն ինչ եւ, փառք Աստծո, ապրում եմ այնպես, ինչպես վայել է մարդուն, բայց երբ նայում ես կողքիդ հարեւանի վարկերը, նրա ապրելակերպը, դրանից հետո ոնց որ չկարենաս ապրել էս երկրում, որովհետեւ ուզում ես քո հարեւանն էլ ունենա»։ Ով-ով, բայց տիկին Անահիտը շատ լավ գիտի, թե ինչպես են ապրում իր հարեւան գյուղացի մարդիկ, դրա համար բավական է բացի իր խանութի միլիոնից անցնող պարտացուցակը, եւ ամեն ինչ պարզ կդառնա։



Տիկին Անահիտը նաեւ հանրահավաքներին է ակտիվ մասնակցել, Արցախի փողոցից վազելով է հասել մետրո ու եկել հրապարակ, մյուս օրերին էլ ամուսինն է մեքենայով հասցրել մինչեւ Էրեբունի, մնացած տեղը՝ ոտքով։ Հեղափոխության օրերին հրապարակում, երթերի ժամանակ հանդիպում չի փնտրել Նիկոլ Փաշինյանի հետ, ըմբռնումով է մոտեցել առաջնորդի զբաղվածությանը, հակառակ դեպքում հենց նրա առաջ էլ կկարդար գրած բանաստեղծությունը։



Նա մտերմաբար ընդգծում է՝ Նիկոլը միշտ է խելացի գտնվել իր քայլերում, ու դրա համար իր բանաստեղծության մեջ գրել է․ «Նիկոլ, քո անվանն արժանի, Խելքի ծով ես անսահման»։ Իր համար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հեղափոխական կերպար է, այլեւ ազգային ազատագրական գործիչ, ինչպես, օրինակ, Նիկոլ Դումանը։ «Ինքը հենց Նիկոլ Դումանն է»,- ասում է ու շարունակում կարդալ․ «Դու արթնացրիր մեր ազգը Իր դարավոր խոր քնից, դուրս մղեցիր ահն ու սարսափը, Ստրուկը հանեցիր մեր միջից…»։



Այստեղ պաուզա է վերցնում ու հարցնում․ «Կարո՞ղ է սուտ էր, մեր ժողովուրդը միանգամից ոգեւորվեց, ոտքի ելավ ու սկսեց արդարություն պահանջել։ Այսքան ժողովուրդ, երեւակայիր, չէի էլ տեսել, որովհետեւ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր, դանակը ոսկորին էր հասել, ու շատ ժամանակ մարդիկ իրոք վախեցել են իրենց ձայնը բարձրաձայնել, դրա համար բառերն այստեղ համընկնում են»։ Տիկին Անահիտի կարծիքով՝ տարիներ են պետք, որ ժողովրդի ընտրած վարչապետը կարողանա աղքատությունը կրճատել, այստեղ մնում է միայն համբերել։



Անահիտ Մովսեսյանը համոզված է՝ սա մեր ժողովրդի հեղափոխությունն էր՝ փափուկ, թավշյա։ «Եվ հենց ինքը պետք է նստեր Հայաստանի գահին, որ կառավարեր մեր ժողովրդին։ Ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց մի բանի համար, որովհետեւ արդարություն էր ուզում, ուզում էր ապահով Հայաստանում ապրել»,- ասում է ու խնդրում հանկարծ չշփոթել ՀՀԿ-ի «ապահով Հայաստանի» հետ, որտեղ սրտից հիվանդ ամուսնու թոշակը կտրեցին։ Տիկին Անահիտը վստահ է՝ նախորդ կառավարությունում ձուկը գլխից էր հոտել, իսկ նոր կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկի բոլոր նրանց, ովքեր նպաստեցին նեխման պրոցեսին․ «Եթե առաջ ոստիկանապետի հավաքարարն էլ վախ չուներ, հիմա առաջինը հենց ոստիկանապետը պետք է վախենա»։



Ամենակարեւորը՝ որ հույս ունենք՝ ընդգծում է նա։ «Այսպիսի տողեր եմ գրել՝ Մի ողջ ժողովուրդ ձայն նվիրեց քեզ…։ Մենք իսկապես նվիրեցինք, որովհետեւ եթե առաջ 5 հազարները վերցնում էին ու ստիպողաբար էին ձայն տալիս, հիմա ողջ ժողովուրդն իր ձայնը նվիրեց նրան»։



Վերջում հետաքրքրվում եմ՝ ինչո՞ւ չի վերնագրել բանաստեղծությունը։ Առաջարկում է միասին վերնագրել։ ««Մեր օրերի Դումա՞նը»,- ասում է,- հետաքրքիր է, բայց ավելի լավ կլինի վերնագրել՝ «Մեր դարի Դումանը», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**