Թավշյա հեղափոխությունն ու Առաքելական եկեղեցին

Թավշյա հեղափոխությունն ու Առաքելական եկեղեցին
Արդեն ավելի քան մեկ շաբաթ ընթացող ցույցերը «Նոր Հայաստան․Նոր Հայրապետ» շարժման կողմից, բավական հետաքրքիր իրավիճակ են ստեղծել հայաստանյան հասարակական կյանքում։ Կարելի է ասել, որ 2001-ին քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարություններից հետո առաջին անգամն է, որ հասարակությունը նման ակտիվություն է ցուցաբերում ազգային եկեղեցու հանդեպ։ Եւ դա դրական ազդակ է Հայաստանում հոգեւոր վերազարթոնքի համար։ Սակայն սրանով հանդերձ, պետք չէ մոռանալ, թե որն է այս շարժման հիմնական շարժառիթը։ Պահանջը ձեւակերպվում է որպես Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարական եւ Եկեղեցու վերադարձ իր ավանդական կարգերին։ Այլ ձեւակերպումներ էլ կան, ինչպես օրինակ՝ եպիսկոպոսների իրավազուրկ վիճակ, հատկապես հեռավոր շրջաններում ծառայություն իրականացնող քահանաների սոցիալական պաշտպանվածություն եւ այլն։



Սակայն պետք է մի շարք հանգամանքներ արձանագրել․



1․ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կարողացավ հաղթել, որովհետեւ երկու բաղադրիչները այդ հաղթանակի ապահովման գործում համընկան։ Խոսքը՝ ժողովրդական լայն ներգրավվածության եւ միջազգային հարմար պահն ու արտաքին աշխարհի, թեկուզ չերեւացող, աջակցության մասին է։ Բացի այդ, թավշյա հեղափոխության օրերին բոլորը զբաղված էր սիրիական հերթական ռմբակոծությամբ, իրանական խնդիրներով եւ նախկին իշխանություններին միջազգային քաղաքական ասպարեզում հիմնական աջակցություն ցույց տվող ուժային կենտրոն Մոսկվան, ըստ ամենայնի նախ ժամանակ չուներ Սերժ Սարգսյանին աջակցություն ցուցաբերելու եւ ապա նաեւ ցանկություն չուներ երկրորդ Յանուկովիչ ստեղծելու, ինչի մասին ոչ թե հայկական, այլեւ ռուսական եւ արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցները, փորձագետներն ու վերլուծաբաններ էին խոսում։



2․ Հայոց պատմության վերջին 1700-ամյա ընթացքը փաստել է պարզ իրողություն․ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրման օրվանից ի վեր քաղաքական իշխանությունները մեծ ազդեցություն են ունեցել եկեղեցական գործերի վրա, ազդել եկեղեցական բոլոր առանցքային կամ կարեւոր որոշումների վրա՝ լինեն դրանք դավանաբանական, թե կենցաղավարական։ Քաղաքական իշխանությունները հրավիրել են ըստ էության բոլոր եկեղեցական ժողովները, մասնակցություն ունեցել գրեթե բոլոր կաթողիկոսների գահ բարձրանալուն, սկսած Գրիգոր 1-ին Պարթեւից։ Ավելին, պետականություն չունեցած շրջանում էլ մշտապես ազդել են այս հարցերի վրա, լինի դա պարսիկ շահ, թե ռուսական ցար կամ սովետական ղեկավար։ Հետեւաբար, որեւէ եկեղեցական բարեկարգության շարժում կարող է հաջողվել՝ ընդհուպ մինչեւ Կաթողիկոսի փոփոխություն, եթե այն վայելում է տվյալ պահի քաղաքական իշխանության աջակցությունը։ Ուստի «Նոր Հայաստան․ Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողները պետք է փորձեն հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մոտ բարձրաձայնել հարցը։



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արդեն, որ պահպանելով Սահմանադրությունը, պետությունը չի միջամտի եկեղեցու ներքին գործերին։ Այս հայտարարությամբ հանդերձ, եթե ակտիվ քննարկումներ լինեն քաղաքական հիմնական ուժերի հետ եւ ձեւավորվի այնպիսի հարթակ, որ, որպես համազգային ու համահայկական նշանակության կառույց, եկեղեցում հասունացել է բարեփոխումների փուլը, ապա թեկուզեւ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով պետություն-եկեղեցի առանձնահատուկ հարաբերությունները, որն ամրագրված է նաեւ օրենսդրությամբ, պետությունը կարող է միջամտել։



3․ Վերստին վերադառնալով թավշյա հեղափոխությանը, որի ողջ ընթացքում Փաշինյանն ու նրա թիմը մնացին օրենսդրության դաշտում, դրանով ապահովելով իրենց համար լեգիտիմություն արտաքին աշխարհում։ Նույնն է նաեւ եկեղեցական համակարգը։ Ցանկացած գործընթաց պետք է իրականացվի նախ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների խստագույն պահպանմամբ եւ նաեւ Եկեղեցու՝ արդեն ունեցած կանոնական ճանապարհին հետեւելով։



Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վիրավորանքների, մեղադրանքների, հակակրանքի կրոնական զգացումներին հարված հասցնող արտահայտությունների նույնիսկ «կոմպրոմատային պատերազմին» հատուկ տարրերի պակաս չեղավ, էլ չենք խոսում բռնության կամ դրա հրահրման փորձերի մասին։ Նույնիսկ խախտվեց ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը, որը երաշխավորում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության եւ անձեռնմխելիության, նամակագրության գաղտնիության իրավունքը։ Նրանք ովքեր ոտքի են ելել եւ պահանջներ են դնում Առաքելական եկեղեցու առաջ՝ ոչ օտար մարդիկ են, ոչ թշնամիներ։ Դեռ երեկ նրանք հաց էին կիսում միմյանց հետ, եղբայրաբար զրուցում։ Մեկ գիշերվա մեջ օդ ցնդե՞ց այդ ամենը։ Հիշենք, հեղափոխության օրերին չհնչեց ոչ մի խոսք, ոչ մի արտահայտություն, որը կարող էր վնասել դիմացինին։ Քաղաքակիրթ պայքարի ձեւը դա է։ Ու այն դեպքում, որ քաղաքական պայքարի մեջ կա հստակ ճամբարավորում, մինչդեռ այս դեպքում պայմանականորեն ասած՝ բոլոր առճակատող կողմերն էլ նույն Եկեղեցու անդամներ են, եւ խոսակցությունը գնում է նույն Եկեղեցու ուղեծրում։ Սրան զոգահեռ, բոլոր գործընթացները պետք է կատարվեն եկեղեցական-իրավական կամ կանոնական գործող ընթացակարգերի շրջանակներում, որպեսզի նաեւ կրոնական գլոբալ աշխարհում շարժումը ունենա լեգիտիմություն եւ ճանաչվածություն։ Այլապես, հաղթանակի դեպքում նույնիսկ, կրոնական աշխարհը չի ճանաչի այդ հաղթանակը, չի արձանագրի արդյունքները եւ կարող է խախտվել Առաքելական եկեղեցու 2 հիմնական կենտրոնների միջեւ եղած այսպես ասած ստատուս-քվոյի կամ հավասարակշռության ռեժիմը։



Ավելի պարզ․ եթե եկեղեցա-իրավական ճանապարհով չլինի կաթողիկոսի հրաժարականը եւ նոր կաթողիկոսի ընտրությունը, անկախ այն հանգամանքից, թե ժողովրդական ինչպիսի հոծ բազմություն նրան կհռչակի կաթողիկոս, միեւնույնն է՝ քրիստոնյա աշխարհը, միջազգային հանրությունը, համակրոնական աշխարհը նրան կընկալի որպես սովորական ուզուրպատոր եւ որպես Առաքելական եկեղեցու միակ լեգիտիմ գահակալ կճանաչի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։ Հիշենք, թե ինչպես քաղաքական հարթության մեջ Նիկոլ Փաշինյանն անցավ Սահմանադրությամբ սահմանված պարտադիր ընթացակարգը ԱԺ-ում՝ վարչապետ ընտրվելու համար։ Իհարկե, կարող էր բավարարվել հրապարակում իրեն վարչապետ հռչակելով, սակայն գոնե ֆորմալ առումով պահպանվեց ընթացակարգը։



**Տիգրան Վահանե**