Սիսիանի հիվանդանոցի լուծարման հարցը ժամանակավոր կասեցվել է

Սիսիանի հիվանդանոցի լուծարման հարցը ժամանակավոր կասեցվել է
Դեռեւս նախկին կառավարության կողմից 12.04.2018թ N 464 Ա «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերաբերյալ լուծարման որոշում էր կայացվել, իսկ նոր կառավարության կողմից էլ կայացվել է նոր որոշում՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասին:



Բանն այն է, որ կառավարության որոշմամբ պետք է լուծարվի Սիսիանի հիվանդանոցը և միավորվի հոսպիտալին, որը 8-9 կմ հեռու է Սիսիանից եւ շրջակա 30 գյուղերից, ինչը հարուցել է տեղի բնակչության զայրույթը։ Հիվանդանոցի բուժանձնակազմը և տեղի բնակիչները բողոքում են դրա դեմ։ Նրանք դիմել են կառավարությանը, սակայն հստակ պատասխան չեն ստացել։ 5000- ից ավելի ստորագրություն են հավաքել, իսկ այսօր պատրաստվում էին փակել Մեղրի-Երեւան միջպետական մայրուղին՝ Սիսիանի հատվածում։ Հասարակության պայքարին մասնակցում են նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը և «Իրավաբան» փաստաբանական կենտրոնը։



Մենք գրել էինք, որ կառավարությունից կապ էին հաստատել Սիսիանում այսօր բողոքի ակցիա անել պատրաստվող խմբի անդամների հետ, հորդորել նրանց որևէ ակցիա չիրականացնել, այլ գալ Երևան՝ խնդրի վերաբերյալ հանդիպում ունենալու փոխվարչապետի հետ։ Սակայն փոխվարչապետի փոխարեն հանդիպել են առողջապահության նախարարի հետ։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Ներսես խաչատրյանը, հիվանդանոցը լուծարելու հարցը ժամանակավորապես կասեցված է։ Նրա խոսքով՝ նախարարի հետ հանդիպումից տպավորություն են ստացել, որ խնդիրը հօգուտ իրենց է լուծվելու․



«Հանդիպել ենք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Սիսիանի հիվանդանոցի լուծարման հարց էինք բարձրացրել, քննարկման արդյունքում հասկացանք, որ հիվանդանոցի լուծարման հարցը այս պահին դադարեցված է, որևէ գործողություն չի իրականացվում թե կառավարության կողմից և թե օրենքով սահմանված կարգով, քանի որ հոսպիտալը չունի լիցենզիա քաղաքացիներին ընդունելու և բուժծառայություն իրականացնելու մասով։ 3 գերատեսչություններ՝ պաշտպանության նախարարությունը, առողջապահության նախարարությունը և Սյունիքի մարզպետարանը պետք է հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտեն։ Մեր կարծիքով՝ կառավարությունը կբավարարի մեր պահանջները։ Որպես լուծարման պատճառ ներկայացվել է հիվանդանոցի ֆինանսական կրիզիսը, որը գոյացել է չարաշահումների արդյունքում, այսինքն՝ հիվանդանոցի տնօրինությունը լավ չի ղեկավարել»։



Իսկ այն հարցին, թե այդ դեպքում հիվանդանոցի տնօրինության հրաժարականի պահանջ չե՞ն ներկայացրել նախարարին, Ներսես Խաչատրյանը ասաց, որ շուտով կներկայացնեն։