Առաջին կադրային փոփոխությունը մշակույթի նախարարությունում

Առաջին կադրային փոփոխությունը մշակույթի նախարարությունում
Մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ առաջին կադրային փոփոխությունը։ Երեկ, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նազենի Ղարիբյանին նշանակել է մշակույթի նախարարի տեղակալ։ Նազենի Ղարիբյանն արվեստաբան է, հայագետ, հրապարակախոս։ Նա 90-ականներին հայտնի հրապարակախոս, ավտովթարից 1999-ին մահացած Տիգրան Հայրապետյանի կինն է։ Աշխատել է հայաստանյան մի շարք թեթերում` «Ազգ», «Մոլորակ», «Նոր ուղի», «Հայկական ժամանակ», մտերիմ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նազենի Ղարիբյանն աշխատել է նաեւ՝ Մատենադարանում։ 2 տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ունի մի քանի գիտական հայտնագործություն, որոնցից մեկը Քրիստոսի խաչելության ճշգրիտ վայրի տեղի բացահայտումն է։ Տեւական ժամանակ ուսանել եւ թեզ է պաշտպանել Ֆրանսիայում։



Նազենի Ղարիբյանը նշանակվել է փոխնախարար Արթուր Պողոսյանի փոխարեն, ով ազատման դիմում էր գրել եւ հեռացել։ Ի դեպ, դրա մասին առաջինը հայտնել էր նախարար Լիլիթ Մակունցը Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում, որի ընթացքում օգտատերերը նրանից հետաքրքրվել էին, թե ինչու մինչեւ հիմա որեւէ կադրային փոփոխություն չի արել, ավելին՝ մեկը նույնիսկ հորդորել էր նախարարին՝ հեռացնել փոխնախարարներին եւ զբաղվել նրանց վրա եղած քրեական գործերով։ Այս առիթով Մակունցը նկատել էր, որ իրավապահներն ընթացք են տվել դատախազությունում առկա գործերին, եւ մոտ ապագայում արդեն ինքը կներկայացնի որոշակի տեղեկություն չարաշահումների, կոռուպցիոն ռիսկեր պարունակող երեւույթների վերաբերյալ։



Նախարարությունում Արթուր Պողոսյանի ազատման դիմումը որքան կանխատեսելի, նույնքան անսպասելի է եղել, քանի որ բոլորը սպասել են փոխնախարար Արեւ Սամուելյանի հրաժարականին, ով հուշարձանների, թանգարանային ոլորտի պատասխանատուն է, եւ ում՝ Ֆեյսբուքում արված վերջին գրառման համար Մակունցը նկատողություն էր արել նրան, որ եթե հայտարարություն է տեղադրում նախարարության աշխատակազմի անունից, ապա նախարարն առնվազն պետք է տեղեկացված լինի այդ մասին, ինչից հետո Սամուելյանը սրբագրել էր իր գրառումը՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է։ Հիշեցնենք, որ խոսքը Հրանուշ Խառատյանի քննադատության մասին է, որը վերջինս բարձրաձայնել էր մշակութային գործիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ Այս պահին մշակույթի նախարարը գտնվում է Վրաստանում, իսկ պարտականությունները դրվել են փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի վրա, ինչը թերեւս նշանակում է, որ նա կշարունակի աշխատել։