Այն, որ հակակոռուպցիոն պայքար պետք է, դա քննարկման ենթակա չէ

Այն, որ հակակոռուպցիոն պայքար պետք է, դա քննարկման ենթակա չէ
Ֆինանսների նախկին փոխնախարար **Պավել Սաֆարյանը**, ով մինչեւ վերջերս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խորհրդականն էր, Կարայանի հետ հեռացավ նախարարությունից։ Այժմ զբաղվում է մանկավարժական աշխատանքով, դասավանդում է Կառավարման ակադեմիայում, ինչպես նախկինում։ Նոր կառավարության ու նոր նախարար Արծվիկ Մինասյանի կողմից, փաստորեն, առաջարկ չի եղել նրան՝ օգտագործելու նրա փորձն ու գիտելիքները։



**-Պարոն Սաֆարյան, ի՞նչ կարծիք ունեք նոր կառավարության մասին, հատկապես տնտեսական բլոկի մասով, որը շատ չփոխվեց։**



-Դե, երկու նախարարներին էլ ճանաչում եմ վաղուց, Ատոմ Ջանջուղազյանի հետ մենք 20 տարի աշխատել ենք, Մինասյան Արծվիկին էլ պառլամենտից գիտեմ, էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ գիտեմ… նորմալ է կարծիքս։



**-Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարվա կեսից ստանձնեց երկրի ղեկը, կարո՞ղ ենք ասել, որ այժմ դեռեւս նախորդ կառավարության իներցիայով ենք առաջ շարժվում։**



-Դե, իներցիան, նայած՝ որ բնագավառում։ Այսինքն՝ այն բնագավառները, որոնցից ես հասկանում եմ՝ ֆինանսներ եւ այլն, դրանցում դեռ էդպես էական ինչ-որ փոփոխություններ չկան, չեմ տեսնում դեռեւս։ Իսկ մնացած բաները դուք ավելի լավ գիտեք՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, բան…



**-Այդ հակակոռուպցիոն քաղաքականությամբ հնարավո՞ր է տնտեսությունը զարգացնել, աճ ապահովել, թե՞ դրանով հնարավոր է միայն բյուջեն լցնել՝ մեխանիկական տարբերակով։**



-Ես հիմա կդժվարանամ չափերի մասին ասել՝ դա ինչքան գումար է, էլի, էդ ժամանակը ցույց կտա։ Այսինքն՝ հիմա որեւէ մեկը կամ էն մարդիկ, որ դրանով զբաղվում են, ինչ-որ քանակական որոշակիությամբ չեն կարող ասել՝ դա ինչքան գումար է բերելու։ Բայց, բնականաբար, տնտեսական աճը կամ տնտեսության զարգացումը միայն բյուջեն լցնելը չէ։



**-Հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջինը ի՞նչ քայլեր պիտի անի, որ նախ պահպանի նախորդ կառավարության արդյունքներն ու նաեւ կարողանա ավելի մեծ արդյունքներ գրանցել։**



-Դե, առաջին քայլը ծրագիրը կլինի։ Երբ որ ծրագիրը կլինի, էն ժամանակ ավելի կոնկրետ կխոսենք։



**-Ի՞նչ եք կարծում, այս հեղափոխական տրամադրությունները կնպաստե՞ն, որ դրսից ներդրումներ լինեն։ Կարեն Կարապետյանը, օրինակ, ավելի շատ իր անձնական կապերով էր փորձում ներդրումներ ապահովել։**



-Էդ տրամադրությունները, իհարկե, լավ բան են, բայց պետք է առարկայական արդյունքներ լինեն, որից հետո նոր… այսինքն՝ ինչ-որ իտերացիայով պետք է լինի, նախ՝ տրամադրություն, հետո՝ առարկայական, ինստիտուցիոնալ բաներ, դրանից հետո նոր՝ ներդրումներ։



**-Իսկ այն, որ տնտեսական բլոկում շատ փոփոխություններ չեղան, էլի մնացին հին կադրերը, դա ինչպե՞ս եք գնահատում նոր իշխանության պայմաններում՝ կադրերի սնանկությո՞ւնն էր խնդիրը, թե՞ ինչը։**



-Նպատակը դա չպիտի լինի, կարծում եմ, նպատակը արդյունքները պետք է լինեն։ Էդ տեսակետից պետք է նայել ոչ թե որ անպայման ինչ-որ բան փոխել։ Նույնիսկ ֆուտբոլի մեջ էդպես չի, չէ՞, որ երեք հատ փոխարինման հնարավորություն ունեն, բայց պարտադիր չէ, որ երեքին էլ փոխեն, նայում են խաղի տեմպին, ընթացքին եւ այլն։



**-Այսինքն՝ ֆինանսների նախարարությունում կա՛մ իսկապես լավ են աշխատել նույն Ատոմ Ջանջուղազյանն ու մյուսները, կա՛մ էլ իսկապես չունենք Հայաստանում լավ մասնագետներ, որոնք կարող են, օրինակ, ֆինանսների նախարար աշխատել։**



-Հիմա, եթե Ջանջուղազյան Ատոմը լավ է աշխատել, ո՞րն է անհրաժեշտությունը, որ անպայման փոխվի ինքը։ Հիմա եթե Ատոմը չեղավ, Պողոսը եղավ, պետք է նայենք արդյունքներին, չէ՞, որ էդ փոփոխության նպատակահարմարությունը որոշենք։



**-Իսկ այս հակակոռուպցիոն արշավն ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության կողմից։**



-Ժամանակը ցույց կտա, հիմա, կարծում եմ՝ դեռ վաղ է, էլի, ինչ-որ գնահատականներ տալը։ Այն, որ հակակոռուպցիոն պայքար պետք է, դա քննարկման ենթակա չէ։ Ուղղակի պետք է մի քիչ համբերենք, սպասենք արդյունքներին։



**-Կարո՞ղ է այս բացահայտումների շղթան բարձրանա մինչեւ նախկին իշխանությունների ամենավերին օղակները։**



-Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, դժվարանում եմ պատասխանել։ Այսինքն՝ բարձրանալու համար նախ պետք է հիմքեր լինեն։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**