Էժանագին մեղադրանքներ

Էժանագին մեղադրանքներ
Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի 2018 թվականի մայիսի 11-ի համարում հրապարակված «[Եթե նման բան որոշեն, ես Ղափանում 10 հազարանոց միտինգ եմ սարքելու](https://www.hraparak.am/posts/5af54702047e5e06d49b8413/%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%A5%D5%B6-%D5%A5%D5%BD-%D5%B2%D5%A1%D6%83%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-10-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81-%D5%B4%D5%AB%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%A5%D5%B4-%D5%BD%D5%A1%D6%80%D6%84%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82)» վերնագրով նյութի, խնդրում ենք հրապարակել Սյունիքի մարզպետի խոսնակի պարզաբանումը:



Հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ապրիլի 26-ին հերթական այցն է կատարել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ, որտեղ հանդիպում է ունեցել ուսանողության ու դասախոսական կազմի հետ: Մարզպետն ուսանողների հետ քննարկել է կրթության ոլորտին, ուսանողության խնդիրներին վերաբերող հարցեր, լսել է նրանց տեսակետներն ու մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկման ընթացքում դահլիճ է մուտք գործել Լեռնիկ Պետրոսյանը, ով ուսանողության ու դասախոսական կազմի օբյեկտիվ դժգոհության պատճառով վերջերս է ազատվել բուհի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից, եւ, ագրեսիվ տոնով ընդհատելով մարզպետին, անհիմն եւ ուղղորդված հայտարարություններ է արել ու հեռացել: Միջադեպից անմիջապես հետո Լեռնիկ Պետրոսյանը շտապել է մարզային լրատվական կայքերից մեկի խմբագրություն ու ակնհայտ կեղծիք պարունակող մեկնաբանություններ արել, որոնք նախօրեին կրկնել է նաեւ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում:



Անտեղի ենք համարում անդրադառնալ Լեռնիկ Պետրոսյանի հայտարարություններին եւ էժանագին հնարք հանդիսացող մեղադրանքներին: Ինչ վերաբերում է վերջինիս՝ մարզպետի կողմից «Սյունիքը թալանելու» զավեշտալի հայտարարությանը, ապա Լ. Պետրոսյանին քաջ հայտնի է Վահե Հակոբյանի կողմից մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո մասնավոր միջոցներով մարզում կատարված աշխատանքների մասին՝ սկսած ապրիլյան պատերազմում զոհված սյունեցիների ընտանիքներին աջակցելու նպատակով սահմանված ամսական թոշակներից, տրանսպորտի գնի սուբսիդավորումից, գերժամանակակից կինոթատրոնի կառուցումից, Կապանի օդանավակայանի վերակառուցումից մինչեւ կրթության, քաղաքաշինության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող ամենատարբեր ծրագրեր:



Ինչ վերաբերում է համալսարան այցի մասին մարզպետարանի կայքում լուր չզետեղելու վերաբերյալ թերթի թղթակցի դիտարկմանը՝ հարկ ենք համարում նշել, որ մարզպետ Հակոբյանը հաճախ է այցելում համալսարան, որտեղ պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով: Ինչպես նաեւ հանդիպումներ է ունենում հասարակական տարբեր շրջանակների հետ, որոնք աշխատանքային բնույթ են կրում եւ լուսաբանման անհրաժեշտություն չեն ենթադրում:



**Վազգեն ՍԱՂԱԹԵԼՅԱՆ**



**Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար**