Սփյուռքը շատ է հեռացել հայրենիքից, հաճախ նույնիսկ անզոր է գտնվել օգնելու իր համաքաղաքացիներին

Սփյուռքը շատ է հեռացել հայրենիքից, հաճախ նույնիսկ անզոր է գտնվել օգնելու իր համաքաղաքացիներին
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ազատվելու է պաշտոնից:



«Նոր կառավարությանը մաղթում եմ լավագույն գործերը և որ սփյուռքահայության հետ կապերն ավելի ուժեղացնեն: Նոր թիմ է գալիս, որին հաջողություն եմ մաղթում»,-կառավարության նիստից առաջ էլ հայտարարեց Հրանուշ Հակոբյանը:



Հրանուշ Հակոբյանի պաշտոնանկության վերաբերյալ hraparak.am-ը զրուցեց Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ:



«Երբ 2008 թվականին հիմնվեց Սփյուռքի նախարարությունը, աշխարհասփյուռ հայության մեջ արձագանքները դրական էին, քանզի բոլորն ակնկալում էին ավելի քան 7 միլիոնանոց Սփյուռքի անմիջական կապը կառավարության հետ և նույնիսկ մասնակցությունը հայապահպանության և հայ ինքնության պահպանման կարևորագույն հարցերում։



Դրական էր նաև Հրանուշ Հակոբյանի նախարարի պաշտոնում նշանակվելու փաստը՝ հաշվի առնելով անցյալում տարբեր գերատեսչություններում այդ ոլորտում նրա ձեռք բերած փորձը։



Պետք է նշել, որ այս տարիների ընթացքում առաջ քաշած և իրականացրած ծրագրերը նույնպես դրական արձագանք գտան Սփյուռքում, թեև դրանց հատկացված միջոցները չափազանց սուղ էին և որոշ դեպքերում՝ նաև անբավարար։ Բազմիցս մասնակցել եմ այդ միջոցառումներին, արծարծել սփյուռքահայության խնդիրները, որոնց, սակայն, ցավով պետք է նշեմ, մինչ օրս ոչ մի լուծում չի տրվել։



Համահայկական համաժողովների ժամանակ մեջ եմ բերել (և ո՜չ միայն ես) ճանապարհաշինության խնդիրը, որի գումարները, արդեն իսկ պարզ էր այն ժամանակ, մաքսիմալ լվացվել են։ Այդ իսկ պատճառով էլ մինչ օրս ունենք վատագույն ճանապարհներ։ Հիշում եմ, նույնիսկ, մի անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանին ասացի քաղաքամիջյան փոքրիկ ճանապարհները կառուցելու կարիք կա, և որ երեխաները դպրոցի ճանապարհին 5 զույգ կոշիկ են մաշում տարեկան։



Նրա կողքին նստած նախարարն ասավ. « Դու լավ տեղերով ման արի»։ Եվ օճառային բնավորության տեր մասնակիցներից մեկն ԱՄՆ-ից ինձ ասաց. «Դու սարքի՜ր, ինչու՞ ես իրենց ասում»։ Ի պատասխան՝ ես ասացի, որ կառավարությունը դրա համար գումար է ստանում, որը սակայն չի ծառայում իր նպատակին»,-սփյուռքի նախարարության աշխատանքին անդրադառնալով՝ պատմեց հայկական համայնքի նախագահը:



Արարատ Ղուկասյանը հաջորդ դիտողությունն է անում. «Բազմիցս արծարծել եմ հեռուստահաղորդումների խնդիրը , որը, հատկապես վերջին տարիներին, հսկայական հետընթաց է ապրել՝ Սփյուռքի, հատկապես երեխաների շրջանում անհետաքրքրության մթնոլորտ ստեղծելով։



Մեր գլխավոր հեռուստաընկերությունները դեռ շարունակում են մնալ հետամնաց, սերիալային և ռաբիսության շրջանակներում, որը, պարզապես, դուրս է մնում երեխաների, պատանիների և երիտասարդների հետաքրքրության շրջանակներից, և վերջիններս նախընտրում են օտարալեզու հաղորդումներ՝ այդպիսով կտրվելով արմատներից։ Ահա այս և նման հարցերը, որոնք բազմիցս արծարծվել են համաժողովների ժամանակ, ցայսօր մնում են չլուծված»։



Հայկական համայնքի նախագահը գտնում է, որ Սփյուռքի նախարարությունը պետք է ավելի մոտենա սփյուռքին, հասկանա առկա խնդիրները և հնարավորինս լուծումներ գտնի դրանց համար։ «Վերջին ժամանակներս Սփյուռքը շատ է հեռացել հայրենիքից՝ ականատես լինելով համատարած կաշառակերության, խաբեության, պաշտոնների չարաշահման, և հաճախ նույնիսկ անզոր է գտնվել օգնելու իր համաքաղաքացիներին։



Պետք է վերականգնել այդ վստահությունը, որը վերացել էր դեպի դեսպոտիզմ տանող Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ։ Հուսով ենք, որ նոր նախարարը կստեղծի մի թիմ, որը կվերականգնի այդ վստահությունը։ Ինքս անձամբ առաջարկում եմ իմ օգնությունն այդ հարցում»,-ասաց մեր զրուցակիցը:



**Արևիկ Հակոբյան**