Հայաստանի քաղաքագետները չեն ճանաչում Ռուսաստանը

Հայաստանի քաղաքագետները չեն ճանաչում Ռուսաստանը

Դավադրությունների տեսություններով տարվելու միտումն այնքան է խորացել, որ ռուսական մամուլում տպագրված ցանկացած հոդված հայ քաղաքագետ կոչվածները մեկնաբանում են որպես Ռուսաստանի պաշտոնական տեսակետ կամ ավելի վատ՝ message: Վերջին տարբերակն ամենազավեշտալին է: Ընդհանրապես հայ մասնագետները, կարծես թե, մամուլ կարդալուց, թարգմանելուց ու մեկնաբանելուց բացի ոչինչ չեն կարողանում անել, ինքնուրույն փորձագիտական միտք չեն կարողանում արտահայտել: Իհարկե, կան երկու-երեք մասնագտներ, որոնք բացառություն են կազմում, բայց դե քիչ է:

Հիմնականում չունենք այնպիսի մասնագետներ, որոնք գիտական հիմքի վրա ճանաչում են Ռուսաստանը, իսկ ճանաչելու համար անհրաժեշտ է իմանալ դրա առանձնահատկություններն ու գործողությունների տրամաբանությունը: Այսինքն՝ Հայաստանում լուրջ ռուսիստներ, ռուսագետներ չկան:

Ընդհանրապես Ռուսաստանի մասին տեսակետ հայտնողներին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինը կեղծ արևմտասեր, դիլետանտ հատվածն է, որը ողողված է ռուսաֆոբիայի ակնհայտ դրսևորումներով, իսկ երկրորդը՝ շիզոֆրենիայի հասնող ռուսասեր, ռուսաֆիլ զանգվածը: Վերջին խմբի մեջ տեղավորվող մասնագետները հիմնականում զբաղվում են Ռուսաստանի ռեժիմի նկատմամբ պաշտամունքով ու քծնանքով՝ շփոթելով դա մասնագիտական կարծիքի հետ: Այսինքն մեր միջավայրում Իրանի, Թուրքիայի, Արաբական երկրների մասնագետներ ունենք, բայց ռուսագիտությունն անտեսված է, թողնված է լուսանցքից այն կողմ: Դե, ու՞մ ա պետք: Միևնույնն է լեզուն գիտեն, կարող են մամուլում տպագրվող ամեն մի անհեթեթություն կարդալ և դա մեկնաբանել որպես Ռուսաստանի մասին փորձագիտական տեսակետ: Ահա այսպիսին է մեր վերաբերմունքը այդ չափազանց կարևոր և ինչու չէ նաև վտանգավոր պետության նկատմամբ:

Ընդհանրապես չընդհատվող պետականություններից միշտ զգուշանալ է պետք, իսկ զգուշանալու համար՝ ճանաչել: Դուք իսկապես կարծում եք, որ թեթերի ու կայքերի միջոցով հնարավո՞ր է ամբողջության մեջ հասկանալ ու ըմբռնել Ռուսաստանի քաղաքականության էությունը: Կամ Комсомольская правда-ում տպագրվող վերլուծական ակնարկի միջոցով փորձում են հասկանալ լրատվական այդ հսկայական տիրույթի տրամադրությունները: Ընկերներ, ռուսական մամուլը անհաշվելի քանակության լրատվականների, թերթերի ու հեռուստաալիքների ամբողջություն է: Իսկ դրանք իրարից անկախ համակարգեր են՝ հետապնդելով տարասեռ հետաքրքրություններ և շահեր: Բացի այդ դաշտը ողողված է հազարավոր հեղինակներով ու սյունակագիրներով, որոնք տարբեր տեսակետներ ունեն աշխարհում տեղի ունեցող այս կամ այն գործընթացի վերաբերյալ: Հիմա, եթե Էդուարդ Լիմոնովը իր բլոգում Հայկական հեղափոխությունը քրֆի, արդյո՞ք դա պետք է դիտարկեք Ռուսաստանի պաշտոնական տեսակետ: Հո դուք գի՞ժ չեք: Կարող ա գիտեք էդ հսկայական կայսրությունը բան ու գործ չունի: Դա նույնն է, երբ Հրապարակ օրաթերթում տպագրվող իմ ակնարկները Ռուսաստանում սկսեն դիտարկել որպես message պաշտոնական Երևանից: Զավեշտալի է, չէ՞:

Հիմա ինչ-որ մի վերլուծագանգ կվերցնի ու կասի. Մոսկվան այնպես, Մոսկվան այսպես: Մոսկվան ի՞նչ, այ կիսագրագետ չայնիկ, մի հատ գնա Մոսկվայի պատմությունը սովորիր, որ հասկանաս, թե Մոսկվան ընդհանրապես ինչ է ուզում էս անարդար աշխարհից:

Որպես լրացում՝ ռուսագիտության ամենախոշոր դպրոցները գտնվում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Դրանք թշնամական դպրոցներ են: Հայաստանն էլ պետք է ռուսագիտության դպրոց ունենա: