Վլադիմիր Գասպարյանը չի կատարել Կարեն Կարապետյանի հրամանը

Վլադիմիր Գասպարյանը չի կատարել Կարեն Կարապետյանի հրամանը

Սերժ Սարգսյանի հրաժարականի գործում մեծ դեր են խաղացել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա ետևում կանգնած ֆինանսական կլանը: Կարապետյանն ընդամենը այդ կլանի ներկայացուցչական դեմքն է:

Նրանց թվում էր, թե հեղափոխությունը կանգ կառնի Սերժի չեզոքացումով և իրենց ճանապարհն այլևս ազատ կլինի զբաղեցնելու այն գահը, որի տիրակալն էր Սերժ Սարգսյանը, ինչպես նաև՝ նրա կլանը: Բայց չստացվեց: Նույնիսկ այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանը փորձեց Ռուսաստանի միջոցով շանտաժի ենթարկել Հայաստանը, այն Հայաստանը, որը նա կառավարության նիստերի ժամանակ հայրենիք էր անվանում:

Այստեղ ամենաուշագրավ էպիզոդն այն է, որ Կարապետյանի ձախողման առաջնային պատճառներից մեկն այն էր, որ ուժային կառույցները չեն ենթարկվել նրան՝ հայտարարելով իրենց չեզոքության մասին: Վերջին պնդման մեջ ես գրեթե ոչ մի կասկած չունեմ: Վլադիմիրի Գասպարյանը չի եթարկվել առաջին փոխվարչապետին՝ ցույց տալով նրան դռան կողմը:

Որքան էլ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր անցյալ ունենա, որքան էլ մենք նրան ծաղրենք, բայց նա գեներալ է, Ղարաբաղյան պատերազմի ամենավերին էշէլոնների զինվորականներից մեկը: Այդ մարդը իր ամբողջ կյանքում ենթարկվել և անվերապահորեն ընդունել է միայն երեք հոգու հեղինակությունը՝ Վանոյի, Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի: Ու սրանից ելնելով նա երբեք չէր կարող կատարել Մոսկվայից ժամանած ինչ-որ գեղեցկադեմ բյուրոկրատի հրամանները, որը ներքաղաքական հարցերը փորձում էր արտաքին շանտաժի հաշվին լուծել:

Ընդհանրապես պատերազմի պատճառով Հայաստանում ուժային կառույցները չափազանց ուժեղ են և ամեն մեկը չէ, որ կարող է դրանց սանձել:

Ի՞նչ է կատարվում բանակում կամ ավելի շուտ ու՞մ է ենթարկվում բանակը: Ճիշտ կլինի հարցը ճշգրտել: Ամեն առավոտ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը ու՞մ են զեկուցում սահմանին տիրող իրավիճակի մասին, ո՞վ է այն մարդը ում հետախուզական և հակատեխուզական տվյալներ են հասնում, իսկ նա էլ վերջնական կարգադրություններ է տալիս հետագա և առօրյա անելիքների վերաբերյալ: Այդպիսի մարդ չկա: Բանակն ինքնահոս վիճակում է և այդ ինքնահոսության անխոչընդոտ ընթացքը պայմանավորված է զուտ կայուն գործող գլխավոր շտաբի գործոնով: Բայց դեռ որքան ժամանակ հնարավոր կլինի այդ կայունությունը ապահովել: Ապրիլի 23-ին մենք զորամասերից դուրս եկած զինվորների տեսանք: Ուրախացանք, հպարտացանք, ծիծաղեցինք, բայց ի՞նչ կլինի, եթե այդ նախադեպը վարակիչ ազդեցություն ունենա և շղթան հասնի միջին և բարձր սպայական անձնակազմին: Ո՞վ է պատասխան տալու:

Ո՞ւմ է ենթարկվում ԱԱԾ-ն: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Բայց նաև համոզված չեմ, որ քաղաքական իշխանության բացակայության պայմաններում հնարավոր է անվտանգության իմաստով ապահովել պետության սահմանադրական կարգն ու երկիրը զերծ պահել, ենթադրենք ահաբեկչական հարձակումներից: Պարզապես հնարավոր չէ, որովհետև պետության ոչ մի կառույց ինքաբավ չէ, այն ինքնին ժամացույցի ճշգրտությամբ գործող մեխանիզմ է և մի մասի շարքից դուրս գալը ուղղակիորեն ազդում է նաև մյուսների բնականոն աշխատանքի վրա:

Շատերը կասեն, դե կառույցներ են էլի, իրենք իրենց աշխատանքը լավ գիտեն: Իսկ ես ասում եմ, որ ոչ, այդպես չի լինում, եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա պետությունները քաղաքական իշխանություններ չէին ունենա և կազմված կլինեին միայն բանակից ու հատուկ ծառայություններից: Մեկ անգամ ևս ամրագրենք, առանց քաղաքական իշխանության այդ կառույցները անգլուխ են և ոչ կենսունակ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կյանքի գրեթե բոլոր ոլորտները վերստին պարալիզացվել են: Եվ ավելի մեծ ուժգնությամբ, նույնիսկ Զվարթնոց օդավավակայանի ճանապարհն է փակ: Այսինքն հավանականությոն կա, որ մինչ այժմ խոշոր ցնցումներից զերծ մնացած տնտեսությունը հնարավոր է և որոշոակի ալեկոծումների ենթարկվի:

Այսինքն հեղափոխական պայքարից և համընդհանուր ոգևորությունից զատ, Հայաստանը նաև չափազանց խառնակ օրեր է ապրում: Անիշխանության օրեր: Պետությունը թուլանում է, մեծանում է նաև կախվածությունը արտաքին խաղացողներից, քանի որ մի շարք իշխանատենչ տականքներ իրենց պետությունը շանտաժի են ենթարկում: Դրա ականտեսը եղանք նաև ԱԺ-ում:

Հնարավոր է միտքս սխալ ընկալվի, բայց հեղափոխություններից հետո պետությունները որպես կանոն թուլանում են: Իհարկե երբեմնի թափը վերականգնվելու ու վերագտնելու հնարավորությամբ:

Բայց այս հանգամանքը որևէ կերպ չի ստվերում մեր հեղափոխության հմայքն ու արժեքը, քանի որ հեղափոխության պատճառը հեղափոխությունը չէ, այլ այն իշխանատենչ մանրախնդիրները, որոնք, տասնամյակներ շարունակ երես են թեքել ժողովրդից՝ հարստահարելով ու կեղեքելով նրան:

Այսինքն՝ ամեն ինչի առաջնային պատասխանատուները հենց նրանք են, ինչպես նաև՝ վերևում նկարագրվող խառնակ իրավիճակի ու անիշխանության: Նրանք երեկ հրաժարվեցին լեգիտիմ և օրինական իշխանություն ձևավորել և արդյունքում այս անարխիան շարուանկվելու է ևս մեկ շաբաթ:

Կդիմանա՞ արդյոք փոքրիկ Հայաստանը, թե՞ ոչ: Չգիտեմ, ամենայն հավանականությամբ, կդիմանա, բայց ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի դիմանալու, անխնա ոչնչանալու է՝ անհետանալով ներհայկական իրականությունից և մարդկային գիտակցությունից: