Ախր, դու ի՞նչ գործ ունես ազատազրկվածների հետ, որ սխալ թվեր ես հրապարակում՝ խայտառակվում

Ախր, դու ի՞նչ գործ ունես ազատազրկվածների հետ, որ սխալ թվեր ես հրապարակում՝ խայտառակվում

100 թիվը թերեւս Նիկոլ Փաշինյանի համար ինչ որ մոգական ազդեցություն ունեցող թիվ է։ Նա գերի է մնացել իր առաջին ասուլիսում 100 կետանոց հաշվետվության գաղափարին, կամ էլ ինչ որ մեկը նրան ներրշնչել է, որ դա հզոր քայլ էր փիառի առումով եւ արժի շարունակել։ Եվ նա մի քանի ամիսը մեկ ասուլիս է հրավիրում եւ 100 կետանոց վիճելի, ծիծաղաշարժ, անհասկանալի, խելացի մարդկանց ոչինչ չասող մի ցանկ հրապարակում՝ ամեն անգամ հայտնվելով այդ մարդկանց հրճվանքի ու քննադատության թիրախի դերում։

Այդ 100 կետերը օրեր շարունակ մարդիկ քննարկում են, բացահայտում դրանց մեջ եղած սուտն ու կեղծիքը, զավեշտն ու անհեթեթությունը։ Ամեն մեկն իր ոլորտին վերաբերող կետերին է ուշադրություն դարձնում, իսկ իմ ուշադրությունը գրավեցին 79 եւ 80-րդ կետերը։
Ահա դրանք․

79. Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. Մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963, իսկ 2019 թվականին՝ 1556 հոգի։ Համապատասխանաբար շարունակում է նվազել ազատազրկված դատապարտյալների թիվը. 2017 թվականին այն կազմել է 1410, 2018 թվականին՝ 1148, իսկ 2019 թվականին՝ 1037 հոգի։

80. Հայաստանի քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից 13 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության ամենախիստ աստիճանից մեկուսացվածության ավելի մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ փակից կիսափակ, իսկ 8 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ, ինչը հանդիսանում է աննախադեպ իրադարձություն քրեակատարողական ոլորտում: Բացի այդ, 2020 թվականին պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2 ցմահ դատապարտյալ։


Ով կբացատրի՝ ինչով է հպարտանալու թեմա ազատազրկման դատապարտված անձանց թվի նվազումը, եթե փաստ է, որ վերջին 2 տարին քրեական հանցագործությունները մոտ երկու անգամ աճել են։ Դատապարտվածների թվի նվազումը խոսում է նախ այն մասին, որ այդ հանցանքները չեն բացահայտվում․ հանցանքն արձանագրվում է, բայց մեղավորին չեն գտնում, դրանից էլ հանցագործությունների աճն ու դատվածների թվի նվազումը։ Մյուս կողմից, դա նշանակում է, որ դատարաններն այնքան ծանրաբեռնված են՝ չեն կարողանում դատավճիռներ արձակել եւ այդ դատավճիռներն ուժի մեջ չեն մտնում։ Ինչը շատ վատ է եւ նշանակում է, որ մարդիկ բերդերում անվերջ սպասում են իրենց գործով դատավճիռներին՝ փակ պայմաններում, առանց ազատ անցուդարձի, որն ապահովված է դատապարտվածների ՔԿՀ-ներում։ Սա նաեւ նշանակում է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը ողջամիտ դատաքննության մասին, մարդկանց նախնական կալանքի տակ են պահում՝ երկար։ Իսկ երբ մարդը նախնական կալանքի տակ է, քիչ հավանական է, որ դատարանն արդարացման դատավճիռ կարձակի։ Նշանակում է՝ խախտվում է նաեւ արդար դատաքննության նորմը։ Այսինքն, 79-րդ կետը մեր իրավապահների վատ աշխատանքի մասին է վկայում եւ այստեղ ոչ մի հպարտանալու բան չկա։

Հիմա գանք 80-րդ կետին։ Նախ, նշենք, որ դատական համակարգն առանձին եւ գործադիրից անկախ իշխանություն է եւ վարչապետին ենթարկվում է միայն ֆորմալ։ Արդարադատությունն էլ իրականացվում է վարչապետի ու գործադիրի կամքից անկախ, ուստի ոչ նրա միջամտությունն է այդ համակարգին արդարացված, ոչ նրա հաջողություններով հպարտանալու, նաեւ՝ անհաջողություններից ամաչելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է ազատազրկվածների ու հատկապես ցմահ ազատազրկվածների թեմային, ապա այս անձինք ազատվում են, մեղմ ռեժիմի են տեղափոխվում պատկան մարմինների որոշումներով։ Ընդամենը 2 ցմահ ազատազարկված արձակումը, որոնք 25 տարի նստել էին, հպարտանալու բան չէ։ Մեղմ ռեժիմի տեղափոխելն էլ շարքային իրավական գործողություն է, որն արվում է տասնամյակներ շարունակ եւ նախկինում դրանով ոչ միայն վարչապետների, անգամ Քրեակատարողական ծառայության պետերի մտքով չի անցել հպարտանալ ու սեփական հաջողությունների թվում թվարկել։

Բայց ես հուսով եմ, որ այս կետերը ոչ թե հենց վարչապետ Փաշինյանի մտքի արգասիքն են, այլ նրա ենթակաների։ Ասենք, Ռուստամ Բադասյանին ասել է՝ քո համակարգում արձանագրված հաջողություններից մի 10 կետ ներկայացրու ինձ, որ իմ 100 կետի մեջ ընդգրկեմ, սա էլ, որովհետեւ, նորմալ նախարար չի ու չգիտի նախարարներն ինչի համար են պատասխանատու, այս կետերն է դեմ տվել վարչապետին։ Հուսանք էլի, որ չխենթանանք այն մտքից, թե այս մանուկին ոնց ենք մեր երկրի ղեկավար կարգել։

Հրանտ Այվազյան
Իրավաբան