Պատմական օր

Պատմական օր
1988-ից ուղիղ 30 տարի անց հայ ժողովրդի երկրորդ զարթոնքի մասնակիցն ենք մենք՝ ազգը ոտքի է ելել, եւ սա արժանապատվության, ինքնիշխանության, առաջընթացի համար պայքար է։ Այս 30 տարիներին մենք Հայաստանում հաճախ չենք ականատես եղել հրաժարականների, մանավանդ՝ երկրի առաջին դեմքի։



Մեզանում աթոռին սերտաճելն ու մինչեւ վերջին շունչն այդ աթոռի համար պայքարելն ավելի նորմալ են, քան ժամանակին, արժանապատիվ հեռանալն ու պաշտոնաթող նախագահի պաշտոնում գործունեությունը։ Իսկ հեռանալուց հետո էլ ՀՀ նախագահների «աչքը», որպես կանոն, մնում է նախագահի աթոռի վրա, եւ նրանք՝ թաքուն, թե բացահայտ, փորձում են հետ վերադառնալ այդ պաշտոնին։ Երկրի առաջին դեմքի կարգավիճակը պահելու կամ իր որոշած իրավահաջորդին փոխանցելու համար ՀՀ նախագահներն անդուլ ջանքեր են գործադրել բոլոր ժամանակներում, անգամ կրակ են բացել սեփական ժողովրդի վրա։ Այս 30-ամյա փորձը հաշվի առնելով՝ չենք կարող չարձանագրել, որ Սերժ Սարգսյանը պետական գործչին վայել քայլ արեց՝ խոհեմաբար հրաժարվեց աթոռը պահելու հետագա ջանքերից։



Անշուշտ, շատ մեծ էր հասարակության դերակատարությունը, բայց չնսեմացնենք նաեւ այդ քայլի իմաստն ու նշանակությունը։ Մանավանդ, որ ոչ ոք, անգամ մի քանի օր առաջ, նման ելք չէր կանխատեսում եւ նման քայլ Սերժ Սարգսյանից չէր սպասում։ Ուրեմն գնահատենք հեռացող նախագահի քայլը, ձեռնպահ մնանք նրան վատաբանելուց եւ հաջողություններ մաղթենք իր հետագա գործունեության մեջ։ Հասկանալի է, որ հասարակությունն ըմբոշխնում է հաղթանակի պատճառած բերկրանքը, բայց այն պետք չէ գերագնահատել։ Այս հաղթանակը մեկ անփոխարինելի ձեռքբերում է պարգեւել մեզ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ նա է որոշում ում հանձնել այն։ Ով չբավարարի ժողովրդի պահանջները, կհեռանա։