Իշխանությունը դատապարտված է․ արցախցի իրավապաշտպանը՝ ՀՀ-ում ընթացող ցույցերի մասին

Իշխանությունը դատապարտված է․ արցախցի իրավապաշտպանը՝ ՀՀ-ում ընթացող ցույցերի մասին
«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին, բողոքի ցույցերին, նշեց․ «Քաղաքացիական աննախադեպ անհնազանդությունը ցույց է՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ ընտրության դեմ։ Ժողովուրդը հոգնել է Սերժ Սարգսյանի քաղաքականությունից, ինչի պատճառով Հայաստանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը՝ ժողովրդավարական ազատությունների խիստ սահմանափակմամբ։ Այսօրվա իրադարձությունները ժողովրդի կողմից ցույց տրվող կարմիր քարտ են Հայաստանում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգին։ Սա իսկական հեղափոխություն է հանուն Ազատության, Հավասարության եւ Բարգավաճման։



Արցախի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աջակցում է Հայաստանի ժողովրդին, քանի որ Հայաստանի ժողովուրդը ձգտում է փոխել երկրի քաղաքական լանդշաֆտը։ Ես չեմ կարող դատել, թե ինչպես է վերաբերվում Արցախի ղեկավարությունը այս իրադարձություններին, բայց գիտեմ, որ ինչպես յուրաքանչյուր հայ, մտահոգված է Հայաստանում տիրող իրավիճակով եւ ցանկանում է խաղաղ հանգուցալուծում։ Ես առաջինն եմ Արցախից կանգնել ժողովրդի կողքին եւ «Ֆեյսբուք»-ի իմ գրառումներով աջակցել մեր ժողովրդին բռնապետ Սերժ Սարգսյանի դեմ պայքարում։



Ես կողմ եմ բանակցությունների եւ խնդիրների լուծման խաղաղ ճանապարհով հանգուցալուծման։ Բայց բանակցությունները կարող են սկսվել միայն Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո եւ պետք է կենտրոնանան քաղաքական համակարգի վերակառուցման վրա։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառողները պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի կամքն օրենք է բոլորի համար։ Ամբողջ երկիրը՝ փոքրից մինչեւ մեծ, ոտքի է ելել խաղաղ բողոքի, որպեսզի վերջ տա ատելի ռեժիմին։ Հետեւելով միտինգավորների հնարամտություններին՝ ես հպարտություն եմ զգում, որ այդ ժողովրդի մի մասն եմ, որի ոգին, անկասկած, կփոխի այս դեգրադացված իշխանությունը։ Նույնիսկ անբարենպաստ եղանակը չի խանգարում այդ պայքարին։ Իշխանությունը դատապարտված է։ Փոփոխությունների շունչը սկսվել է»։