Իշխանական ինքնարբեցում

Իշխանական ինքնարբեցում
Այս պերճախոս բնութագրումը հանդիպում է գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի դատողություններում, մասնավորապես, այն հարցի շուրջ, թե ինչ հարաբերության մեջ են լինում իշխող անհատի «իշխանության զգացումը» եւ իշխանության համարժեք գործադրումը: Քաղաքական գործչի վարքագծի օրինակով Վեբերն առանձնացնում է իշխանավորի երեք հատկություն: Առաջինը «կրքոտությունն» է՝ գործին նվիրվածությունը, կողմնորոշումը դեպի հնարավորինս արդյունավետ աշխատանքը: Երկրորդը «պատասխանատվությունն» է, որն ավելի որոշակի է դարձնում իշխանավորի գործունեության գնահատումը: Երրորդ հատկությունը Վեբերն անվանում է «աչքաչափ». դա իշխանավորի հատկությունն է՝ պահպանելու որոշակի տարածություն սեփական իշխանության եւ «ես»-ի միջեւ, որի շնորհիվ ունակ է գործելու «ներքին զսպվածությամբ եւ հանդարտությամբ», այնինչ տարածության բացակայությունը հանգեցնում է «մահացու վտանգի»՝ փառասիրության: Սա յուրատեսակ «ինքնարբեցում» է, անձնական իշխանությունը ցուցադրելու վարքագիծ, քան փաստացի կառավարում, այսինքն՝ իշխանական լիազորություններից բխող գործառույթների իրականացում:



«Ներքին զսպվածությամբ եւ հանդարտությամբ» գործելիս ապահովվում է սեփական իշխանության ընկալումը՝ որպես դիրքից բխող վարքագիծ, այլ ոչ անձնական կամքի արտահայտություն: Եթե չի ապահովվում այս պայմանը, ապա իշխանությամբ օժտվածն սկսում է ընկալել իր իշխանությունը ոչ որպես դիրքից ածանցյալ կարողություն, այլ որպես իր անձնային հատկություն: Այստեղից էլ, վեբերյան բնութագրմամբ, իշխանավորի կործանարար փառասիրությունը, երբ նա հաշվի չի նստում ոչ միայն այլոց կարծիքների հետ, այլեւ առարկայական հնարավորությունների: Վոլյունտարիզմը, վոժդիզմը, «նապոլեոնական համախտանիշը», առաջնորդի գոռոզամտության մյուս դրսեւորումները հետեւանքն են իշխողի ընկալման խաթարման, երբ դիրքը ներքնայնացվում, իմաստավորվում է որպես զուտ անձնային հատկություն: Այդպիսին երբեք կամովի չի զիջի իր տեղն ավելի արժանավորին, ուստի իշխանավորի դիրքի եւ նրա արժանիքների միջեւ անհամապատասխանությունը գնալով խորանում է: Իշխանատենչությունը նաեւ քողարկվում է քաղաքական պատասխանատվության, «անփոխարինելիության», հանրության շահերին անշահախնդիր նվիրվածության եւ լավագույնս ծառայելու պատրաստակամության ցուցադրմամբ:



Իշխանությունն իշխանավորի հնարավորությունն է՝ իրականացնելու սեփական կամքը, ազդելու այլոց վարքի վրա: Բայց իշխանությունը, որպես այդպիսին, ազդում է հենց իր՝ իշխանավորի վրա: Թե՛ պատմությունը, թե՛ ներկա կյանքը բազմաթիվ հաստատումներ են տալիս այն իրողության, թե իշխանություն ստացած անձն ինչպես է փոփոխվում այդ իշխանության գործադրման, առավել եւս՝ իշխանության տիրույթի ընդլայնման, սեփական կամքը դրսեւորելու հնարավորությունների զորացման ընթացքում: Այդ փոփոխությունը ներառում է մարդուն բնորոշող առավել հիմնարար կողմը՝ արժեքային համակարգը, ինչին էլ հետեւում են գործելակերպի, մտածելակերպի, խոսելակերպի որոշակի փոփոխությունները: Երբեմն մարդու արժեհամակարգի փոփոխություններն այնքան խորքային են լինում, որ եթե համեմատենք նույն մարդուն իշխանություն ստանալու պահին եւ փոքրիշատե երկարատեւ իշխանավարելու շրջանում, ապա դրանք էապես տարբեր մարդիկ կարող ենք համարել: Եվ, թերեւս, ամենաէական փոփոխությունն արտահայտվում է այն պարադոքսի ձեւով, որ որքան մեծանում է անձի իշխանությունը, այնքան ավելի է նա ձգտում իշխանության հետագա ընդլայնման: Իշխանության եւ իշխանավորի անձի միջեւ այսօրինակ կապին շատ հեղինակներ են ուշադրություն դարձրել. «Իշխանության բնույթն այնպիսին է, որ նույնիսկ նրանք, ովքեր գիտակցաբար չեն ձգտել իշխանության, այլ ստանձնել են այն հարկադրաբար, հաճախ սկսում են ավելիին ձգտել» (Օլդոս Հաքսլի):



Նշանավոր հոգեվերլուծաբան Էրիխ Ֆրոմն անցյալի եւ ներկայի շատ առաջնորդներին միավորող իշխանատենչությունը բնութագրում է «անձնիշխանական (ավտորիտար) բնավորություն» հասկացությամբ: Նման անձնավորության հիմնական հատկությունն իշխանության եւ ուժի հանդեպ երկակի վերաբերմունքն է: «Անձնիշխանական բնավորության համար գոյություն ունի երկու բեւեռ՝ զորավորներ եւ անզորներ: Ուժի բախվելիս նրա մեջ ինքնաբերաբար առաջանում է սեր եւ հնազանդվելու պատրաստակամություն, անկախ նրանից, թե ով է ուժ կրողը: Ուժը նրան հրապուրում է ոչ թե այն արժեքների համար, որոնք ապահովվում են ուժի շնորհիվ, այլ ինքնին, լոկ այն պատճառով, որ դա ուժ է: Եվ ճիշտ այնպես, ինչպես որ ուժն է ինքնաբերաբար հարուցում նրա «սերը», անզոր մարդիկ եւ կազմակերպություններն էլ ինքնաբերաբար առաջացնում են նրա արհամարհանքը: Մեն-միայն թույլ մարդու տեսքը նրա մեջ ծնում է հարձակվելու, ճնշելու, ստորացնելու ցանկություն: Մեկ ուրիշ տեսակի մարդը սարսափում է թույլի վրա հարձակվելու մտքից իսկ, մինչդեռ անձնիշխանական անհատն այնքան ավելի է զայրույթ ապրում, որքան ավելի անզոր է նրա զոհը»:



Հասկանալի է, որ նման հոգեբանության տեր ժամկետանց իշխանավորը երբեք կամովի չի հեռանա իշխանությունից, կդիմի նրբահնար շատ միջոցների, քաղաքական սոփեստության, իրավական աճպարարությունների, եւ այստեղ միայն վախը չէ սեփական սխալների եւ հանցանքների համար պատասխան տալու հեռանկարից, այլեւ ինքնարբեցումը, անսխալականության պատրանքը, «միակն ու անփոխարինելին» լինելու ինքնահիպնոսացումը:



Այս երեւույթը՝ իշխանության ինքնարբեցումը, միայն անհատական բնույթի չէ, այլեւ խմբակային, կուսակցական: Ահա թե ինչ է բացեիբաց հայտարարում Ջորջ Օրուելի «1984» վեպում իշխող կուսակցության գաղափարախոսը. «Այն, ինչ կուսակցությունը համարում է ճշմարիտ, դա էլ հենց ճշմարտությունն է: Իրականությունն անհնարին է դիտել այլ կերպ, քան նայելով կուսակցության աչքերով»: Եվ ինքնին հասկանալի է, որ ինքնարբեցած, իրականության զգացումը կորցրած, սեփական վարքը սթափ գնահատելու անընդունակ քաղաքական ուժը սկզբունքորեն ունակ չէ իրական երկխոսության դիմելու հասարակության շարքային անդամների եւ մյուս քաղաքական ուժերի հետ:



Եվ այսկերպ շարունակվելու է, քանի որ եւ քանի դեռ հանրության մեծամասնությունը չի գիտակցել իշխանության ամենամեծ պարադոքսը. եթե իշխանությանը դիմադրություն ցույց չես տալիս, ապա իշխանությունը ձգտում է ամեն ինչ կլանել: Եվ իշխանությունը, հանրության շահերին ծառայելու, մարդկանց համակեցությունը բնականոն կերպով կազմակերպելու փոխարեն, ձգտում է ինքնավերարտադրության՝ իշխանական ինքնարբեցման մոլուցքով գործադրելով քաղաքական, տնտեսական, հոգեբանական, գաղափարական ազդեցության ամբողջ զինանոցը:



**Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ**



**փ.գ.դ., պրոֆեսոր**