Հրապարակը ևս դպրոց է

Հրապարակը ևս դպրոց է
Իշխանամետ լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր մեղադրում են Նիկոլին, որ, իբր, նրա «հրահրմամբ» են անչափահասները մասնակցում հանրահավաքներին: Նոր սերնդի անվտանգությամբ «մտահոգ» են հատկապես դպրոցների տնօրենները, որոնք դատափետող տեքստերով ու գրառումներով հորդորում են անհնազանդության կոչերով չապակողմնորոշել երեխաներին եւ չոտնահարել նրանց կրթություն ստանալու իրավունքը:



Հետաքրքիր է, թե ինչու նույն այդ ջերմեռանդությամբ նրանք չէին ընդվզում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքների դեմ, երբ ավագ դպրոցի սաներին հրապարակներ էին տանում՝ դրոշներ ու փուչիկներ ծածանելու եւ բուռն ծափեր ապահովելու համար:



Կամ՝ նախընտրական շրջանում ծնողներին դպրոց հրավիրելու եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու մասին զրույցներ տանելուց առաջ նույն այդ տնօրենները չէի՞ն մտածում, որ նրանց երեխաներին անուղղակիորեն մասնակից են դարձնում քաղաքական մի իրադարձության, որի անունն ընտրություն է: Չէի՞ն մտածում, որ իրենց ստեղծած գաղջ մթնոլորտում կրթվող երեխան մի օր հայտնվելու է հրապարակում, որովհետեւ իր եւ իր հարազատ կուսակցությունը նրա ընտանիքին զրկել է ազատ ընտրելու իրավունքից:



Ասում են՝ երեխան պետք է դպրոցում լինի, կարդա, գրի, սովորի... Իսկ ո՞վ է հակառակը պնդում: Ընդհակառակը, ասում են՝ հրապարակն էլ է դպրոց, որի տված դասերը չեն մոռացվում, որտեղ մարդը կոփվում է, գաղափարապես հասունանում եւ քաղաքացի է դառնում...



16-17 տարեկան ակտիվիստների համար անհանգստացողներին հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում գրեթե այս տարիքի տղաներն էին կենաց-մահու կռիվ տալիս հակառակորդի դեմ: Դպրոցից ուղիղ բանակ գնացած երիտասարդներ, որոնք ո՛չ կարգին զենք բռնել գիտեին, ո՛չ կիրառել: Բայց կռվեցին տղամարդու պես, հերոսաբար, անձնվեր...



Ինչո՞ւ այն ժամանակ կարող էին, եւ կարելի էր, հիմա՝ ոչ: Հիմա էլ է հայրենիքը վտանգի մեջ, հիմա էլ է զգում պինդ ջահելների կարիքը: