Մոռանա՛նք բոլորս՝ ով, ինչ կուսակցության է պատկանում. Զարուհի Փոստանջյանը Գյումրիում ճանապարհները փակելու կոչ արեց

Մոռանա՛նք բոլորս՝ ով, ինչ կուսակցության է պատկանում. Զարուհի Փոստանջյանը Գյումրիում ճանապարհները փակելու կոչ արեց
Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Համահայկական մեծ ընդվզման շրջանակներում Գյումրիում էր: Կուսակցությունը, չմիանալով Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքին, ընտրել էր իր գործելաոճը: Գյումրու թատերական հրապարակում կուսակցության անդամները կախաղան հանեցին եւ այրեցին ՀՀ նախագահի, նրա տիկնոջ եւ ԱԺ պատգամավորների պատկերներով պատրաստված խրտվիլակները: Իր ելույթում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց. «Եկել ենք մեր ձայնը բարձրացնելու եւ տապալելու իշխանավորներին: Մենք բաց ենք թողել մեր հեղափոխությունը, հետ ենք ընկել համաշխարհային գործընթացից, լուրջ պետություն դառնալուց: Տապալել այս իշխանությունը եւ հիմնադրել նոր ժողովրդական համակարգ»: Նա գյումրեցիներին կոչ արեց վստահել իրեն. «Մի փնտրեք ավելորդ առաջնորդներ, վստահեք ինձ եւ մենք միասին կհասնենք հաջողության, կտապալենք այս հրեշավոր իշխանությանը: Մենք մի քանի տարի առաջ միասին այստեղ փողոց փակեցինք, հիշում եք՝ իշխանությունն ինչ կոլապսի մեջ էր: Պատկերացրեք, թե ինչ վիճակում կհայտնվի հիմա, երբ մի քանի ժամով փակենք հյուսիս-հարավ մայրուղին: Իրենք ծուղակում կհայտնվեն եւ ոչ թե մենք, նրանց արդար դատարանի միջոցով կտեղափոխենք « Վարդաշեն » քրեակատարողական հիմնարկ: Փակելով ճանապարհները՝ թույլ չենք տա, որ ոչ մի ապրանք մուտք գործի այստեղ եւ դուրս գա Հայաստանից: Սա խաղաղ անհնազանդության միջոց է, որով պետք է պայքարենք: Պատմությունը ապացուցել է, որ շատ ազգեր են նման ձևով հաջողության հասել» : «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ղեկավարը նաև անդրադարձավ շատերին հուզող այն հարցին, թե ինչու չի միանում Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծելով ամուր ընդդիմադիր դաշտ:



«Սա ընդդիմության եւ իշխանության տիրույթում ընթացող պայքար չէ: Այս պայքարը գնում է հայ ազգի զավթիչների դեմ: Մոռանանք բոլորս՝ ով, ինչ կուսակցության է պատկանում, ընդունենք այն համազգային ծրագիրը, որ մեր անկախությունից ի վեր, շուրջ 30տարի չընդունեցինք: Պայքարը միայն Երևանով սահմանափակել, բավարար չէ: Բացի այդ, ինչպես ցույց է տալիս փորձը, հավաքվելով Երևանում՝ մենք դառնում ենք իրենց համար մատչելի թիրախ: Նրանք հավաքում են մարզերի ոստիկաններին, տանում են Երևան, եւ հարձակվում են մեզ վրա: Պատկերացրեք, որ եթե Գյումրին, Վանաձորը, Կապանը փակվեն, իրենց թալանը դուրս չի գա, այդ ոստիկաններն իրենց այլևս չեն ծառայելու: Այս շարժումը ազգային-ազատագրական շարժման պետք է վերածվի, որպեսզի հաղթանակ ունենանք»,-ընդգծեց «Երկիր Ծիրանի» -ի ղեկավարը: