Նովրուզ-Բայրամ՝ քաղաքացիական տոն

Նովրուզ-Բայրամ՝ քաղաքացիական տոն
Ու ինչ լավ է, որ Երեւանով ու Երեւանում դեռ ինքնաբուխ ուրախացողներ կան:



Քաղաքում Իրանից ժամանած հյուրերը տոնում են Նովրուզ–Բայրամը: Այս քաղաքը վաղուց հոգնել է իր մոնոէթնիկ կեցությունից: Երեւանը նոր մարդկանց կարիք ունի, նոր լեզուների, նոր հայացքների, նոր հյուրերի, որոնք կվերաշրջեն քաղաքի ռիթմերը՝ ինչ-որ պահի անճանաչելի կդարձնեն նրան թեկուզ տեղաբնակների համար: Երեւանում կողք կողքի ապրել են քրիստոնյաներ ու մահմեդականներ, հայեր, պարսիկներ, թուրքեր, մոլոկաններ, եզդիներ, ադրբեջանցիներ, վրացիներ, հրեաներ, հույներ: Եվ, իհարկե, անհամերաշխություն, տարաձայնություններ, բախումներ միշտ էլ եղել են։ Եվ բնական է՝ տարբեր կրոններ, սովորույթներ, բոլորովին ուրիշ նիստուկաց, ուրիշ աշխարհայացք, եւ, սակայն, ապրել են։ Չմոռանանք՝ նաեւ եղբայրական սիրով են ապրել՝ որպես նույն վայրի հոգսը, ուրախությունն ու վիշտը կիսող հարազատ դրկիցներ:



Այս ամենը պիտի վերականգնվի, եւ գուցե շատ մոտ է այդ օրը: Վստահաբար, երբ հակամարտությունները լուծվեն, ժողովուրդները շատ արագ կմերձենան, կփորձեն խոսել, ճանաչել ու հասկանալ միմյանց՝ լրացնել տարիների բացը: Եվ, ինչ խոսք, դրանից միայն կշահեն Երեւանը, երեւանյան կյանքը, այն ավելի կընդարձակվի, ավելի կամրանա, մենք կունենանք անխտիր միջազգային քաղաք՝ ամենալայն իմաստով: Հին Երեւանում կրոնական տոների մեջ առանձնապես հանդիսավոր պայմաններում են նշել մահմեդականների նոր տարին՝ Նովրուզ-Բայրամը, եւ քրիստոնյաների ջրօրհնեքը: Այդ տոնը կատարել են մարտի 10-ին, հանդիսավոր պայմաններում: Հարություն Արարատյանի վկայությամբ՝ հայոց կաթողիկոսն ու բարձրաստիճան շատ հոգեւորականներ, ըստ սովորության, գալիս էին Երեւան՝ մահմեդականների այդ մեծ տոնը շնորհավորելու համար: Այդ տոնի ժամանակ հայ եւ մահմեդական մեծամեծները մեծ «փեշքեշներով գալիս էին Երեւանի խանին շնորհավորելու եւ տոնախմբություններին մասնակցելու» (Թ. Խ. Հակոբյանի «Երեւանի պատմությունից»):



Իսկ, ահա, Երվանդ Շահազիզն իր «Հին Երեւանում» գրում է․ «Նովրուզ-Բայրամը հնում կոչվել է Նովրուզ-Սուլթանիե, որ նշանակում է նոր թագավորական կամ պետական տարի: Դա, միակ քաղաքացիական տոնը լինելով, միշտ տոնվել է մեծ հանդիսավորությամբ: Մարտի 21-ին, արեւը ծագելուց 47 րոպե անց՝ մահմեդական լուսնի տարվա 12-րդ ամսի մեկին, բերդի հրետանին, բերդապահ զորքը երեք անգամ համազարկ են տվել, որով ավետել են հին տարվա վերջանալը եւ նորի սկսվելը եւ փառաբանել են նոր տարին, սկսվել են տոնակատարություն, զբոսանք, ուրախություն, կերուխում, երգ ու պար, որ տեւել է երեք օր շարունակ, իսկ սարդարի ապարանքում եւ մեծամեծների տներում՝ ութ օր: Նոր տարվա սկիզբը միշտ հայտարարվել է այն րոպեին, երբ արեգակը մտել է Խոյ համաստեղության մեջ՝ լիներ դա գիշեր, թե ցերեկ»: Ուրեմն միշտ Երեւանի համար Նովրուզ-Բայրամը տոն է եղել, իսկական քաղաքացիական տոն: Այս պահին բազմամարդ են քաղաքի փողոցները, պուրակներն ու սրճարանները, Իրանից ժամանած այցելուները վայելում են իրենց հանգիստը, կիսում այն Երեւանի հետ եւ փոխում են քաղաքի իրականությունը, լեզու են բերում, ավանդույթ ու հմայք:







**Արամ ՊԱՉՅԱՆ**