Հայաստանում ռուսները կունենան սեփական ռազմական ոստիկանությունը

Հայաստանում ռուսները կունենան սեփական ռազմական ոստիկանությունը
Արդեն հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազայում եւ Երեւանի զորակայանում կձեւավորի ռազմական ոստիկանության սեփական ստորաբաժանումները, որոնք հետեւելու են Հայաստանում գտնվող ռուսական ռազմական ստորաբաժանումների կարգապահությանը եւ այլն: Նախկինում նման ֆունկցիա իրականացվել է հատուկ պարեկապահակային ծառայության կողմից, սակայն այդ ծառայության կազմում գտնվող զինվորականները համապատասխան պատրաստվածություն չեն ունեցել, իսկ ներկայումս ձեւավորվելիք ստորաբաժանման կադրերը հատուկ պատրաստություն են անցել Վլադիկավկազում: Ռուսական կողմի այս քայլը, եթե անկեղծ լինենք, այլ կերպ չի կարելի գնահատել, քան ոտնձգություն Հայաստանի սուվերենության նկատմամբ:



Հայկական կողմը, բնականաբար, հարկ էլ չի համարել բացատրել, թե ինչ միջպետական իրավապայմանագրային բազայի վրա է այն կազմավորվում, արդյոք ռուս ռազմաոստիկանները Գյումրիի փողոցներում ազա՞տ են շրջելու, ինչպես իրենց բոստանում, թե՞, ամեն դեպքում, հայկական կողմից թեկուզ ֆորմալ ներկայություն լինելու է: Չկա պարզաբանում հայկական կողմից նաեւ այն մասին, թե ռուս ապագա ռազմական ոստիկանները Երեւանի եւ Գյումրու փողոցներում շրջելու են միայն մահակներո՞վ, թե՞ կրելու են մարտական զենք, կամ այդ մարտական զենքը լիցքավորված է լինելու մարտական փամփուշտներո՞վ, թե՞ ուսումնական, կամ մարտական զենքը նախազգուշական նշանակության համա՞ր է միայն ի գործ դրվելու, թե՞ նաեւ, ասենք, վնասազերծման գործողություններ իրականացնելիս, կամ որո՞նք կարելի է համարել վնասազերծող գործողություն` միայն ռուս զինվորի դիմադրությո՞ւնը, թե՞, ասենք, հայաստանցի կամ հայ ընդդիմադիրի բողոքի ցույցն ընդդեմ հայաստանյան իշխանության:



Հարցեր, որոնք մնացել են օդում, եւ եթե ռուսական Հարավային ռազմական օկրուգը չբարեհաճեր այս մասին հայտարարություն տարածել, ապա Քեոփսի մումիան ավելի շուտ կկենդանանար եւ կխոսեր, քան պաշտոնական Երեւանը մարդավարի մի բան կմեկնաբաներ այս առնչությամբ: Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան Հայաստանի հարցում ինչ-որ արմատական փոփոխությունների է պատրաստվում, կամ էլ մեր իշխանություններն են այնքան վախեցած սեփական ժողովրդից, որ փորձում են «դրսից տղա բերել» ժողովրդի վրա: Կներեք, իսկ եթե հարկ լինի, ռուս ռազմական ոստիկանը կարո՞ղ է, օրինակ, հրազենային կրակ բացել իմ վրա՝ որպես ՀՀ քաղաքացու, եւ դրան ՀՀ իշխանությունները նորմա՞լ են նայելու, եւ, ինչպես անցյալի մնացյալ դեպքերը, ծածկադմփո՞ց են անելու, թե՞ ամեն դեպքում պաշտոնական Երեւանը դեռ նամուսի եւ ազգային արժանապատվության փշրանքներ ունի ու կարող է ինչ-որ կերպ գոնե գռմռալ՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար: Իսկ ի՞նչ փոփոխությունների են պատրաստվում, գուցե տարածք հանձնելու ժամկետնե՞րն են արդեն մոտենում: Սրանք դեռ ընդամենը մի փոքր մասն են այն հարցերի, որ ՀՀ քաղաքացին կարող է ունենալ սեփական պետության սուվերենության վերջին մնացորդները բռնաբարող իշխանությունից:







**Տիգրան ՎԱՀԱՆԵ**