Ուշացած պայքար

Ուշացած պայքար
Երեկ թեեւ խորհրդարանական ընդդիմությունը, հանձին «Ելքի», չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ եւ միասնական պայքարի մարտավարություն հրապարակել, դրա փոխարեն քաղաքացիական նախաձեռնություններն ակտիվացան։ Նախ համացանցում հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով միանալ մարտի 24-ի երթին, որը միտված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի դեմ։



Ապա հայտնվեցին կարգախոսները․ «Մերժիր Սերժին», «Եկել ենք, որ տոնդ փչացնենք», «Մի դրժիր, որ չդրժվես», «Մնում ես, որ ի՞նչ անես», «Գնալու պահով տատդ ի՞նչ էր ասում» եւ այլն: Թվում է՝ այս պայքարը պետք է առնվազն երկու տարի առաջ կայանար, երբ իշխանությունը որոշեց փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ անցնել պառլամենտական կառավարման, բայց քաղակտիվիստները կարծում են, որ «մոբիլիզացման համար երբեք ուշ չէ»:



Երեկ նաեւ Սերժ Սարգսյանը tert.am-ին տված հարցազրույցում բացեց փակագծերը․ «Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար․․․ մյուս կողմից՝ չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել․․․»։ Եվ վերջում․ «․․․եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ․․․ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»։