Առաջարկել մրցույթին մասնակցել՝ դեռ չի նշանակում, որ երաշխավորում եմ

Առաջարկել մրցույթին մասնակցել՝ դեռ չի նշանակում, որ երաշխավորում եմ
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ խմորումներն ու ինտրիգները, որ սկսվեցին դեռ անցած տարվանից, շարունակվում են մինչ օրս։ Հունվար ամսին տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը հանգուցալուծում չստացավ. մրցույթին հայտ էր ներկայացրել 4 անձ, որոնց թվում էին թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանը, նույն թատրոնի դերասաններ Արա Դեղտրիկյանն ու Մարատ Խաչատրյանը եւ Հարություն Քոչարյանը։ Արդյունքում Եղիշե Խերանյանը չներկայացավ մրցույթին, իսկ Արա Դեղտրիկյանն ու Հարություն Քոչարյանը, չհաղթահարելով թեստերի փուլը, դուրս մնացին հետագա պայքարից։ 2-րդ՝ հարցազրույցի փուլ անցավ միայն Մարատ Խաչատրյանը, ում, սակայն, մրցութային հանձնաժողովի 8 անդամներից 6-ը դեմ քվեարկեցին, 2-ը՝ կողմ։ Հաղթող չունենալու պարագայում, ի վերջո, նախարարությունն օրեր առաջ նոր մրցույթ հայտարարեց, դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 7-ն է, իսկ մրցույթը կկայանա մարտի 23-ին՝ մշակույթի նախարարությունում։



Նախորդ մրցույթի արդյունքների, թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի ու մի շարք այլ խնդիրների մասին մի քանի հարց ուղղեցինք մշակույթի նախարար **Արմեն Ամիրյանին**, որը ներկայացնում ենք ստորեւ․



-**Պարոն Ամիրյան, ինչպե՞ս եք գնահատում նախորդ մրցույթի արդյունքները**։



-Արժանի մասնակից չգտնվեց, որ հաղթեր մրցույթում, շատ ցավում եմ դրա համար։ Ցավում եմ նաեւ, որովհետեւ մասնակիցներից մեկն էլ իմ ընկերն էր՝ Արա Դեղտրիկյանը, իսկապես իմ լավ բարեկամը, շատ ուրախ կլինեի, եթե նա հաղթեր, բայց որեւէ մեկը չհաղթեց մրցույթում, եւ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հուսամ, որ այս հայտարարված մրցույթին կլինի արժանի թեկնածու, արժանի տնօրեն, ով այդ թատրոնը կբարձրացնի այն արժանի մակարդակին, որը մեր երեւակայության մեջ բոլորս տեսնում ենք։



-**Արա Դեղտրիկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ձեզնից է առաջարկություն ստացել տնօրենի մրցույթին մասնակցելու համար․ այդպիսի առաջարկ արե՞լ եք նրան**։



-Ես բոլոր իմ ընկերներին առաջարկում եմ գալ մեր դաշտ եւ աշխատել։ Առաջարկել մրցույթին մասնակցել՝ դեռ չի նշանակում, որ երաշխավորում եմ..., հիմա էլ առիթն օգտագործում եմ եւ խնդրում դաշտում շահագրգիռ բոլոր անձանց՝ գալ եւ մասնակցել այդ մրցույթին, որպեսզի մենք կարողանանք լավագույն տնօրենին ընտրել։



-**Ամեն դեպքում, ֆավորիտներ ունե՞ք, ասացիք՝ կուզենայիք, որ Ձեր լավ բարեկամ Արա Դեղտրիկյանը հաղթեր, Եղիշե Խերանյանն էլ Հանրային ռադիոյում Ձեր առաջին տեղակալն էր՝ դարձյալ Ձեր ընկերը, գործընկերը։ Ի՞նչ եք մտածում նրանց մասին**։



-Չեմ կարծում, որ Եղիշե Խերանյանը ֆավորիտ է եւ, ընդհանրապես՝ արժանի է, որ շարունակի այնտեղ ղեկավարել, որովհետեւ, նախ, տարիքային առումով Խերանյանին 1-2 տարի է մնացել մոտենալու այդ շեմին, եւ հետո՝ այս պահին ես տեսնում եմ ավելի շատ երիտասարդ տնօրենի, ավելի նոր գաղափարներ գեներացնող եւ այսօրվա ժամանակակից մտածողությամբ առաջնորդվող մեկին։



-**Օրինակ՝ թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը երիտասարդ չէ՞ր**։



-Չեմ ճանաչում նրան, չգիտեմ ում մասին է խոսքը։



-**Նա, ով անցել էր մրցույթի 2-րդ փուլ, բայց հանձնաժողովը դեմ էր քվեարկել**։



-Ես Հայաստանում չեմ եղել, հանձնաժողովի որոշումները չգիտեմ, չեմ կարող գնահատել արդյունքները։



-**Իսկ Արա Դեղտրիկյանը երիտասա՞րդ է, որքանո՞վ է համապատասխանում Ձեր մատնանշած չափորոշիչներին**։



-Արա Դեղտրիկյանը, ամեն դեպքում, ավելի մոտ է կանգնած թատրոնին։



-**Բայց նույն թատրոնում կան մարդիկ, որ տնօրենի պաշտոնում չեն ուզում նրան տեսնել, քանի որ մասնագիտությամբ դերասան է, իրենց գործընկերը, իր սիրելիների շրջանակն ունի, եւ հետագայում օբյեկտիվ լինելու խնդիրներ կառաջանան**։



-Մրցույթը հայտարարված է, թող հաղթի արժանին։ Սա շատ լավ առիթ է, որ բոլոր հնարավոր մասնագետները գան եւ մասնակցեն։



-**Թատրոնի կոլեկտիվն այս ընթացքում մեծ ցանկություն է ունեցել, որ անձնապես գնաք թատրոն, լսեք իրենց, ասում են՝ նույնիսկ նամակ են գրել Ձեզ՝ հանդիպման ակնկալիքով։ Ինչո՞ւ ընդառաջ չեք գնում նրանց**։



-Նամակ պետք չէ գրել, ես մի քանի անգամ ծրագրել եմ, պարզապես չի ստացվել հանդիպել, բայց իմ տեղակալը, ով այդ ոլորտը համակարգում է, բազմիցս առիթներ է ունեցել հանդիպելու նրանց, այնպես որ՝ ես խորքային տեղյակ եմ բոլոր խնդիրներից։



-**Թատրոնի գեղղեկավարի կամ գլխավոր ռեժիսորի հարցը ե՞րբ եւ ինչպե՞ս է լուծվելու։ Այս պաշտոնում ո՞ւմ եք տեսնում**։



-Այս պահի դրությամբ, կարծում եմ, որ, լավ մենեջմենթի դեպքում, մենք պետք է նաեւ մեր համապատասխան մասնագիտական վարչության հետ միասին մշակենք այն ուղղությունը, որով պետք է առաջնորդվի թատրոնը, եւ հրավիրենք տարբեր ձեռագրերով բեմադրիչների՝ տարբեր բեմադրություններ ունենալու համար։ Այս պահին այդ մտադրությունն ունեմ, ամեն ինչ կախված է այն բանից, թե ով կլինի թատրոնի տնօրենը, ինչպիսի մենեջմենթ կունենանք այդ ժամանակ։



-**Իսկ հնարավո՞ր է համատեղվեն այդ 2 պաշտոնները, ինչպես որոշ թատրոններում**։



-Երբեք ոչինչ չի բացառվում... ուզում եք կռահել, թե ով կլինի՞, հավատացեք՝ չկան թեկնածուներ։



-**Այս ընթացքում պարբերաբար խոսվեց նաեւ թատրոնի շենքի վաճառքի, սեփականաշնորհման մասին, Դուք տեղյա՞կ եք դրա մասին, որքանո՞վ է լուրջ**։



-Չի կարող նման բան լինել, դա ընդամենը երեւակայության արդյունք է։ Եթե մենք ստեղծում ենք նոր թատրոնի շենք, մենք թատրոնի շենք վաճառող չենք, մեր կառավարությունը գոնե նման բանով չի զբաղվի։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**