Ազնվության պակաս
Կամ՝ ե՞րբ ենք արձանագրել մարդու կամովին հրաժարականը զբաղեցրած պաշտոնից, այն բացատրությամբ, որ այդ պաշտոնն իր ուժերից վեր բեռ է, եւ ինքը չի կարողանում պատվով տանել այդ բեռը։ Իսկ երբեւէ հիշո՞ւմ եք, որ որեւէ հայտնի քաղաքական գործիչ կամ պաշտոնյա բարձրաձայն գնահատի իր ոլորտի, իր կուսակցության վիճակը եւ խոստովանի, որ իրեն չի հաջողվել այս, այս եւ այս գործերն անել ու ներողություն խնդրել։ Անգամ փակված կուսակցությունների ղեկավարները, սնանկացող գործարարները կամ աշխատանքից հեռացված պաշտոնյաներն ուժ չեն գտնում իրենց սխալներն ընդունելու, հանրության կամ մարդկանց կոնկրետ խմբի առաջ դրանք ազնվորեն խոստովանելու համար։
Նրանք միշտ ճիշտ են, մեղքն իրենցը չէ, մեղավոր են բոլորը, բայց ոչ իրենք։ Այս մթնոլորտն է պատճառը, որ միացնում ես հեռուստացույցը, քեզ թվում է, թե ապրում ես Շվեյցարիայում։ Լսում ես պետական պաշտոնյաներին, թվում է, թե արդեն կառուցել ենք մեր երազանքների երկիրն ու գրեթե անելիք չունենք այլեւս։ Դե, մի քանի մանր-մունր թերություններ են մնացել՝ փողոցում աղբ չթափել, ծխողների քանակը պակասեցնել, մի քանի կիսատ շինարարություն ավարտել։ Եվ ամենակարեւորը՝ լրագրողների աչքերին վարդագույն ակնոց դնել, որ ոչ մի բան սեւ գույներով չտեսնեն ու վերջ։ Դրախտավայր երկիր Հայաստանիս ոչ մեկն ու ոչինչ այլեւս չի հասնի։
**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**
Կարծիքներ