«Ելք»-ը ես չեմ պատկերացնում առանց մեզ

«Ելք»-ը ես չեմ պատկերացնում առանց մեզ
«Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Էդմոն Մարուքյանը այսօր վստահեցնում էր մեզ, որ դաշինքում որևէ տարաձայնություն չկա, և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում իրենք միասնական են։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների՝ «Ելք»-ում տարբեր կարծիքներ կան այդ հարցում․ Նիկոլ Փաշինյանը կողմ է փողոցային կոշտ պայքարին, իսկ Մարուքյանը՝ ինստիտուցիոնալ, անարյուն պայքարի կողմնակից է։ Եթե կոնսենսուս չլինի, եւ հակասությունները խորանան, չի բացառվում, որ Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանը լքի «Ելք» դաշինքը։



«Այո, «Ելք» դաշինքում միշտ էլ թեժ բանավեճեր են եղել տարբեր հարցերով, և վերջում, գիտեք, մենք որոշումները կայացնում ենք կոնսենսուսով։ Հիմա օրակարգային հարցեր կան, որոնց վերաբերյալ ունենք քննարկումներ։ Երբ որ կունենանք որոշում, կհայտարարենք»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանն՝ ըստ էության հաստատելով մեր տեղեկությունները։



Նա նշեց, որ «Ելք» դաշինքում կոնսենսուս կա այն հարցում, որ իրենց բոլորի համար էլ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետն անընդունելի է։ Այս հարցում տարաձայնություններ չկան։ Իսկ դրա դեմ պայքարի մեթոդի հարցում կա՞ տարաձայնություն, հետաքրքրվեցինք մենք, Մարուքյանն ասաց․«Դրա դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ՝ հիմա քննարկումների մեջ ենք, երբ որ կլինի որոշում, կտեղեկացնենք։ Եթե կա բանավեճ, ուրեմն կա նաև քննարկում։ Այսինքն՝ վերջում պետք է գանք ինչ-որ եզրահանգման»։



**-Ես նկատի ունեմ՝ կոնկրետ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մեթոդի հարցում կա՞ն տարակարծություններ, օրինակ՝ Դուք համարում եք, որ պետք չէ դուրս փողոցում պայքարել Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ համարում է, որ պետք է փողոցային պայքարով դրա դեմն առնել։**



-Ես չեմ կարող քննարկման մանրամասները դուրս հանել առանց իմ գործընկերների հետ քննարկելու։ Բնականաբար, տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, և հիմնական մտահոգությունը, հիմնական քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց։



Ինչ վերաբերում է մամուլի նյութերին, թե Էդմոն Մարուքյանը «Ելքը» կլքի և այլն, ես Ձեզ խնդրում եմ՝ նման բամբասանքներին ընդհանրապես պետք չէ տրվել։ «Ելքը» ես ընդհանրապես չեմ պատկերացնում առանց մեզ և չի էլ կարող լինել։



**-Պարոն Մարուքյան, «Ելք»-ում բոլորդ հավասա՞ր չափով եք ընդդիմադիր, թե՞ բոլորն ընդդիմադիր են, իսկ որոշներն՝ ավելի ընդդիմադիր են, քան մյուսները։**



-Բոլորս հավասար չափով ընդդիմադիր ենք։



**-Բայց դա մի տեսակ չի զգացվում․«Ելք»-ից մեկը համարձակ խոսում է Սերժ Սարգսյանի դեմ և ասում է, որ նա չպետք է լինի, մյուսն ավելի ինստիտուցիոնալ, «կառուցողական» դիրքերից է հանդես գալիս։**



-Խնդիրը հետևյալում է՝ այդ խոսակցությունն ինչ արդյունք կտա, մեզ ուր կտանի, և երբ որ մենք կորոշենք՝ ինչ ծրագրով ենք հանդես գալիս, դա կհրապարակենք, բոլորդ կիմանաք։



**-Սերժ Սարգսյանը կարո՞ղ է կռիվ գցել «Ելք»-ում։**



-Ոչ։



**-Բայց ստացվում է, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի շուրջ «Ելք»-ում ինչ-որ կռիվ ընկել է։**



-Կռիվ չկա «Ելք»-ում, «Ելք»-ում կա առողջ բանավեճ, որը վերաբերում է մեր գործողությունների արդյունավետ իրականացմանը։



**-Ձեր անձնական տեսակետն ինչպիսի՞ն է այդ հարցում։**



-Մեր տեսակետը կլինի կոնսենսուսի մեջ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**