Ղարաբաղյան շարժում․ Ո՞րն էր սխալը

Ղարաբաղյան շարժում․ Ո՞րն էր սխալը
**Ինչի՞ն է դեմ և ի՞նչը կընդունի աշխարհը**



Աշխարհի պետությունների ղեկավարների մեծ մասը թաքնված վախ ունի, որ իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունները կարող են հանկարծ հիշել ինքնորոշման իրավունքի մասին եւ պահանջել, որ իրենց շնորհվի ինքնավարություն կամ էլ տրվի անկախություն: Այդ պատճառով էլ չհավատաք, թե նրանք կարող են հոժարակամ ճանաչել որեւիցե մեկի անկախացումը: Չէ՞ որ դա կարող է դառնալ նախադեպ եւ վատ օրինակ ծառայել սեփական երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների համար: Բայց եթե որեւէ երկիր դարձել է հանցավոր եւ գաղտնի դավադրության զոհ, դրա հետեւանքով նրա տարածքի մի մասն օկուպացվել է, աշխարհը չի ցանկանա ճանաչել այդ օկուպացիան: Չէ՞ որ յուրաքանչյուր երկրի ղեկավար կվախենա օրինականացնել նման անօրինականությունը, որպեսզի վաղն ինքը չհայտնվի նման զոհի կարգավիճակում:



Չգիտեմ, թե ով է խորհուրդ տվել մեր ղեկավարներին Արցախի հարցում վկայակոչել նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սակայն դա, մեղմ ասած, վատ խորհուրդ է: Ինչն ապացուցվում է հայերի վերջին երեք տասնամյակի ապարդյուն պայքարով, նաեւ՝ այլ երկրների նման փորձերի ուսումնասիրությունով: Վերջին կես դարում եզակի դեպքեր են եղել, երբ հակամարտող կողմերից մեկը համաձայնել է ճանաչել իր փոքրամասնության այդ իրավունքը: Եթե եղել է, եղել է մի քանի տասնամյակ տեւած զինված հակամարտությունից հետո, երբ համաձայնող կողմի տնտեսական, ֆինանսական եւ ժողովրդագրական վիճակը դարձել է աղետալի, այլեւս ուժ եւ ռեսուրս չի մնացել պայքարը շարունակելու համար, եւ ուրիշ ելք չի եղել, քան համակերպվել իրողության հետ: Գազով հարուստ, Թուրքիայի աջակցությունը վայելող, ժողովրդագրական խնդիրներ չունեցող Ադրբեջանի պարագայում դժվար թե նման վերջաբան լինի: Չնայած հնարավոր է, որ խորհուրդ տվողը, նաեւ հակամարտող երկրների վերնախավերը լավ էլ գոհ են, քանի որ այդ հակամարտության շնորհիվ կարողանում են հարստանալ եւ հեշտությամբ կառավարել: Ինքնորոշման իրավունքին պետք է հղում կատարեն այն ժողովուրդները, որոնք չունեն այլ փաստարկներ: Մենք՝ հայերս, դժբախտաբար, դրա կարիքը չունենք:



**Ինչ է լինում, երբ հիվանդն ունենում է թոքաբորբ, իսկ նրան տալիս են հարբուխի դեղ**



Շատերն են զարմանում, թե ինչու է Հայաստանի հետ Արցախի միավորման հարցի բարձրաձայնումն այսօր աշխարհում դիտարկվում որպես ագրեսիայի դրսեւորում: Ավելին՝ մինչ օրս ոչ մի երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը: Ինչպե՞ս է, որ մերձբալթյան հանրապետությունները հաջողեցին, իսկ Հայաստանը՝ ոչ: Պատճառները մի քանիսն են, բայց հիմնականն այն է, որ նրանց հաջողվեց չեզոքացնել իրենց դժբախտության գլխավոր պատճառը: Իսկ մենք, չանդրադառնալով գլխավորին, պայքարում ենք նրանից ծնված հետեւանքների վերացման դեմ: Դա նույնն է, որ հիվանդն ունենա թոքաբորբ, իսկ նրան տան հարբուխի դեղ: Եթե չմահանա՝ լավ է:



**Ո՞րն էր սխալը**



Մերձբալթյան հանրապետությունները սկզբից եւեթ ճիշտ ուղի ընտրեցին՝ պահանջեցին, որ աշխարհը ճանաչի, որ այդ երկրները դարձել են ագրեսիայի զոհ: Որ հիտլերյան Գերմանիան եւ ստալինյան Սովետական Միությունը հանցավոր եւ գաղտնի դավադրության միջոցով պայմանավորվել, գրավել եւ կիսել են այդ երկրների տարածքները՝ ըստ Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի գաղտնի կետերի: Մենք էլ պետք է նույնն անեինք՝ պահանջեինք ճանաչել, որ Հայաստանի առաջին հանրապետությունը դարձել է դավադրության եւ ագրեսիայի զոհ: Որ քեմալականները եւ բոլշեւիկները հանցավոր եւ գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Հայաստանի, նաեւ հարավկովկասյան մյուս հանրապետությունների տարածքները գրավելու եւ կիսելու մասին: Ընդ որում՝ քեմալականները պահանջել են, որ Հայաստանի հանրապետության այն տարածքների մի մասը, որոնք չէին անցնելու Թուրքիային, տրվեին Ադրբեջանին: Այդ գործարքից երեք կողմերն էլ շահել են՝ բոլշեւիկյան Ռուսաստանն ստացել էր Բաքվի նավթն ու Հարավային Կովկասը, Ադրբեջանը՝ հայկական տարածքներ, իսկ քեմալականները՝ զենք եւ ոսկի, որոնց շնորհիվ կարողացել էին հաղթել Հայաստանի հանրապետությանը եւ տիրել նրա տարածքների մի մասին: Կարողացել էին նաեւ հաղթել Անտանտի զորքերին եւ խափանել Սեւրի պայմանագրի պահանջների կատարումը, ըստ որի՝ Հայաստանին պետք է անցներ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթների 90 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ ելքով դեպի Սեւ ծով:



Ինչպես ասվեց, քեմալաբոլշեւիկյան գաղտնի գործարքից շահել էր նաեւ Ադրբեջանը, որին փոխանցվել էր Հայաստանի տարածքների մի մասը՝ ներառյալ Նախիջեւանը եւ Ղարաբաղը: Եվ, ինչպես այսօր ենք ասում, որ եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին ճանաչվեր ու դատապարտվեր, Հոլոքոստը չէր լինի, պետք էր ասել, որ եթե քեմալաբոլշեւիկյան դավադրությունը եւ դրա հետեւանքով 1921 թվականին կնքված Մոսկվայի խայտառակ պայմանագիրը դատապարտվեին, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը չէր լինի: Խայտառակ, որովհետեւ այդ պայմանագիրը լրիվ անօրինական է: Այդ մասին են վկայում բոլոր այն իրավաբանները, որոնք կարդացել են այն:



Եթե Հայաստանն ընտրեր պայքարի ճիշտ ուղի, հնարավոր կդառնար միավորել մերձբալթյան հանրապետությունների եւ մեր ջանքերը, եւ հանցավոր ու անարդարացի ճանաչվեր ոչ միայն Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, այլեւ Մոսկվայի պայմանագիրը: Չէ՞ որ այն օրերին Կրեմլն ուրիշ էր եւ պատրաստ էր ճանաչել բոլշեւիկների սխալները: Իսկ Ղարաբաղի եւ Նախիջեւանի պատկանելության հարցերը, ըստ ամենայնի, բխում են հենց այդ պայմանագրից ու դրան նախորդող գաղտնի բանակցություններից:



**Ո՞րն էր պատճառը**



Ղարաբաղյան շարժման առաջնորդների մեջ չկային միջազգային իրավունքի մասնագետներ եւ դիվանագետներ: Նրանք անփորձ էին եւ անսպասելի էին տիրացել իշխանության ղեկին: Երեւի թե դա էր պատճառը, որ նրանք ընտրեցին հեշտ՝ Գորբաչովին հաճոյանալու ուղին: Այդ օրերի նրանց կարգախոսն էր՝ «Ленин, партия, Горбачев-Сталин, Берия, Лигачев»: Այսինքն՝ ԽՍՀՄ առաջնորդի ազգանունը նշվում էր այդ օրերին դրական համարվող եռյակի թվում, որին հակադրվում էր երկրորդ՝ բացասական եռյակը՝ Ստալինի գլխավորությամբ: Ստալինի, որը 1921 թվականին ստիպել էր Կովկասյան բյուրոյին փոխել նախորդ օրը նրա կայացրած հայանպաստ որոշումը եւ Ղարաբաղը փոխանցել Ադրբեջանին: Ինչը, ըստ ամենայնի, կատարվել էր քեմալականների հետ գաղտնի գործարքի պահանջներին հետեւելով: Որոնց մասին հայանպաստ որոշում կայացրած Կավբյուրոյի անդամները տեղյակ չեն եղել:



Երբ պարզ դարձավ, որ հաճոյանալը Գորբաչովին չի դյութում, սկսվեցին անձնական վիրավորանքները նրա հասցեին: Հետեւեց երկրաշարժը, որի բնական աղետ լինելը ոմանք կասկածի տակ դրեցին: Նաեւ՝ Շահումյանի շրջանի կորուստը՝ սովետական բանակի միջամտությամբ: Բարեբախտաբար, իշխանության ղեկը փոխանցվեց Ելցինին, որը, մեղմ ասած, չէր սիրում Գորբաչովին եւ շատ բաներ անում էր ի հեճուկս նրան: Նույնիսկ ստորագրեց ԽՍՀՄ տրոհման մասին բելովեժյան փաստաթուղթը:



Եթե այդ օրերին Հայաստանի ղեկավարները բարձրաձայնեին քեմալաբոլշեւիկյան գործարքի հանցավորության մասին, չի բացառվում, որ Բորիս Ելցինն ընդուներ դա, ինչպես որ ընդունեց Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի հանցավոր լինելը: Այդ օրերին նաեւ հասանելի դարձան Ռուսաստանի արխիվները, եւ հնարավոր էր պարզել այդ գործարքի եւ դրան նախորդած քեմալաբոլշեւիկյան բանակցությունների մանրամասները: Սակայն դա չարվեց: Որպես Արցախի անկախացման հիմնավորում՝ սկսեցին նշել արցախցիների ինքնորոշման իրավունքը, որը, ինչպես արդեն ասվեց, պետք է հանգեցներ փակուղու...



Եթե Հայաստանի ղեկավարությունը պահանջեր, որ քեմալաբոլշեւիկյան գործարքը համարվի հանցավոր, շատերը կպաշտպանեին այդ գործարքի զոհ դարձած Արցախի իրավունքները: Եվ 2011 թվականին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Մեդվեդեւը եւ Էրդողանը Մոսկվայի պայմանագրի 90-ամյակը չէին կարողանա նշել այդքան մեծ շուքով: Չէ՞ որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հոբելյանները չեն նշվում...



Բայց դա, ըստ ամենայնի, այն պատճառով է, որ, ի տարբերություն Թուրքիայի եւ Ռուսաստանի, Գերմանիայի եւ ոչ մի ղեկավար չի համաձայնի նշել իր երկրի պատմության ամոթալի իրադարձությունների հոբելյանները…







**Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ**