Սա հարված էր ոչ թե գրահրատարակչական ոլորտին, այլ՝ մանուկներին

Սա հարված էր ոչ թե գրահրատարակչական ոլորտին, այլ՝ մանուկներին
«25 տարի հրատարակում ենք մանկական գիրք, եւ ՀՀ օրենքն ասում էր, որ մանկական գիրքն ազատված է ավելացված արժեքի հարկից, բայց հունվարի 1-ից նոր սահմանում են տվել, որ մանկական գիրք համարվում է այն գիրքը, որ կրթության նախարարության կողմից հաստատված է, հետեւաբար՝ միայն նա է ազատվում հարկումից, այսինքն՝ եթե անգամ դա լինում է երեխայի սոսկայի վրա նկար կամ փոքրիկ լողանալու խաղալիք, կտորից գիրք, մինչեւ ԿԳ նախարարությունը չհաստատի, որ դա մանկական գիրք է, այն չի համարվելու մանկական գիրք»,- ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն **Արմեն Մարտիրոսյանն** ու հավելում, որ հիմա Հայաստանի բոլոր հրատարակիչները, որոնց մի մասը գուցե դեռ չգիտի այս փոփոխության մասին, հայտնվել են վատ վիճակում, քանի որ իրենք մանկական գրքերն առանց ավելացված արժեքի հարկի նշման էին խանութներին տալիս, իսկ հիմա ստիպված կլինեն իրենց գրպանից լրացուցիչ 20 տոկոս վճարել։



«2-րդ․ գործընթացը, որպեսզի մի գիրքն ավելացված արժեքի հարկից ազատվի, տեւում է մոտավորապես 3 ամիս, որովհետեւ ԿԳ նախարարություն ես ուղարկում, այնուհետեւ այդ գրքերը գնում են Կրթության ազգային ինստիտուտ, որի մասնագետները հատ առ հատ կարդում, քննարկում են այդ գրքերը։ Այսինքն՝ այդ մի գրքի ուսումնասիրությունը ժամանակ է պահանջում, որն իսկապես լուրջ աշխատանք է։ Իմ մոտավոր հաշվարկով՝ Հայաստանում կա մոտ 30 հազար անուն մանկական, ուսումնական գիրք, որոնք իրենց բնույթով ազատվում էին ավելացված արժեքի հարկից՝ նախորդ օրենքի համաձայն, հիմա ստացվում է՝ այդ 30 հազար անուն գիրքը, որ պետք է ավելացված արժեքի հարկից ազատվի (ոչ թե զրոյական ավելացված արժեքի հարկ, այլ` ազատված ավելացված արժեքի հարկ), եթե այդ 30 հազար գիրքը նախարարության միջոցով գնա Կրթության ազգային ինստիտուտ, իմ հաշվարկով՝ 30 հազար օր է պահանջվելու, իսկ դա նշանակում է, որ մոտ 90 տարի պետք է, որ այդ 30 հազար գիրքն ազատվի ավելացված արժեքի հարկից։ Դրանք մեր բազմատաղանդ Ազգային ժողովի եւ սուպերգիգանտ կառավարության արած փոփոխություններն են, որ արվել են դեկտեմբեր ամսին՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, ԱԺ-ն այդ փոփոխություններն ընդունել է»,- ասում է Մարտիրոսյանը։



«Անտարես» հրատարակչության տնօրենն ընդգծում է՝ բիզնեսն ուզում է հասկանալի պայմաններում աշխատել, բայց եթե բիզնեսի համար շուտ-շուտ պայմաններ են փոխվում, կարեւոր չէ՝ օրենսդրական պայմաններ են, թե գնային, բիզնեսն այդ տեղերից փախչում է․ «Հիմա մեր կառավարությունն առավոտից իրիկուն ասում է, որ մի քանի միլիարդի ներդրումներ կբերեն․ դա մեծ սուտ է, քանի որ մաքուր փողը հոսում է միայն տեսանելի, կանխատեսելի երկրներ։ Հիմա ամեն տարի, դեկտեմբեր ամսին (չի եղել մի տարի, որ մի անշնորհքություն չլինի) մտնում է հարկայինի փաթեթը, որտեղ հարկային օրենսդրության մեջ արվում են բազմաթիվ փոփոխություններ, եւ առաջին տեղը, որտեղ դա տպագրվում է, պարբերականն է, որը, որպես կանոն, լույս է տեսնում հունվարին, մինչեւ հասնում է բիզնեսմեններին, տեւում է եւս մի ամիս, ու միշտ հունվար-փետրվար ամիսներին բիզնեսն սկսում է շոկի ենթարկվել, քանի որ հակաբիզնեսային պայմաններ են ստեղծվում։ Նման սյուրպրիզ մեր մանուկները երեւի թե չէին սպասում, իհարկե՝ բնությունն այնպես արեց, որ Հայաստանի քաղաքացիները մի քիչ հեշտ տանեն ձմեռը, բնությունը մեր կողմից էր, տաք ձմեռ եղավ, բայց կառավարությունն ինչպես որ եղել է մեզ կեղեքող, ոչնչացնող, մեր դեմ աշխատող, այդպես էլ մնացել է»։



Թե այս փոփոխությունն ուղղակիորեն ինչպես կանդրադառնա մանկական գրքերի տպագրության, գների, դրանց վաճառքի վրա, Արմեն Մարտիրոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ հիմա հաստատ բոլորը 20 տոկոս իրենց գրպաններից տալու են ու այդ 20 տոկոսները հետո պետք է վերականգնեն, որովհետեւ բիզնեսը չի կարող մինուսով աշխատել։ Մանկական գրքերը լավ են վաճառվում, ու, կարելի է ասել, որ մանկական գրքի ոլորտն ինչ-որ չափով բիզնես է, չեմ ասի, թե մեծ շահույթներ են ստանում, բայց յոլա էին գնում, իսկ հիմա… եւս 20 տոկոս։ Դա նշանակում է, որ այս ամեն ինչը վնասաբեր է լինելու, իսկ դա էլ նշանակում է, որ բիզնեսը պետք է մտնի ժողովրդի գրպանը եւ վերականգնի իր վնասները։ Մտածող ծնողը, որ իր երեխաների համար գիրք է առնում, որպես կանոն, դժվար վաստակող ծնողն է, եւ այդ դժվար վաստակից ինքը պետք է ավելի թանկ վճարի մանկական գրքի համար։ Այսօր իրական պայքարը Հայաստանում գիտելիքի ու տգիտության միջեւ է, եւ երբ գրքերը դառնան ավելի թանկ, ու գիտակից ծնողը չկարողանա իր բալիկի համար գիրք առնել, դա նշանակում է, որ կառավարությունը մեզ համար նոր տգետ սերունդ է պատրաստում, որովհետեւ խելացիների հետ չի կարողանում մրցել»։



Մարտիրոսյանը կարծում է, որ իր գործընկերները դեռ տեղյակ չեն կամ էլ մասամբ են տեղյակ այս օրենքից, համենայնդեպս՝ նախօրեին, երբ գիրք նվիրելու օրվա շրջանակներում հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, խոսք չի գնացել դրա մասին։ Ըստ նրա՝ սա հարված էր ոչ թե գրահրատարակչական ոլորտին, այլ նախեւառաջ՝ մանուկներին․ «Գրահրատարակչական ոլորտը փող չի աշխատում գրքի վրա, օրինակ՝ «Զանգակը» դասագիրք է տպում, դրա շահույթը դնում է գրքի մեջ, մենք գովազդ, մարկետինգ ենք անում, այդ փողը դնում ենք գրքի մեջ, «Բուկինիստն» առեւտուր է անում, դրա շահույթը դնում է գրքի մեջ, մյուսները՝ նույնպես։ Այսինքն՝ այս հարվածը մեզ ուղղված չէր, որովհետեւ մենք, այսպես թե այնպես, գիտակցում էինք, թե ինչ ենք անում, բայց այսպես որ գնա, երեխաները մնալու են առանց գիրք, կամ գիրքը թանկանալու է։ Սա է խնդիրը»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**