Գերագույն Հոգեւոր խորհրդի աննախադեպ հայտարարության մեսիջները

Գերագույն Հոգեւոր խորհրդի աննախադեպ հայտարարության մեսիջները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունն ասում է, որ այս օրերին ընդլայնված կազմով Մայր Աթոռում ժողով կազմակերպող Գերագույն հոգեւոր խորհուրդը՝ կապված Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանում ստեղծված կացության հետ, հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունը կարելի է որակել աննախադեպ՝ կոշտության եւ հասցեականության տեսանկյունից: Նախ՝ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավար կոլեգիալ մարմիններից մեկը հանդիսացող Գերագույն հոգեւոր խորհուրդը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ 10 տարի շարունակ գահակալող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության պայմաններում, որոնք նրան զրկել են Աթոռը կառավարելու հնարավորությունից, պոլսահայ համայնքում եւ Աթոռում ի հայտ են եկել անցանկալի երեւույթներ: Նույնիսկ եկեղեցական բառապաշարին հատուկ զսպվածության պայմաններում պարզ երեւում է, որ ԳՀԽ-ն կասկածի տակ է դրել այդ 10 տարիներին Աթոռի ղեկավարությունն ստանձնած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գործունեության արդյունավետությունը: Ապա արդեն արձանագրելով, որ Աթոռի շուրջ ստեղծված կացությունը համահայկական ընդվզում է առաջ բերել, ԳՀԽ-ն պարզ ակնարկել է, որ Պոլսո Հայոց պատրիարքական Աթոռը որեւէ մեկի բոստանը չէ, որ ոնց ուզի՝ վարի ու ցանի, եւ այն ունի համահայկական, համազգային նշանակություն, եւ ըստ այդմ էլ, համայնքից զատ, Աթոռի պատասխանատուները պատասխանատու են նաեւ համայն հայության, ողջ ազգի առաջ եւ հարկ եղած դեպքում նաեւ ազգի դատաստանի առաջ պետք է կանգնեն:



Մայր Աթոռը փաստում է, որ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական գահը փաստացի թափուր է եւ ներկայացնում է պատրիարքական ընտրությունների գործընթացի վերջին հանգրվանները՝ սկսած նախանցյալ տարի տեղի ունեցած դեպքերից մինչեւ Աթեշյանի գործողությունները: Ուշագրավ է բաց տեքստով արվող հայտարարությունը, որ, չնայած կայացած համաձայնությանը՝ Մայր Աթոռում պատրիարքի ընտրությունների անցկացման հետ կապված, եկեղեցական պատասխանատու մարմիններն ու անձինք իրենց անշրջահայացության հետեւանքով այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ հնարավոր է դարձել արտաքին ազդեցությունն ու թուրքական իշխանությունների միջամտությունը: Այստեղ հասցեատերը ե՛ւ Նախաձեռնող մարմինն է, ե՛ւ Գարեգին արք. Բեքչյանը, որը գուցեեւ նման հարցերում պետության հետ շփման փորձի պակաս ուներ, եւ հատկապես Արամ արք. Աթեշյանը, որը, սեփական նկրտումներից ելնելով, վիժեցրել է հերթական փորձը: Այստեղ արդեն տեղին է ֆիքսել, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը, ըստ ամենայնի սթափության կոչ անելով Բեքչյանին, Աթեշյանին եւ մնացյալ եկեղեցականներին եւ հորդորելով սրբագրել սխալները, նախազգուշացնում է, որ նույն ընթացքի շարունակությունը կարող է բերել կտրուկ հետեւանքների:



Ինչպեսեւ սպասելի էր, իրենց բաժին նախատինքն ստացել են նաեւ համայնքում եւ պետության մեջ դիրք, պաշտոն եւ ազդեցություն ունեցող ազգայինները, որոնք եւս քիչ ներդրում չունեցան այս վիժեցման գործում: Այստեղ հստակ կարելի է տեսնել, ու սլաքն ուղղվում է նախեւառաջ Պետրոս Շիրինօղլուին, ով, ունենալով մոտ հարաբերություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, միացել ու տանդեմ էր կազմել Աթեշյանի հետ՝ ձախողելով սկսված ընտրական պրոցեսը:



Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ անուղղակի դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ այս հայտարարությամբ ակնկալելով Անկարայի աջակցությունը պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործում: Սա արդեն մի վիճակ է, երբ Գերագույն հոգեւոր խորհուրդը, ըստ էության, Անկարային առանց միջնորդների, առանց Աթեշյանի, Շիրինօղլուի եւ այլոց, ուղղակի երկխոսության հրավեր է ուղղում, մի բան, որ Անկարան միայն հիմար պետք է լինի չընդունելու համար, քանի որ այն նաեւ հայ-թուրքական հարաբերություններում նոր էջ բացելու հնարավորություն է (հիշենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մյունխենի համաժողովում` Թուրքիայի հետ նոր պայմաններով նոր բանակցությունների եւ նոր կնքվելիք փաստաթղթի մասին): Այս փուլում այլ հայտարարություն դժվար էր նույնիսկ ակնկալելը, եւ հետաքրքիր կլինի արդեն «հետո»-ն, այսինքն՝ կողմերի արձագանքները:



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**