Գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իշխանության է եկել կեղծված և արյունով հաստատված ընտրությունների արդյունքում

Գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իշխանության է եկել կեղծված և արյունով հաստատված ընտրությունների արդյունքում
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընթերցեց Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության մշակած հայտարարության տեքստը, որը, որպես նախագիծ, պետք է դրվի քվեարկության և ընդունվի կամ մերժվի խորհդրարանի կողմից։ Այս թեմայով փետրվարի 23-ին «Ելքի» նախաձեռնությամբ նաև խորհրդարանական լսումներ տեղի կունենան։



Հայտարարության տեքստն ընթերցելուց հետո Փաշինյանը հիշեցրեց, որ մինչև հիմա Մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները բացահայտված չեն, և նրանց սպանությունների արդյունքում զոհվածների հարազատներին փոխհատուցում չի տրվել։ Նա նաև նկատեց, որ ՀՀ իրավապահ մարմիններն անընդհատ խոստումներ են տալիս, որ միջոցներ կձեռնարկվեն և առաջիկայում մենք կունենանք արդյունքներ, սակայն այդ արդյուքնները չենք տեսնում։ Այստեղ նա մատնանշեց նիստին ներկա պատգամավորներից Գևորգ Կոտսանյանին՝ հիշեցնելով, որ նա էլ, երբ զբաղեցնում էր ՀՀ գխավոր դատախազի պաշտոնը, նմանատիպ խոստումներ է տվել, բայց դրանք մինչ օրս ի կատար չեն ածվել։



Փաշինյանն այնուհետև անդրադարձավ նախորդ տարիներին կայացած ընտրությունների արդյունքներին՝ հասնելով ընդհուպ 1996 թվական։ «Ինձ համար միանշանակ է, որ և՛ 2008 թվականի, և՛ 2012 թվականի, և՛ 2003 թվականի, և 1998 թվականի, և՛ 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են եղել, և գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իշխանության է եկել այդ կեղծված և արյունով հաստատված նախագահական ընտրությունների արդյունքում»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**