Ինչո՞ւ է Արփինե Հովահննիսյանը դեմ «ռեյտինգայինի» վերացմանը

Ինչո՞ւ է Արփինե Հովահննիսյանը դեմ «ռեյտինգայինի» վերացմանը
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվում է ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագիծը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխութուն անելու վերաբերյալ։ Դրանով պատգամավորներն առաջարկում են հրաժարվել, այսպես կոչված, «ռեյտինգային» ընտրակարգից։ Առաջարկին, սակայն, դեմ է իշխանությունը։ Այն նախ բացասական եզրակացություն ստացավ կառավարության կողմից, հիմա էլ ՀՀԿ-ական պատգամավորներն են դեմ արտահայտվում նման փոփոխությանը։



Մասնավորապես, նախագծի հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով իր առարկությունները փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, հիշեցրեց նախորդ ԱԺ-ում տեղի ուենցած «4+4+4+4» ֆորմատով քաղաքական քննարկումներն ու դրա արդյունքում կայացած կոնսենսուսը․ «Ես մի փաստարկ եմ ուզում բերել և ասել, թե ինչու եմ դեմ հիմա, էս փուլում էսպիսի փոփոխությանը։ Ոչ թե որ մոդելը լավն է, կամ արդարացրել է կամ չգիտեմ, և այլն, խոսքը վերաբերում է քաղաքական կոնսենսուսին և ուզում եմ հիշեցնել քաղաքական կոնսենսուսի մասին, քանի որ անձամբ եղել եմ էդ կոնսենսուսի ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը։ Այդ քաղաքական կոնսենսուսի արդյունքում որոշ պահանջներ ընդունվել են, որոշ պահանջներ՝ ոչ։ Սա մեր Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է եղել, և նույն ԲՀԿ-ն այն ժամանակ կողմ է քվեարկել այդ Ընտրական օրենսգրքին։ Հետո համոզվել են, իհարկե, որ դրա անհրաժեշտությունը չկա և այլն, բայց քանի որ սա եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունք և հետևանք, հետևաբար կարծում եմ, որ էստեղ նստել ընտրություններից չորս տարի առաջ ու խոսել էն մասին, որ դուք առաջարկեք, մեծամասնությունը համաձայնի, ճիշտ տարբերակ չէ»։



Շարունակելով հիմնավորել իր «դեմ» դիրքորոշումը այս առաջարկին՝ Արփինե Հովհաննիսյանը նորից շեշտը դրեց նախկինում կայացած կոնսենսուսի վրա․ «Ես իմ դեմ քվեարկությունը փորձում եմ հիմնավորել, որ մեծ քաղաքական կոնսենսուսով կայացված որոշումը մենք չենք կարող էսպես միանգամից փոխել։ Էստեղ անհրաժեշտ է կրկին քաղաքական քննարկումններ, դեբատներ և քաղաքական կոնսենսուսի կայացում»։



Անդրադառնալով ռեյտինգային համակարգով խորհրդարան անցած, բայց ԱԺ-ում ձայն չհանող, լռող պատգամավորներին, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահն ասաց․ «Լռող, թե խոսացող պատգամավորներ յուրաքանչյուր քաղաքական ուժում որոշում են պատգամավորներն իրենք։ Բայց ընտրական մոդելով դա պայմանավորելը, պարոն Զեյնալյան, իմ խորին համոզմամբ, ճիշտ չէ»։



Էդմոն Մարուքյանն էլ, ով այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր էր, նշեց, որ ինքը չգիտի մեկ այլ պատգամավոր կամ քաղաքական գործիչ, որ այդքան շատ խոսացած լինի այս ռեյտինգային ընտրակարգի դեմ, որքան ինքն է խոսել՝ մանրամասն, դետալներով։ Հետո ավելացրեց․ «Ինչի՞ մասին է ռեյտինգային ընտրակարգը։ Դա մի համակարգ է, որտեղ ոչ թե քաղաքական ուժերի բրենդներն են մրցակցում, այստեղ ոչ թե քաղաքական ուժերի գաղափարները, պլատֆորմներն են մրցակցում, այլ մրցակցում են տարածքներում ինչ-որ մարդիկ՝ ով ինչքան փող ուներ, ով ինչքան հնարավորություն ուներ մարդկանց դուրս հանելու մարդկանց տարբեր ահաբեկչական մեթոդներով, դա իրականացվեց»։



Մարուքյանը նաև հիշեցրեց, որ այն ժամանակ իրենք՝ ինքն ու Նիկոլ Փաշինյանը, այդ կոնսենսուսի մեջ չեն եղել և ի սկզբանե էլ դեմ են եղել այս ընտրական համակարգին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**