Ուկրաինայի գլխավոր զինդատախազը ներկայացրել է Դոնբասում ինքնասպանությունների տխուր վիճակագրությունը

Ուկրաինայի գլխավոր զինդատախազը ներկայացրել է Դոնբասում ինքնասպանությունների տխուր վիճակագրությունը
Դոնբասի ռազմական գործողությունների գոտում տեղակայված ուկրաինական ԶՈւ ստորաբաժանումներում ամեն շաբաթ ինքնասպանության 2-3 դեպք է արձանագրվում, «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը:



«Շատ տխուր է ինքնասպանությունների վիճակագրությունն այն մարդկանց շրջանում, որոնք արդեն երկար ժամանակ է, գտնվում են ռազմական գործողությունների գոտում: Շաբաթական միջին հաշվով` 2-3 մարդ»,- ասել է նա:



Մատիոսը նաև նշել է, որ այդ վիճակագրության մեջ ներառված չեն Դոնբասի մարտական գործողությունների վետերանների շրջանում արձանագրված ինքնասպանության դեպքերը:



«Խոսքը միայն նրանց մասին է, որոնք այս պահին գտնվում են ռազմական գործողությունների գոտում, իսկ ահա ճակատից զորացրվածների 80 տոկոսի մոտ հոգեբանական բնույթի տեղաշարժեր են նկատվել»,- հավելել է գլխավոր դատախազը:



Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Դոնբասի գործողությունների վետերանը ինքնաձիգից կրակել էր հարևանների տների վրա, ապա նռնակ նետել: Իրավապահներին հաջողվել էր ձերբակալել նախկին զինվորականին: